Փոքր բիզնեսը Հայաստանում փակվում է՝ չդիմանալով հարկային տեռորին

Փոքր բիզնեսի համար բարդ ժամանակներ են։ Թվում է, պետությունը պետք է ամեն ինչ անի՝ փոքրերին աջակցելու համար, որ նրանք խոշորանան, տնտեսությունն աճի եւ սրան զուգահեռ՝ աճեն բյուջեի եկամուտները։ Բայց մեզանում ճիշտ հակառակն է։ Փոքրին խեղդում են։ Վերջին 1-2 տարում գործողության մեջ դրված հարկերի ավելացումները բերել են նրան, որ փոքր բիզնեսը սնանկանում է, մեծ թվով ձեռնարկություններ են փակվում։ Էկոնոմիկայի նախարարությունը ուղիղ բիզնեսի կրճատման մասին տվյալներ չի հաղորդում, բայց ունի հետազոտություն, որի համաձայն՝ 2 տարում միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածները շուրջ 7 հազարով պակասել են։
Եկամտային հարկի բեռի կտրուկ բարձրացումը, շրջանառության հարկի կրկնակի բարձրացումը, միկրոձեռնարկությունների սպեցիֆիկ տեսակները (փաստաբան, նոտար, իրավաբան եւ այլն) հարկման ընդհանուր դաշտ տեղափոխելը բերում է նրան, որ փոքրերը վերանում են։ Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Մանուկյանը երեկ ՖԲ-ում հարցում էր արել, իր ընկերներին խնդրել էր նշել բիզնեսներ, որոնք հունվարից հետո փակվել են, եւ շատ արձագանքներ էր ստացել։ Հավանաբար, այսկերպ փորձել էր կառավարման մարմինների ուշադրությունը գրավել։ Մարդիկ նշել էին իրենց փողոցների խանութները, սննդի կետերը, իրենց բիզնեսին առնչվող ձեռնարկությունները, որոնք չկան, որոնք հունվարից հետո կամ վերջին ամիսներին են փակվել։ Ոմանց հետ մենք էլ զրուցեցինք։
Երեւանի բնակիչ Արաքս Խաչատրյանը նկատել է, որ իր տան մոտակայքում՝ Իսակովի փողոցում, «Նեպտուն» մարզահամալիրից քիչ հեռու երկու խանութ է փակվել։ «Մթերային խանութը, ոնց հասկացա, քիչ-քիչ դատարկում են, որ ապրանքը սպառեն, նոր փակեն։ Հագուստինմ արդեն փակել են»։ Համլետ Մելքումյանը գրում է, որ նախատեսում էր բացել բիզնես, «բայց արդեն շատ ռիսկային է դառնում հարկային տեռորի տակ ընկնելը»։ Դավիթ Ջամալյանն էլ՝ որ «փակել է ՀՀ-ում իր բոլոր բիզնեսներն ու տեղափոխվել արտերկիր», ինչպես շատերը։
Մարդիկ նշում են «Բարի սրճարանը», Kristobad հայկական կոշիկի բրենդը, «Նոյյան տապան» գրատունը, Թումանյան փողոցում գտնվող «Ֆորտունա» սրահը, «Հազար ու մի մանրուքը»՝ Լվովյան փողոցում, Վերնիսաժի հարեւանությամբ օֆիսները՝ Բյուզանդի փողոցի, բանջարեղենի վաճառքի կետեր։
Յաշա Սողոմոնյանը, որը տուրիստական բիզնեսով է զբաղվում, «Հրապարակին» ասաց՝ նկատել է, որ մարզերում, Սյունիքում հյուրատներ են փակվել։ «Խնդիրները շատ են, մի կողմից` զբոսաշրջային հոսքերն են պակասել, մյուս կողմից` հարկային, օրենսդրական եւ վարչարարական բեռն է ավելացել»,- ասում է նա։ Արփեն Սարեցը նույնպես տուրիզմի ոլորտում է աշխատում։ Ասում է, որ մինչեւ ակտիվ սեզոնը դադարեցրել է իր ԱՁ-ի գործունեությունը։ Հետաքրքրվեցինք, թե ինչու։ «Անիմաստ վճարներ չանելու համար։ Ամսական 10 հազար դրամ վճարում ես, անկախ նրանից՝ գործարք արվել է, թե ոչ։ 2 ԱՁ ունենք ընտանիքում, երկուսս էլ դադարեցրել ենք մեր գործունեությունը։ Մտածում ենք ԱՁ-ների փոխարեն մեկ ՍՊԸ բացել։ Այդպես ավելի հարմար է, քան 2 ԱՁ-ի հարկ վճարելը»,- ասում է գործարար կինը։
Գեւորգ Գասպարյանն էլ, որի ոլորտը նույնպես տուրիզմն է, թեեւ չի փակել իր ձեռնարկությունը, բայց նշում է, որ ձմեռային ամիսներին չի պահում աշխատողներ․ «Առաջ մինուսի էինք գնում, բայց մի կերպ պահում էինք, հիմա էլ չենք կարող ու դեռ չգիտենք, ինչ կլինի տուրիզմի հետ սենց ինֆլյացիայի պայմաններում»։
«Կոնկրետ իմ ոլորտում եթե անգամ ահռելի գումարներ ներդնես, էլի չես կարող վերաբացել, որովհետեւ օրենքներ ընդունեցին, որոնք շատ բացասաբար ազդեցին»,- նշում է Արման Մարգարյանը, որն արտաքին գովազդով զբաղվող ձեռնարկություն ուներ։
«Հրապարակի» համար նա պարզաբանում է, որ փոխել են գովազդում օգտագործվող ծավալային տառերի կոնկրետ չափերը։ «Սահմանել են մաքսիմումը 30 սմ, հանվել են «լայթ բոքսերը»՝ լուսային արկղերը, պլակատ բաներները, հատիկավոր տառեր են թույլատրում միայն ու ոչ ավելի, քան 30 սմ»։
Ծավալային տառերը նախկինում հաշվարկվում էին հետեւյալ կերպ՝ տառի մեկ սմ-ն արժեր 600 դրամ։ Շուկայում գները տարբեր են՝ 800-900 դրամ։ Արման Մարգարյանը պարզ թվաբանություն ներկայացրեց, որից հստակ երեւում է, որ արտաքին գովազդով զբաղվելն այլեւս ձեռնտու չէ։
«Երեւանում, օրինակ, եթե պատվիրում էին MARKET գրվածքը խանութի վրա, ապա նորմալ չափը 50-60 սմ-ն էր։ Դա էր նայվում եւ արժեր, ասենք, 50 սմ-ի հաշվարկով՝ 180 հազար դրամ։ Ամսվա մեջ մաքսիմում 5 գործ էր լինում նմանատիպ։ Մի շրջան, երբ օրենքը պետք է փոխվեր, մարդիկ էլ չէին պատվիրում, սպասում էին։ Ամսվա մեջ ունենում էինք 3 գործ։ Իսկ նոր օրենքով արդեն նույն MARKET-ի գինը կանգնում է 108 հազար։ Նախկինում 180 հազար անգամ 5, ամիսը լինում էր մոտ 900 հազար։ Հնարավոր էր ինչ-որ կերպ մնալ ջրի վրա, այն էլ՝ զոռով։ Հիմա 108,000×3 է, այսինքն՝ 324 հազար, այն դեպքում, երբ աշխատող ունես, հարկ ես տալիս, տարածքի վարձ եւ կոմունալ։ Չեմ խոսում տեղափոխման, սնվելու եւ այլնի մասին։ Արանքում կարող էր «լայթ բոքսերի» պատվեր լինել, մեկ-երկու հատ ավել պատվեր լիներ կամ այնպիսի իրավիճակ, որ մեկ ուրիշը, որն ունի պատվերներ, որ չի հասցնում, կարող էր տալ ինձ։ Հիմա նրանք էլ կա՛մ պարապ են, կա՛մ փակվել են։ Ես 2 ամիս աշխատեցի ու հասկացա, որ էլ հնարավոր չէ։ Հարկեր, կոմունալ, հումքի ձեռքբերում, արտադրական տարածքի վարձ, մի խոսքով՝ ուղղակի սկսեցինք իջնել ջրի հատակը»,- բացատրում է գործարարը՝ հորդորելով «երկրի հարցով» զբաղվել, որն էլ հիմա առաջնահերթն է։ «Կարծում եմ, բոլորիս համար պետք է ինչ-որ կերպ համախմբվել, լուծել մեր ու մեր երեխաների՝ վաղվա մեր երկրում արժանապատիվ ապրելու իրավունքի հարցը։ Մեր երկիրը, մեր հողը մեղկ են, արդեն հերիք է դավեր տեսնենք»։ Այսպիսի տխուր զրույցներ ունեցանք գործարարների հետ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում կառավարությունը չի կարողանա հարկերի բարձրացումից ակնկալվող լրացուցիչ գանձումները ստանալ։ Հիշեցնենք, որ հարկային բեռի ավելացման արդյունքում հաջորդ տարի կառավարությունը պատրաստվում է, ընդհանուր առմամբ, շուրջ 31 մլրդ դրամ լրացուցիչ հարկ գանձել, որը վճարելու է փոքր բիզնեսը։
Կարծիքներ