Սյունիքի մարզպետը շրջայցեր է անում` Սիսիանում ընտրություններից առաջ հարցեր է լուծում

Սյունիքի մարզպետը շրջայցեր է անում` Սիսիանում ընտրություններից առաջ հարցեր է լուծում

Մարտի 26-ին Սիսիանում ՏԻՄ ընտրություններ են: Հայտ է ներկայացրել 3 ուժ՝ Քաղպայմանագիրը, «Քաղաքացու որոշումը» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Զրուցել ենք «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Ավագ Ասատրյանի հետ:

- 2022-ի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում որևէ ուժ չկարողացավ 50+1 տոկոս ձայն հավաքել, ինչի հետեւանքով Սիսիանում այդպես էլ իշխանություն չձեւավորվեց: Մարտի 26-ին Սիսիանում նոր ընտրություններ են կայանալու: Ընդդիմադիրները բավականին պասիվ են, օրինակ, «Ապրելու երկիրը» որոշեց չմասնակցել ընտրություններին: Մասնակցում է միայն ՀՀԿ-ն: Ինչո՞ւ են ընդդիմադիրները Սիսիանում պասիվացել:

- Ես այդ հարցին չեմ կարող հստակ պատասխանել, սակայն կոնկրետ մեր որոշումն այս ընտրություններին մասնակցելու, կապված է ներկա իրավիճակի հետ, քանի որ համայնքում հասարակության տրամադրվածությունը նախկին-ներկա տրամաբանության մեջ է, վերջին պահին կայացրինք որոշում, որ գոնե համայնքը կարողանանք այս վիճակից հանել: Որևէ ուժի հետ խնդիր չունենք, անձնական տիրույթում ոչ մի խնդիր լինել չի կարող, պարզապես մենք դժգոհ ենք Սիսիանի քաղաքային իշխանության անգործությունից, մեր կարծիքով հնարավորություններն ու ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում, ինչը համայնքը տանում է կործանման: Կարելի է ասել՝ Սիսիանն այս պահին շատ վատ դրության մեջ է, կապված թե սահմանային իրավիճակի, և թե տնտեսական վիճակի հետ: Այս պարագայում չկազմակերպված լինելն ու ռեսուրսները ոչ ճիշտ օգտագործելը կործանարար են:

- Նշում եք սահմանային իրավիճակի մասին: Ի՞նչ կարող է անել համայնքային իշխանությունն այդ ուղղությամբ:

- Համայնքային իշխանությունները, մեր թիմի կարծիքով` պատասխանատու են համայնքային կազմակերպչական հարցերի համար: Այս պահին կա խնդիր, երբ լավ մասնագետների են աշխատանքից հեռացնում, նրանց փոխարեն գալիս են անհամապատասխան մարդիկ, ինչի պատճառով առաջանում են տարաձայնություններ: Մենք առաջարկում ենք նախկին-ներկա տրամաբանությունից դուրս գալ և փորձել ի շահ համայնքի գործ անել:

- Ի՞նչ մասնագետների են հեռացնում աշխատանքից:

- Եկեք կոնկրետ անուններ չտամ:

- Այսինքն, Սիսիանում կադրային ջա՞րդ է իրականացվում:

- Չէի ասի կադրային ջարդ, սակայն իրականացվում են նման գործողություններ: Մենք առհասարակ դժգոհ ենք ամեն ինչից: Այս մարդիկ կառավարության հետ նույն թիմում են, սակայն մենք համոզված ենք, որ եթե մենք դառնանք համայնքային իշխանություն, կարող ենք ավելի էֆեկտիվ օգտագործել կառավարության հետ համագործակցությունը, քան իրենք, որ հենց այդ թիմում են:

- Ակնարկում եք, որ ոչ ներկաների հետ եք, ոչ նախկինների: Այդ դեպքում ի՞նչ համագործակցություն իշխանության հետ:

- Կարող եք ճշտել, դա բոլորը գիտեն, մեր թիմում ներգրավված են մարդիկ, որոնք ամբողջ իրենց կյանքը նվիրել են աշխատանքին, պրոֆեսիոնալ են և որևէ կերպ կապ չունեն նախկին-ներկա տրամաբանության հետ:

- Ի՞նչ եք կարծում, այս ընտրություններին 50+1 տոկոս ձայն ո՞վ կարող է հավաքել:

- Ցանկացած քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին, իմ կարծիքով` պետք է հաղթանակի տրամադրված լինի: Այդ առումով մենք ամեն ինչ անելու ենք, իսկ մնացած ուժերի մասին չեմ կարող խոսել:

- Ե՞րբ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:

- Ճիշտն ասած՝ դեռևս օր չգիտենք: Այժմ կազմակերպչական հարցերով ենք զբաղված, երբ հանդիպումը սկսվի, կշրջենք բոլոր գյուղական համայնքներով, կշփվենք մարդկանց հետ, կփորձենք հասկանալ մարդկանց հուզող խնդիրներն ու այդ խնդիրներին տալ լուծումներ:

- Իշխանական թեկնածուի կողմից վարչական լծակների կիրառում կամ նման այլ անօրինական գործողություններ նկատո՞ւմ եք:

- Կոնկրետ փաստացի տվյալներ չունեմ: Այս մասով մի բան կարող եմ ասել. վերջին շրջանում մեր մարզպետը գյուղական բնակավայրերում շրջայցեր է կատարում, որոշ հարցերի փորձում է տալ լուծումներ, այս պահին մենք տեղեկություն ունենք, որ դա ընտրողների կողմից ընկալվում է որպես խոստում, որպեսզի մարդիկ ընտրեն իշխանական թեկնածուին: Ուզում եմ բոլորը գիտակցեն, որ մեր ընտրվելու դեպքում, պատրաստակամ ենք լինելու համագործակցել բոլորի հետ: