Տակը փուչ է

Առաջին հայացքից կարող է թվալ` ահա, գտել ես մի հաջող, կայացած բիզնես, անխափան աշխատող մի ոլորտ կամ` համարձակ ու սկզբունքային մի մարդ, որը նվիրված, հետեւողականորեն եւ նպատակասլաց իր գործն է անում, կամ` մարդկանց մի խումբ, որը դեմոկրատական արժեքների կրող է, ինտելեկտուալ է, առաջադեմ: Բայց, ինչպես Վանոն էր ասում, մի փոքր քերում ես ու հայտնաբերում, որ տակը փուչ է, սնանկ, կեղծ, հորինված:
Մի ողջ համակարգի անխափան գործունեություն կարող է ֆիկցիա լինել` փիառի ու տարբեր ապօրինի արտոնությունների վրա հիմնված: Համարձակ ու սկզբունքային մարդը, պարզվում է, սկզբունքային է, քանի դեռ իր ոտքը չեն տրորել, եւ հանրային ու անձնական շահերը միմյանց չեն բախվել: Իսկ դեմոկրատ եւ առաջադեմ մարդը հոգու խորքում ռասիստ է, մերժում է իրեն ուղղված քննադատությունը եւ ազատ խոսքը հանդուրժում է այնքան, քանի դեռ այդ քննադատությունն ուղղված է իր հակառակորդներին: Եվ, ցավոք սրտի, սա միայն իշխանության տաքուկ կաբինետներում ծվարած անհայրենիք տարրերին չի վերաբերում, այլ՝ գրեթե բոլորին: Փորձեք որեւէ թթու խոսք ուղղել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրանց թիմերը կմոռանան հայրենիք ու Արցախ, ազատ խոսք ու հանդուրժողականություն եւ հուժկու հակահարված կհասցնեն ձեզ, որ համարձակվել եք իրենց կուռքի մասին ասել` աչքիդ վերեւում հոնք կա: Փորձեք քննադատել Դաշնակցությանը կամ Եկեղեցուն, միանգամից քեզ դարավոր թշնամի կհռչակեն եւ կգցեն իրենց սեւ ցուցակը: Եվ ամենակարեւորը` ես դեռ չեմ տեսել, որ որեւէ քննադատության ի պատասխան բարեկիրթ ու բովանդակային արձագանքներ հնչեն: Սուտ է, կեղծիք է, զրպարտություն է` ամենամեղմ բառերն են, վիրավորական պիտակների, անպարկեշտ արտահայտությունների մասին էլ չեմ խոսում:
Կարծիքներ