Թուրքական ռումբ` Հայաստանի տակ

Թուրքական ռումբ` Հայաստանի տակ

Իսկ հիմա առանց էմոցիաների և միայն փաստերով Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ տագնապալի (մեղմ ասած) իրավիճակի մասին։ Եվ այսպես ...ԱՄՆ - ն և Եվրոպան կտրուկ ակտիվացրել են իրենց դիվանագիտական և քաղաքական գործիքները Հայաստանի ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ «համոզեն, մղեն, ստիպեն» հայկական իշխանություններին «խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «Ադրբեջանը հրաժարվել է «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակից(այսինքն ՝ այն տարբերակից, որտեղ Արցախը չի անցնում Ադրբեջանի իրավասության ներքո): Այսինքն, ստացվում է, որ եթե ընթանում է «խաղաղության պայմանագրի» քննարկում (իսկ այն շատ ինտենսիվ է ընթանում), ապա տրամաբանական է ենթադրել, որ բանակցություններն ընթանում են ամերիկյան ու եվրոպական մոդելի համաձայն (Պրահան ու Մյունխենը դրա հաստատումն են), ապա ստացվում է, որ քննարկվում է Արցախի «մեղմ» ոչնչացման տարբերակը և առնվազն «թուրքական ռումբ» է դրվում արդեն Հայաստանի ֆիզիկական գոյության տակ։

Ինչու°. Մի պարզ պատճառով, պայմանական Արևմուտքը հայ-ադրբեջանական հակամարտությունը դիտարկում է բացառապես Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դիրքերի չեզոքացման կամ թուլացման համատեքստում, իսկ արդյոք ֆիզիկապես կպահպանվի՞ Հայաստանը և ինչ կլինի Արցախի հետ, «խաղաղության պայմանագրի» ներկայիս տարբերակի արևմտյան հեղինակները բացարձակապես թքած ունեն։ Գումարած իրանական գործոնը, այսինքն ՝ հակաիրանական կոալիցիան (Իսրայել, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան և մասամբ Եվրոպա), չափազանց կարևոր է Իրանին զրկել Հայաստանը մասնատելու Ադրբեջանի փորձերը կանխելու/միջամտելու քայլերից: Ամփոփելով արձանագրենք, որ այժմ բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որն, ըստ էության, ոչ թե պարզապես Հայաստանի վերջնական և անդառնալի կապիտուլյացիա է, այլ փաստացի Հայաստանի՝ որպես էթնո-քաղաքական միավորի կամավոր ինքնասպանության և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի ոչնչացումը լեգիտիմացնելու համաձայնություն։ Եվ եթե առաջիկա օրերին լսենք ,որ Փաշինյան-Բլինքեն-Ալիև կամ Փաշինյան-Ժան Միշել-Ալիև ձևաչափով հրատապ հանդիպում է նախապատրաստվում ,ապա իմացեք , որ հայերի ֆիզիկական գոյության համար Х ժամի գալուստը մոտ է, քան երբևէ:

Արման Աբովյան