ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն առանց վիզայի այցելել ԵՄ

ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն առանց վիզայի այցելել ԵՄ

ԵՄ խորհրդի նիստում որոշում է կայացվել՝ սկսել երկխոսություն ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։ Այդ իրադարձությունը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անվանել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործընկերության խորացման կարեւոր հանգրվան։ Տեղի ունեցածը չի վրիպել ռուսական մեդիա-փորձագիտական համայնքի ուշադրությունից։ Քաղաքագետ, հայաստանյան իրադարձությունները պարբերաբար վերլուծող Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ հարցը չափազանց քաղաքականացված է, ինչը կարելի է հասկանալ նաեւ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունից։

ԵՄ-ի համար, ըստ Տարասովի, ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ ազատ այցելությունը երկրորդային հարց է։ Բրյուսելն արդեն մանրամասնել է, որ առանց վիզային ռեժիմ կհաստատվի այն ժամանակ, երբ Հայաստանը կհամապատասխանի որոշ չափանիշների, իսկ այդ գործընթացը կարող է տեւել մի քանի տարի։ ԵՄ-ի համար առավել կարեւոր է, որ Հայաստանը ներառվի ԵՄ-ի կողմից իրականացվող որոշ գործողություններում եւ նախագծերում, ինչից կարելի է հասկանալ, որ Բրյուսելի համար կարեւոր է, որ Հայաստանը վերջնականապես դուրս գա ռուսական ուղեծրից։

Տարասովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վիզայի ազատականացումը չի ենթադրում ԵՄ-ում աշխատանքի տեղավորման իրավունք։ Նա նշում է, որ ավելի վաղ նման պահանջներ դրվել են նաեւ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի առաջ։ Հետո դա վերածվել է տվյալ երկրի վրա հավելյալ ճնշման լծակի, որով տվյալ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը պետք է սկսեին համապատասխանեցնել ԵՄ քիմքին ու ճաշակին։ «Ամենաթարմ օրինակը Վրաստանինն է, երբ քաղաքացիների՝ ԵՄ առանց վիզայի այցելելու համաձայնագրի դադարեցման սպառնալիքներ հնչեցին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Նույն տրամաբանությամբ, Հայաստանը կարող էր հույս ունենալ, որ եվրոպական ներդրումների մեծ հոսք կսկսվի դեպի հայկական տնտեսություն, սակայն, չգիտես ինչու, օրակարգում միայն անվտանգային հարցերն են»,- գրում է Տարասովը: Նա խիստ ուշագրավ է համարում այն, որ ԵՄ-ն իր առաջին ֆինանսական հատկացումը Հայաստանին՝ ռազմական ոլորտում, 10 միլիոն եվրոյի չափով, կատարել է հենց այս ընթացքում։ Սա մեսիջ է, որ ԵՄ-ն սկսում է աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտին եւ ներկա է տարածաշրջանում։ Միաժամանակ նաեւ սա ազդակ է` ուղղված արտաքին աշխարհին, որ իր արտաքին եւ ներքին քաղաքական հարցերը որոշելու հարցում Հայաստանն այլեւս ինքնուրույն չի գործելու։ Փորձագետը կարծում է, որ սա կբերի Ռուսաստանի հետ լարվածության աճի։ Բացառված չէ, որ Երեւանը փորձի փոխել Գյումրիում ռուսական բազայի կարգավիճակը կամ պահանջի նվազեցնել բազայի անձնակազմը եւ այլն։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանն ըստ էության սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, ապա սա տրամաբանական շարունակությունը կարող է լինել։ Տարասովը կարծում է, որ խնդիրներ կառաջանան նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, եւ եզրակացնում է, որ Փաշինյանն արտաքին քաղաքականության ոլորտում վաբանկ է գնում։