Նախկին պրոռեկտորի հարսը, չնայած մրցույթի արդյունքներին, կշարունակի աշխատել 

Նախկին պրոռեկտորի հարսը, չնայած մրցույթի արդյունքներին, կշարունակի աշխատել 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ իրավիճակը չի հանդարտվում։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, ներկայումս խորհրդական Պարույր Քալանթարյանի հարսը՝ ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս Թեհմինե Ստեփանյանը, չի հաղթահարել նոր մտցված որակավորման կանոնակարգով անցկացվող մրցույթը, սակայն սեպտեմբերից շարունակելու է դասավանդել համալսարանում՝ 1.25 դրույքաչափով։ Այս հանգամանքը վրդովվեցրել է մրցույթը չանցած և ռեկտորի դեմ բողոքող մյուս դասախոսներին։ ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը չհերքեց մեր լուրը՝ ասելով, որ ամբողջովին հնարավոր է դասախոսը շարունակի սեպտեմբերից դասավանդել, նա այդ հանգամանքը բացատրեց հետևյալ կերպ․

«Ես վերջնական տեղեկություն չունեմ այդ մասին, սակայն կա մեխանիզմ, որով հնարավոր է։ Մրցույթի արդյունքում առկա են թափուր մնացած դասաժամեր, որոնք այդ կանոնակարգի համաձայն կարող են բաշխվել ինչպես մրցույթին չմասնակցած, այդպես էլ մրցույթը միավորների նվազագույն պակասով չհաղթահարած հավակնորդների միջև՝ հաշվի առնելով ուսանողական հարցումների արդյունքները։ Այսինքն՝  հնարավոր է, որ մի շարք չանցած դասախոսներ ժամեր ստանան։

Մեզ իսկապես չի հետաքրքրում, թե ում հարազատն է։ Տրամաբանական էլ չէ, հակառակ պարագայում պարզապես կանցներ։ Ես գիտեմ, որ բավականաչափ թափուր ժամեր կան իրենց ամբիոնում, սակայն 1.25 դրույքը հաստատ սխալ է, 0.75-ից ավել չի կարող լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանը։