Փոխքաղաքապետի քենին պատասխանատվության է ենթարկվել

Փոխքաղաքապետի քենին պատասխանատվության է ենթարկվել

Երեւանի թիվ 85 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ավետիսյանը բանավոր նկատողություն  է ստացել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխանատվության  է ենթարկել մանկապարեզի ԺՊ-ին՝ քաղաքական բնույթի գրառում անելու համար։

Վարչական շրջանի ղեկավարը մանրամասնեց, թե բանավոր նկատողության մեջ ինչ է ասվել․ «Ասվել է, որ այլեւս նման դեպք կրկնվելու դեպքում, հնարավոր է իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծենք, նույնիսկ նման գրառման համար, որովհետեւ որպես մանկապարտեզի ղեկավար, երեխաների հետ աշխատող մարդ, նման գրառումն իր կողմից մեր համար բավականին խիստ է դիրտարկվում»։

Հարցին, որ Լիլիթ Ավետիսյանը Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի քենին է, ինքն էլ  իր հերթին ազգակցական կապեր ունի փոխքաղաքապետի հետ, ստացվում է, որ ԺՊ-ն եւ վարչական շրջանի ղեկավարը ընդհանուր կապեր ունեն, դա ինչ-որ գործոն հանդիսացե՞լ է տնօրենի պաշտոնակատար նշանակելու հարցում, պատասխանեց․ «Լիլիթին աշխատանքի ես  եմ ընդունել, ում ճանաչում եմ կուսակցական թիմից։ Փոխքաղաքապետի ազդեցություն չկա նրա աշխատանքի ընդունման մեջ»։

Նա նաեւ չցանկացավ ասել, թե փոխքաղաքապետի հետ ինչպիսի ազգակցական կապեր ունի․ «Ազգակցական-բարեկամական կապ կա։ Եթե ուշադիր եք, ապա նույն ազգանունը չենք կրում։ Իմ թաղապետ լինելու մեջ նա ընդհանրապես կապ չի ունեցել»։

Նշենք, որ Լիլիթ Ավետիսյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ «Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է»՝ կից հրապարակելով ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի ծեծկռտուքից մի լուսանկար։  Նրա այս քայլը քննադատության էր արժանացել։

Մանկապարտեզի պաշտոնակատարը այդ ժամանակ փակել էր ՖԲ էջի իր հաշիվը, իսկ այժմ նա արդեն վերադարձել է սոցկայք։