Եթե մեկ անգամ խախտել են, չեմ կարծում, որ անընդհատ պետք է անեն

Եթե մեկ անգամ խախտել են, չեմ կարծում, որ անընդհատ պետք է անեն

Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որով քրեական գործեր քննող դատավորների համար 2 նոր մասնագիտացում է կիրառվելու՝ միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող դատավորներ։ Դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում, ԲԴԽ-ի կողմից ընտրվելու եւ ուսուցանվելու են, ապա նշանակվեն։ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը, անդրադառնալով մասնագիտացված դատավորների թեմային, նշեց․ «Ես կարծում եմ, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելը ժամանակակից աշխարհում դատական իշխանության զարգացման կարեւորագույն ուղղություններից է, քանի որ այն ապահովում է քննվող գործերի առավել արդյունավետ լուծում։ Բացի դրանից, այս նախագիծը կարեւոր այլ հանգամանք էլ ունի՝ փաստացի ավելացվում է դատավորների քանակը, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում դրական քայլ է»։

- Բայց դատավորների պաշտոնների թափուր շատ տեղեր կան, ումո՞վ են համալրելու այդ մասնագիտացված դատարանները։

- Նախ, առաջինը՝ նշված նախագիծը, այսպես ասած, ներսի դատավորներին հնարավորություն է ընձեռում նոր մասնագիտացումում տեղ գրավել, իսկ եթե մենք խոսում ենք նոր հաստիքներ ավելացնելու մասին, ամեն դեպքում, պետք է նոր դատավորներ կարողանանք ներգրավել դատական համակարգ։ Եվ իրոք, այո, այդ խնդիրը կա, մենք այդ թեկնածուների մրցույթներ ենք հայտարարում, եւ անբավարար քանակով ու որակով դիմողներ են լինում։ Խնդիրն այստեղ ավելի խորքային է։ Ես կարծում եմ, որ մենք լրջորեն պետք է վերանայենք դատավորների սոցիալական-նյութական ապահովվածության երաշխիքները, որպեսզի մեր որակյալ իրավաբանների համար գրավիչ դարձնենք այս աշխատանքը։

- Իսկ այն, որ իշխանությունն անընդհատ ոչ հաճելի որակումներ է տալիս համակարգին, դա չի՞ խանգարում, որ մարդիկ չցանկանան այդ գործով զբաղվել։

- Հասարակական հնչեղություն ունեցող գործընթացների կիզակետում հայտնվելը գուցե կարող է այս համալրման գործընթացի վրա որոշակի ազդեցություն ունենալ, բայց, իմ համոզմամբ, հիմնական խնդիրը նա է, որ համեմատած աշխատանքի ծավալին եւ պատասխանատվությանը, դատավորները ոչ համարժեք վարձատրություն են ստանում, եւ արդյունքում ունենում ենք այն, որ որակյալ իրավաբանները չեն ցանկանում գալ եւ դառնալ դատավոր։

- Վերադառնալով մասնագիտացված դատավորների թեմային․ քաղաքական մոտիվացիա չե՞ք տեսնում։

- Ես՝ որպես ապաքաղաքական մարմնի ներկայացուցիչ, նման կարծիքների կամ գնահատականների վերաբերյալ մեկնաբանություն չէի տա, ուղղակի կնշեմ, որ, ամեն դեպքում, լինեն եղած դատավորներ, արդեն աշխատող դատավորներ, թե, ասենք, նոր ներգրավվող մասնագետներ, նրանց բոլորի վերաբերյալ որոշում է կայացնելու Բարձրագույն դատական խորհուրդը, ուստիեւ ես չեմ տեսնում որեւէ հնարավորություն քաղաքական իշխանությունների կողմից այս գործընթացի վրա ազդելու համար։

- Նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր, որ կարգապահական վարույթներով ԲԴԽ-ն խիստ կարգապահական որոշումներ չի կայացնում։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

- ԲԴԽ-ն հանդիսանում է կոլեգիալ մարմին։ Համապատասխանաբար յուրաքանչյուր որոշում հանդիսանում է ԲԴԽ-ում առկա տարբեր դիրքորոշումների հանրագումար, իսկ որոշ դեպքերում էլ՝ նույնիսկ փոխզիջում։ Ինչ-որ որոշումներ են եղել, որ ես էլ անձամբ չեմ կիսել, իսկ, ընդհանուր առմամբ, ԲԴԽ-ն՝ որպես կոլեկտիվ մարմին, գործում է, աշխատում է, եւ, այո, եղել են դեպքեր, երբ կարգապահական վարույթներով դատավորները ենթարկվել են պատասխանատվության, եղել են դեպքեր, երբ դա տեղի չի ունեցել։ Ընդհանուր առմամբ՝ ես գտնում եմ, որ դա բնական գործընթաց է։

- Դուք իրավաբան-գիտնական անդամ եք, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրվելու հետ կապված ի՞նչ կասեք, մասնավորապես՝ տարիքային սահմանափակման։

- Խնդիրն օրենքի տարբեր դրույթների համապատասխան մեկնաբանության հարց է, ընդհանուր սկզբունքը, որն առկա է՝ նորմատիվ ակտերը մեկնաբանում է այն մարմինը, որը կիրառում է, այս դեպքում՝ ԱԺ-ն։

- Հստակեցնենք՝ նա կարո՞ղ է ընտրվել ԲԴԽ անդամ, թե՞ ոչ։

- Այս խնդիրը ԲԴԽ-ի իրավասության մեջ չի մտնում, իսկ ես այս դեպքում հանդիսանում եմ ԲԴԽ անդամ։

ՀԳ․ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ միայն Գ․ Ջհանգիրյանի ընտրվելուն՝ ասելով, թե դատավորների համար հատուկ կարգ կա սահմանված․ «Եթե մեկ անգամ այդ խախտումը գնացել է, չեմ կարծում, որ անընդհատ պետք է գնա (խոսքը Գագիկ Հարությունյանի մասին է)։ Երեւի թե ԲԴԽ անդամի համար էլ պետք է սահմանափակում լինի։ Քննարկումներին հետեւելով եմ ասում, որ ցանկացած մարմնում պետք չէ տարբերակում դնել․ չի կարելի ունենալ՝ այս կարգի անդամ եւ այն կարգի անդամ։ Եթե կան որոշակի պահանջներ, դա պետք է լինի բոլորի նկատմամբ։ Սահմանադրության եւ մեկնաբանման խնդիր է։ Չի կարելի միանշանակ ասել»։