Սա դառնալու է օրենք՝ ակադեմիան լուծարելու մասին

Սա դառնալու է օրենք՝ ակադեմիան լուծարելու մասին

Մամուլի ազգային ակումբում այսօր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկում էր կազմակերպվել՝ մասնագիտական շրջանակում դիտարկելով դրա հնարավոր հետեւանքներն ու վտանգները։

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բան. գիտ․ դոկտոր Յուրի Ավետիսյանը հետաքրքրվում է՝  ինչո՞ւ հրապարակ նետվեց բուհական կրթության մասին մի նախագիծ, որն այսքան տարակարծությունների առիթ է տալիս։ Ըստ նրա՝ դրա համար կարող է լինել 2 պատճառ․ «Սա կա՛մ միտումնավոր է արվում՝ ինչ- ինչ հանգամանքներից ելնելով, այդ թվում՝ քաղաքական, եւ 2-րդ՝ այս վիճակն ընդամենը թելադրվել է վարվող կրթական քաղաքականությամբ։ Մենք բուհերին վերապահում ենք ինքնավարություն, որեւէ պարտադրանք որեւէ առարկայի վերաբերյալ չենք ներկայացնում, թողնում ենք բուհերի հայեցողությանը․ նրանք պետք է որոշեն իրենց կրթական ծրագրերը։ Բայց եթե իսկապես տրվում է բավարար չափով ինքնավարություն, այդ դեպքում ինչո՞ւ է ի վերուստ ուղղորդվում հետեւյալ գաղափարը՝ որ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը ժամանակավրեպ են, որ դրանք խլում են մասնագիտական առարկաների ժամերը, եւ, հետեւաբար, բուհերը պետք է հակված լինեն այդ առարկաներն իրենց կրթական ծրագրից հանելուն»։

Ավետիսյանը տարակուսում է՝ հռչակում ենք բուհերի ինքնավարություն, բայց նախագծում գրեթե զրոյացված վիճակում է ինքնավարության իրավունքը․ «Կառավարման խորհուրդը ցանկության դեպքում ռեկտորին կարող է ընտրել 6+1 բանաձեւով եւ ընտրությունը վերածել նշանակման։ Ընտրված կամ նշանակված ռեկտորն իր հերթին նշանակում է ֆակուլտետի դեկաններին։ Ասենք՝ ԵՊՀ-ի ռեկտորը նշանակում է 20 դեկանների, չնայած որ գործող օրենքով նրանք ընտրվում էին։ Ընտրված դեկանը կազմակերպում է ամբիոնի վարիչների ընտրությունը։ Ովքեր ծանոթ են բուհական համակարգին, շատ լավ գիտեն, որ դեկանը բոլոր լիազորություններն ու հնարավորություններն ունի՝ հավաքելու իր շուրջը համախոհներին եւ կազմակերպելու ոչ թե ընտրություն, այլ ամբիոնի վարիչների նշանակում։ Ստացվում է՝ նշանակվում են ռեկտոր, դեկաններ, ամբիոնի վարիչներ։ Դեկաններն ու ամբիոնի վարիչներն իրար հետ ձեւավորում են բուհի գիտական խորհուրդը, որն էլ որոշում է կրթական ծրագրերը, այսինքն՝ հայագիտական առարկաների բախտը եւ բուհի կրթական գործունեությունը»։

Մեկ այլ հարց՝ նոր օրենքով ո՞վ կարող է լինել բուհի ռեկտոր․ «Հստակ նշվում է, որ բուհի ռեկտոր կարող է ընտրվել յուրաքանչյուր անձ, ով ունի գիտական աստիճան, մինչդեռ նախորդ օրենքով պարտադիր էր դոկտոր լինելը։ Այսինքն՝ նոր օրենքով կարող է լինել գիտությունների թեկնածու եւ ունենալ բուհում աշխատելու 5 տարվա փորձ»։

Յու․ Ավետիսյանը հարցի լուծման 2 տարբերակ է առաջարկում․ «Հաշվի առնելով հայոց լեզվի եւ հայոց պատմության բացառիկ դերը, նաեւ այն, որ հայոց լեզուն միջոց է, գործիք` մասնագիտությունը սովորելու համար, բացառության կարգով սահմանում ենք կետ մեր օրենքի նախագծում, որ այդ առարկաների պարտադիր ուսուցումն անհրաժեշտ է բուհերում։ 2-րդը իրավական լուծումն է․ մենք ունենք լեզվի մասին օրենք, որը հստակորեն սահմանում է, որ հայոց լեզվի ուսուցումը բուհերում պարտադիր է»։

Ինչ վերաբերում է դրսի փորձին, ապա ԱՊՀ բոլոր երկրներում դասավանդվում են ազգային լեզու եւ խոսքի մշակույթ։ Ավելին՝ 4 տարի առաջ խախտելով «Բուհական կրթության մասին» օրենքը,  ԵՊՀ-ի գիտխորհուրդը որոշում ընդունեց ԵՊՀ-ում հայոց լեզու եւ խոսքի մշակույթ դասավանդվելու մասին։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Նարինե Դիլբարյանի գնահատմամբ՝ այսօր բուհերում եւ դպրոցներում մենք խնդիր ունենք ժամանակակից հայոց լեզվի դասավանդման հարցում։ «Խոսքի որակն այսօր ՀՀ-ում բավարար չէ, այդ թվում՝ գիտական եւ պաշտոնական ոլորտներում։ Խնդիրը նաեւ սահմանդրական նորմի իրագործումն է։ Ըստ Սահմանադրության՝ հայոց լեզուն մեր պետական լեզուն է, ուստի մենք պետք է ապահովենք հայերենի գործառնությունը բարձր մակարդակով՝ պետական կառավարման ոլորտում, ինչպես նաեւ գիտության, կրթության ոլորտում։ Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ հայերենը դարձնել գիտական, պետական լեզու»։ Ավելին՝ Դիլբարյանն առաջարկում է, որ պետական պաշտոնյաները, ստանձնելով պետական պաշտոն, քննություն հանձնեն նաեւ հայերենից։  

«Ես կառաջարկեի նախարարությանը՝ մշակման ենթակա նախագծում այդ անհրաժեշտությունն ամրագրել, բայց դասավանդվի ոչ թե ընդհանրական հայոց լեզու, այլ՝ մասնագիտական հայերեն։ Այդ դեպքում, ես ձեզ վստահեցնում եմ,  կուղղենք հոնքը եւ չենք հանի աչքը»:

Բարեփոխման նպատակը կարող է լինել բարի, բայց թերի։ Իր խոսքում ընդգծում է Հր. Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր, պրոֆ. Վիկտոր Կատվալյանը։ «Այս նախագիծը կրթության մասին օրենք է, որտեղ իբրեւ սպասավոր ներկայացվում է նաեւ գիտությունը։ Սա շատ տարօրինակ մոտեցում է։ Պետք է լինեն առանձին օրենքներ գիտության եւ կրթության մասին, որովհետեւ այս օրենքում գիտությունը 2-3-րդական տեղում է գտնվում, գիտությունը գրեթե ոչնչացվում է, այն դիտվում է միայն բուհական համակարգի սպասավոր։ Սա դառնալու է օրենք՝ ակադեմիան լուծարելու մասին։ Իսկ ինչո՞ւ ենք լուծարում ակադեմիան, ինչո՞ւ ենք մեզնից օտարում մեր արժեքները։ Արդյոք օրենքի հեղինակները եղե՞լ են ակադեմիայում, տեսե՞լ են ինչ աշխատանքներ են կատարվում։ Ասում են՝ գիտությունը տանում ենք բուհ, իսկ բուհում գիտություն չկա՞։ Տանում եք, որ ի՞նչ անեք։ Արդյոք ակադմեմիական հանրությանը հարցրե՞լ են՝ դուք ցանկանո՞ւմ եք, որ այսպես լինի, առանց հարցնելու ինչպե՞ս կարելի է օրենքի մի կետով լուծարել ամբողջ մի ակադեմիա»,- ասում է Կատվալյանն ու հավելում, որ առանց մայրենի լեզվի փայլուն իմացության, մասնագետը չի կարող լիարժեք մասնագետ դառնալ, քանի որ ցանկացած մասնագետ պետք է նախ լիարժեք տիրապետի մասնագիտական հայոց լեզվին։     
         
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, իր խոսքում անդրադառնալով մյուս բանախոսներին, փորձեց հանգստացնել նրանց՝ ասելով, թե օրինագիծը դեռ «նետված չէ հրապարակ», երբ լայն քննարկման դրվի, դրանից հետո հասարակությունը կկարողանա ծանոթանալ իրական նախագծին։

Կարաբեկյանը կիսում է իր գործընկերների մտավախությունը, բայց վստահ է, որ դա փարատվելու է․ «Եթե օրենքի պահանջ չէ, ինչո՞ւ պետք է բուհերը հանեն հայոց լեզուն եւ չդասավանդեն»։ Կարո՞ղ են նոր օրինագծի մեջ հղում անել, որ հայոց լեզվի պարագայում գործում է «Լեզվի մասին» օրենքը, ինչին ի պատասխան՝ Կարաբեկյանն ասաց, որ դա պետք է իրավաբանները որոշեն։

Նա կարծում է, որ առաջարկվող բարեփոխումներով հնարավոր է գալ կոնսենսուսի։ Ինչ վերաբերում է հայագիտական առարկաներին, ապա Կարաբեկյանը հիշեցնում է նաեւ «Հայ գրականություն» առարկայի մասին եւ նկատում, որ անթույլատրելի են «հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկաներն իրար կողքի դնելն ու դասավանդելը։