Ռուսները կրկին ռմբակոծել են Խարկովը. երեխա է զոհվել

Հոկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ռուսական զորքերը կառավարվող ավիառումբ են նետել Խարկովի Սալտովսկի շրջանի վրա։ Վնասվել է բնակելի բազմաբնակարան շենք, որի երկու հարկերը ավերվել են:
Հոկտեմբերի 31-ի առավոտվա դրությամբ տուժել է 34 մարդ, հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով, հարձակման հետևանքով 12-ամյա տղա է զոհվել:
Փրկարարները կարողացել են փլատակների տակից դուրս բերել ծանր վիրավորված երեխային, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Փլատակների տակ հայտնաբերվել են ևս մեկ մահացածի մարմնի բեկորներ, նրա ինքնությունը դեռևս պարզված չէ.
Ավիահարվածի հետեւանքով փլուզված տան տեղում աշխատանքները շարունակվում են։ Փլատակների տակ, Սինեգուբովի խոսքով, 15-ամյա դեռահաս կա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել Խարկովի վրա ավիահարվածի վայրից՝ կոչ անելով դաշնակիցներին չհետաձգել օգնության վերաբերյալ որոշումները։
«Այս պայմաններում նրանց յուրաքանչյուր հետաձգված որոշում նշանակում է առնվազն տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր նման ռուսական ռումբեր Ուկրաինայի դեմ։ Նրանց որոշումները մեր ժողովրդի կյանքն են։ Ուստի մենք միասին պետք է կանգնեցնենք Ռուսաստանին և դա անենք բոլոր հնարավոր ուժերով»,- գրել է նա։
Կարծիքներ