Իմ ժամանակը

Իմ ժամանակը

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է


1991թ. օգոստոսյան կեսօր էր, երբ գրամեքենայով տպագրած ծավալուն հոդվածս՝ «Ժամանակը հիշողություն ունի» վերնագրով, տարա ժամանակի ամենահայտնի և ազդեցիկ թերթի՝ «Հայք»-ի խմբագրություն և հանձնեցի թերթի 1-ին գլխ. խմբագիր, լուսահոգի Սամվել Գևորգյանին, ապա վերադարձա ՀԽՍՀ ԳԱԱ հրատարակչություն՝ իմ աշխատավայրը: Հաջորդ օրը, ի մեծ զարմանս ինձ, մասամբ կրճատված հոդվածս՝ թերթի մեկ ամբողջ էջ ծավալով, տպագրվել էր «Հայք»-ում: Ղարաբաղյան Շարժման տարիներն էին, երբ իմ կյանքն անցնում էր Ակադեմիա-Օպերայի հրապարակ ճանապարհով, և աշխատանքից հետո, առանց տուն վերադառնալու, միանգամից հանրահավաքների էի գնում: Ահա այդ ճանապարհին, հոդվածս տպագրելուց որոշ ժամանակ անց, ՀՀՇ-ի կենտրոնական գրասենյակի շենքի մոտ, ինձ կանգնեցրեց Սամվել Գևորգյանը և առաջարկեց լրագրողական գործուղման մեկնել Մոսկվա:

Անսպասելիությունից բառ չկարողացա անգամ արտաբերել: Օրն ուրբաթ էր, և Մոսկվա պետք է մեկնեի հաջորդ օրը՝ Հայաստանի պատվիրակության հետ: «Զվարթնոց» օդանավակայանում, Մոսկվա մեկնելուց առաջ, ինձ տվեցին ձայնագրիչ, լրագրողի և Հայաստանի պատվիրակության անդամի վկայականներ: Հաջորդ շաբաթ, Կրեմլի համագումարների պալատում, մեկնարկելու էր ԽՍՀՄ համագումարը, որը դարձավ վերջինը Խորհրդային Միության համար: Այդպես ես հայտնվեցի համագումարների դահլիճում՝ Էդվարդ Շևարդնաձեի կողքին: Ես 27 տարեկան էի:
Համագումարի հենց առաջին իսկ օրը հասկացա, որ ես այստեղ կա՛մ լրագրող կդառնամ, կա՛մ երբեք չեմ դառնա: Առաջին օրը հետևեցի աշխատանքներին, մեծածավալ նշումներ արեցի, ողջ գիշեր կարդացի զեկուցումների սղագրությունները, և արդեն երկրորդ օրը, շրջապատված 40-50 բազմազգ պատվիրակներով, հարցազրույց վերցրեցի Ադրբեջանի Կենտկոմի նախկին 1-ին քարտուղար Վեզիրովից: Միխայիլ Գորբաչովին հարց տալու փորձս ձախողվեց, քանի որ թիկնապահներն արմունկներով հարվածեցին-հրեցին ինձ:
Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո Սամվել Գևորգյանն առաջարկեց թողնել Ակադեմիան և տեղափոխվել «Հայք»՝ աշխատելու: Այդպես սկսեց լրագրողի իմ կյանքը:
Լրագրություն ինձ ոչ ոք չի սովորեցրել, լրագրող դառնալն իմ մանկության երազանքը չէր: Դպրոցական շարադրություններս, որոնք հայոց լեզվի ուսուցչուհիներս կարդում էին ուսուցչանոցում և մյուս դասարաններում, ես առաջինը միշտ կարդում էի հորս համար: Հայրս կաթվածից մահացավ, երբ ես 9-րդ դասարանում էի, բայց ես շարունակում էի նրա համար մտովի կարդալ իմ գրածները:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ուսանելու տարիներին հաստատապես որոշել էի գրաքննադատ դառնալ: Թեպետ լրագրություն ինձ ոչ ոք չի սովորեցրել, և այն իմ մանկության երազանքը չէր, միաժամանակ լրագրողի, հրապարակախոսի, քաղաքացու իմ ուղենիշը, իմ պատանեկության և երիտասարդության տարիներին, եղել են Վարդգես Պետրոսյանի հոդվածները, հրապարակախոսությունը, արձակն ընդհանրապես:
Եվ թեպետ լրագրություն ոչ ոք չի սովորեցրել. իմ ամենամեծ ուսուցիչն ու ոգեշնչողը եղել է Ազատությունը: Ազատությունն ինձ միշտ տրվել է, կամ այն ես միշտ վերցրել եմ առանց անգամ քննարկելու:

Ես լրագրող էի, որ ուներ արժեքներ, սկզբունքներ, քաղաքական հայացքներ: Եվ թեպետ «Հայքի» խմբագրությունն ինձ համար նաև երկրորդ տուն է եղել, սակայն 1995թ. կեղծված ընտրություններից հետո դուրս եկա «Հայքից» և աշխատանքի անցա «Ազգ» թերթում: 1998թ. նախագահի ընտրություններից հետո, երբ «Ազգ»-ը իր մի հրապարակմամբ հայտարարեց, որ պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնի համար, հեռացա նաև «Ազգ»-ից:

Այս բոլոր երեսուն տարիներին հոդվածներս, բացի «Հայք», «Ազգ» թերթերից, տպագրվել են նաև հայաստանյան հայտնի այլ թերթերում՝ «Հայաստանի Հանրապետություն»-ում, «Այժմ»-ում, «Ամբիոն»-ում, «Առավոտ»-ում, «Հայկական ժամանակ»-ում, «Ժամանակ»-ում, «Հրապարակ»-ում, ինչպես նաև՝ սփյուռքահայ մամուլում:

Իմ քաղաքական հայացքները, սկզբունքները, հասարակական-քաղաքական արժեքները ձևավորվել են գորբաչովյան Վերակառուցման փոփոխություններով, ղարաբաղյան Շարժման գաղափարներով, մրցունակ և հզոր, ազատ, անկախ, արդար Հայաստանի ձգտումներով և երազանքներով: Այդ արժեքներն ու ձգտումներն իմ կյանքին քաղաքական իմաստ և կարևորագույն նշանակություն են հաղորդել՝ իմ անհանգիստ կյանքում, իմ օրերի հարահոսի մեջ, անկանգ իմ մտքերում և խորհրդածություններում՝ ձևավորելով իմ կենսագրության հետագիծը, որն անբաժան է իմ երկրի կենսագրությունից:

Ես ապրել եմ հարափոփոխ և տենդագին ժամանակներում, ականատեսն ու մասնակիցն եմ եղել պատմական իրադարձությունների, տեսել եմ համաշխարհային քաղաքականության, Հայաստանի նորագույն շրջանի պատմության առանցքային դեպքերը և դեմքերին: Ղարաբաղյան Շարժում, Հայաստանի անկախացում, Խորհրդային Միության փլուզում, անհավասար, բայց հաղթանակած ղարաբաղյան պատերազմ և անհաստատ, բայց թշնամուն պարտադրված խաղաղություն: Իմ երիտասարդությունն անցել է պատմաքաղաքական մեծ հեղաբեկումների մեջ: Ես եղել եմ առանցքային իրադարձությունների հարահոսում: Եվ ես իրականում հպարտ եմ իմ ժամանակով:
Վերջին երեսուն տարվա Հայաստանում ես տեսել եմ գրեթե ամեն ինչ՝ հասարակության և պետության վերելքն ու անկումը, նվաճումներն ու կորոստները, ոգեղնություն ու վհատությունը: Ես ժամանակակիցն եմ հասարակական-քաղաքական, աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների, և այդ ամենը քաղաքացու, լրագրողի, վերլուծաբանի, հրապարակախոսի իմ կյանքին հաղորդել է անցյալը, ներկան և ապագան ներկայացնելու, դիտարկելու, վերլուծելու, կանխատեսելու հնարավորություններ:

Իմ ապրած ժամանակներում Խորհդային Հայաստանն անկախացավ, Ղարաբաղն ազատագրվեց, փլուզվեց Բեռլինի պատը, Չաուշեսկուն գլխատվեց, Սադամ Հուսեյինը բանտարկվեց ու մահացավ, Միացյալ Նահագներում ընտրվեց առաջին սևամորթ նախագահը, համավարակը պատուհասեց-մեկուսացրեց ողջ աշխարհը:

Հետխորհրդային լրագրություն մտած լրագրողների իմ սերունդը եղել է ճանապարհ բացող, իսկ ճանապարհ բացողների գործը միշտ էլ դժվար է լինում: Լրագրողների իմ սերունդը կայացել է տենդագին և հարափոփոխ ժամանակներում՝ լինելով այդ ժամանակների վկան, ականատեսը, մասնակիցն ու ժամանակների կապը պահպանողը: Եվ իմ սերնդակից լրագրողների հետ ինձ կապում է ոչ միայն մասնագիտությունը, աշխատանքը, ընկերությունը, այլև ընդհանուր ճանապարհը:

Ես միշտ մտածել եմ, որ լրագրողները, հրապարակախոսները բոլոր ժամանակներում եղել և մնում են իրենց ժամանակի ճշմարտության որոնողները, իսկ ճշմարտություն որոնողների գործը միշտ բարդ է լինում: Չգիտեմ՝ գտե՞լ եմ ես, արդյո՞ք, ճշմարտությունը, թե ոչ, սակայն ես միշտ որոնել եմ այն և ձգտել եմ հասնել նրան:

Գուցե հետահայաց գցելով՝ անցյալի իմ հրապարակումներում ինչ-ինչ շտկումներ այսօր կուզենայի անել: Սակայն ժամանակը միշտ առաջ է շարժվում, և այն անհնար և անիմաստ է շտկել: Եվ ինչպես երեսուն տարի առաջ, այսօր էլ համոզված եմ, որ ժամանակը հիշողություն ունի: Այդ ժամանակն ու հիշողությունը ես հանձնել և հանձնում եմ Պատմությանը: Այդ ժամանակը ես միշտ հանձնել եմ նաև քեզ, սիրելի՛ ընթերցող, որտեղ էլ լինես, քանի տարեկան էլ լինես: Ես քեզ եմ հանձնել իմ ժամանակը, որը ես ընդունել եմ որպես ընծա, և որը միշտ անչափ թանկ է եղել ինձ համար և մնում է այդպիսին