Ամեն ինչ գլխիվայր

Յուրօրինակ քաղաքականություն է որդեգրել գործող իշխանությունը` իրականությունը գլխիվայր շրջված, սեւը` սպիտակ, ձախողումները հաղթանակներ ներկայացնելու քաղաքականություն: Սահմանազատումը նրանց աչքին լուրջ ձեռքբերում է թվում, խաղաղության պայմանագիրը, որտեղ մի բառ իսկ չկա Արցախի մասին եւ Հայաստանի օգտին, կայունության ու անվտանգության երաշխիք: Մեր պատմությունն ու հիշողությունը ջնջում են, Արցախի հարցից ու միջազգային հայցերից հրաժարվում, որպեսզի պետություն ունենանք, իսկ գերիների մասին չեն խոսում, որպեսզի նրանք շուտ վերադառնան տուն: Չենք կռվելու, մեզնից գրաված հողերը չենք ազատագրելու, հրաման ենք տվել` կրակոցին կրակոցով չպատասխանել, բանակում միայն սպորտով ենք զբաղվելու ու մշակութային միջոցառումներով, սահմանին սահմանապահներն են կանգնելու, ոչ թե զինվորներ, եւ բազում նման անհեթեթություններ են հայտարարում այս իշխանությունները` չգիտակցելով, որ սա նշանակում է սահմանը բացել, սեփական ինքնիշխանությունից հրաժարվել եւ սոսկ ֆիզիկական գոյություն պահպանել` հանձնվելով թշնամու ողորմածությանը:
Բայց նման քաղաքականություն ոչ միայն արտաքին ճակատում են վարում, այլեւ՝ երկրի ներսում: Երեկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մի խումբ պաշտոնյաների հետ մասնակցում էր «Արդարադատությունը՝ որպես արդարության հասնելու գործիք» համաժողովին: Թվում է` ազնիվ նպատակ է, բայց 7 տարի շարունակ արդարադատությունը տրորած ու ոչնչացրած ՔՊ-ական իշխանությունն արդարության յուրօրինակ պատկերացումներ ունի: Արդարություն ասելով նա հասկանում է միայն իր քաղաքական հակառակորդներին դատելը, ունեզրկելը, իրեն չենթարկվող դատավորներին պաշտոնից զրկելը, յուրայինների հանցանքները պարտակելը եւ անմեղության կանխավարկածը դաժանաբար ոտնահարելը:
Կարծիքներ