Մայրս մահացել է այդ աշխատակիցների անփութության պատճառով
Ուղիղ մեկ ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ նոյեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: 68-ամյա կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել և մահացել: Մեզ պատմել էին, որ կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է գնացել հետազոտվելու, հետազոտությունից հետո ծարավ է եղել եւ ջուր է խնդրել, ապա շփոթմունքի, թե ինչ որ մեկի անփութության պատճառով` ինչ որ շշից խմել է, որի մեջ պարզվել է, որ սարքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկ է եւ հենց հիվանդանոցում մահացել: Կնոջ ընտանիքը կատարվածից շոկի մեջ էր: Կնոջ հարազատները բուժաշխատողներին էին մեղադրում, որ անուշադրության են մատնել հիվանդ կնոջը, սակայն «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից պնդում էին, որ մահացած կինն իր ազգականի ներկայությամբ է խմել ջուրը` հարազատը պետք է ուշադիր լիներ: Հիվանդանոցից մեզ պատասխանել էին.
«Նոյեմբերի 8-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 68-ամյա պացիենտը, ով տևական ժամանակ է՝ բուժումներ էր ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում՝ հարազատի ներկայությամբ ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութից է խմել։ Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բաժակ համապատասխան սարքից և սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել և խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից: Նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է։ Դեպքով զբաղվում են իրավապահները»ասել էին ինստիտուտի հանրային կապերի բաժնից:
Մեր հրապարակումից ուղիղ մեկ ամիս անց մահացածի դուստրը զանգահարել էր «Հրապարակ»-ի խմբագրություն և պնդում էր, որ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի հանրային կապերի բաժնից իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են մեզ փոխանցել. «Ուզում եմ պատմել իրականությունը. Մայրս մահացել է հենց աշխատակիցների անփութության պատճառով, այլ ոչ թե մեր ներկայության: Մայրս անգամ չի հասցրել հետազոտվի: Բայց յուրաքանչյուր գիտակից մարդ, ով գոնե մեկ անգամ հետազոտվել է, գիտի, որ հետազոտման սենյակ հարազատին չեն թողնում, միայն հիվանդն իրավունք ունի մտնել այնտեղ և աշխատակիցները: Ասում են` մայրս ախտահանիչ նյութ է խմել, ստում են` շշի մեջ ֆորմալին է եղել, այլ ոչ թե սովորական ախտահանիչ: Ի՞նչ գործ ունի ֆորմալինը, հիվանդանոցի Համակարգչային տոմոգրաֆիայի (KT)-ի սենյակում, ջրի կողքին դրված, որ հիվանդն էլ շփոթվի ու ջրի փոխարեն խմի: Նման մանրամասնություններ կան, որոնց մասին չեն նշել:
Բավականին երկար ժամանակ մայրս բուժում է ստացել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում, վիրահատվել է, բուժումներ ստացել: Ես շատ շնորհակալ եմ բժիշկներին. Ափոյան Արսենին, քիմիոթերապիա ստացել է Ավագյան Արմենի մոտ, ումից ևս շատ շնորհակալ եմ, բժշկուհի Անժելայից նույնպես շնորհակալ եմ: Ես ուզում եմ նշել, որ այդ մարդիկ բարեխիղճ իրենց աշխատանքը կատարել են, մայրիկիս կյանքը երկարացրել էին, իմ դժգոհությունն այլ բաժանմունքի հետ է: Բժիշկ Ավագյանը նշել էր, որ մայրս դրական արդյունքներ է գրանցել վերջին հետազոտությունից հետո: Վերջին` 6-րդ քիմիայից հետո մեզ ուղարկեցին հետազոտման, այնտեղ մի աշխատակից կար, որի անունն այդպես էլ ոչ մեկը ինձ չասեց, նրան թաքցնում են ինձանից: Մայրս մտնում է Համակարգչային տոմոգրաֆիայի (KT)-ի, որոշ ճշտումներ կատարելուց հետո աշխատակիցը մեզ հրավիրում է նախասրահ, իսկ մայրիկիս տանում է ներս, որպեսզի նա հեղուկ օգտագործի, իբրև պարտադիր է հետազոտությունից առաջ, մայրս տեսնելով ջրի նման հեղուկ, խմում է, ուղիղ 15 րոպե անց մորս սիրտը կանգ է առնում: Ի դեպ` շշի վրա ոչ մի բան գրված չի եղել, ես չեմ տեսել ոչինչ: Իմ մայրը գիտակից կին էր, ընդամենը չարորակ ուռուցք ուներ: Նոյեմբերի 8-ին Համակարգչային տոմոգրաֆիայի (KT)-ի բաժնի բոլոր աշխատակիցներին ես մեղադրում եմ: Քրեական գործ է հարուցվել, փորձում են ինչ-որ ձևով կոծկել գործը, բայց չի ստացվելու: Ինձ խաբում էին, թե վերականգնել են մորս առողջական վիճակը, այնինչ մահացավ»,- նշեց մեր զրուցակիցը:
Կարծիքներ