Նա երկու վախի արանքում է, մեկն իր աթոռի համար է, մյուսն՝ իրեն թելադրողների

Նա երկու վախի արանքում է, մեկն իր աթոռի համար է, մյուսն՝ իրեն թելադրողների

«Հրապարակի» հարցերին պատասխանում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

- Տիկին Նալչաջյան, մի քանի օր առաջ Ապարանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան՝ քաղաքացիները սպանվել էին Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար: Նմանօրինակ դեպքերը մեր իրականության մեջ ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում հասարակության վրա:

- Մենք փաստորեն աստիճանաբար սկսեցինք ապրել մի երկրում, որտեղ դադարում են գործել օրենքները: Ամենուր կամայականություն է, սահմաններ չկան: Հասարակությունն այնքան է պառակտված այսօր, որ ձևավորվել է թշնամիների և յուրայինների ճամբար, սևեր ու սպիտակներ: Ներքին պառակտումը շատ խորն է այսօր: Կա անսահման անհանդուրժողականություն, մենք գիտենք, որ մեր կյանքն այս իմաստով որքան է փոխվել, անգամ ընտանիքներում, հարազատների միջև հարաբերություններում և այլն: Մարդիկ թշնամացել են իրար հետ, մեկը մյուսի հանդեպ ատելությամբ է լցվել, որովհետև այս սևերի ու սպիտակների բաժանումը թունավորում է մարդկանց: Անպատժելիության այս մթնոլորտն էլ իր հերթին է նպաստում այս իրավիճակին: Ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ, մենք տեսնում ենք, որ ամեն քայլափոխի ոտնահարվում են օրենքները, կարծես, ապրում ենք մի երկրում, որտեղ ընդհանրապես չկա Սահմանադրություն: Ամեն բան ոտնահարվում է, ով ինչ ցանկանում՝ անում է: Սրա պակասը չունենք այսօր:

- Իսկ այսպիսի մթնոլորտի առկայության դեպքում, հասարակությունն ինչո՞ւ փողոց դուրս չի գալիս, ինչպե՞ս է ստացվում, որ նախկին իշխանությունների դեպքում նույն հասարակությունը պահանջատեր էր, սակայն հիմա` ոչ այնքան:

- Շատերն, ովքեր այսօր պայքարի չեն գնում, 2018-ին մասնակիցն են եղել այս ամենի: Իրենք մեծ դերակատարություն են ունեցել: Շատ ծանր բան է, երբ դու հասկանում ես, որ քեզ խաբել են: Մարդիկ միշտ չէ, որ ընդունում են խաբված լինելու կարգավիճակը: Դա ինքնագնահատականի համար խիստ տհաճ մի բան է, այդ պատճառով էլ շատերն իրենց խաբված լինելու հանգամանքը չեն ընդունում: Նման մարդիկ սովորաբար կտրվում են իրականությունից: Մարդիկ այսօր շատ հիասթափված են: Մի պարզունակ արտահայտություն է պտտվում. 2018-ից հետո ի՞նչ լավ բան եղավ, որ նորից փողոց դուրս գանք: Սա շատերին է բնորոշ: Մարդիկ մտան մի մեծ խաղի մեջ, որից անգամ գաղափար չունեին: Ես ամեն դեպքում այնքան էլ վատատեսորեն չեմ տրամադրված: Շատերը դժգոհ են, սակայն պայքարի դուրս չեն գալիս: Չեմ ցանկանում թերագնահատել ընդդիմությանը:

- Ամեն անգամ, երբ ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել վարչապետին, վերջինս ի՞նչ հոգեվիճակում է հայտնվում, նրա ելույթները, ժեստերը Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ են:

- Ես կարծում եմ, որ, բնականաբար, Նիկոլ Փաշինայնն ունի վախի զգացողություն: Այդ վախերը բացառապես վերաբերում են իրեն, իր պաշտոնին: Նրա նյարդերը շատ հաճախ չեն դիմանում, ոստիկանական ուժերի քանակն էլ փաստում է վարչապետի վախեցած լինելու մասին: Նա ունի նաև այլ վախեր, ընկել է երկու վախի արանքում: Մի վախը իր աթոռի համար է, սակայն մյուս, ավելի ուժեղ վախը կապված է իրեն թելադրողների հետ: