Սոցապնախարարի ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով

Սոցապնախարարի ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ինչպես հայտնի է, պետական կառավարման համակարգ է եկել բիզնես ոլորտից: Մինչեւ նախարար դառնալը նա ղեկավարել է «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որն իր հաճախորդների համար մեկ օրում ավտովարկեր էր ձեւակերպում: Մեսրոպ Առաքելյանը 2017-2020 թվականներին այս ՈւՎԿ-ի գլխավոր տնօրենն է եղել: «ՄՈԳՈ»-ն իր առաքելությունն էր համարում՝ օգնել մարդկանց ավտոմեքենայի տեր դառնալու հարցում: 

«Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա հեշտությամբ ձեռք բերել մեքենա, առանց ավելորդ բարդությունների եւ շատ կարճ ժամանակում»,- ասվում էր «ՄՈԳՈ»-ի գովազդային տեքստերում: Իրականում, սակայն, այնքան էլ հեշտ չէր այս կազմակերպության միջոցով մեքենա ձեռք բերելը, քանի որ այն ահռելի տոկոսներով էր ավտովարկ տրամադրում, անտրամաբանական պարտավորություններ դնում հաճախորդների ուսերին: 2020 թվականի վերջում Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության եւ լիցենզավորման դեպարտամենտը ստուգումներ է իրականացրել Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած ընկերությունում եւ ՀՀ ԿԲ նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառել «ՄՈԳՈ»-ի նկատմամբ՝ անթույլատրելի բարձր տոկոսներ գանձելու համար: «Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ ԿԲ խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով»,- հայտնում է ԿԲ-ն: 

Բանկը «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ի հաճախորդների համար հայտարարություն է տարածել, որ նրանք, ովքեր 01.09.2019-31.12.2020թթ. ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ, եւ որոնց գծով վերահաշվարկ չի կատարվել՝ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ իրենց գումարները: «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը պարտավորվել է գումարները վերադարձնել 2021թ. ընթացքում` համաձայն ԿԲ սահմանած ժամանակացույցի: Այս պատմությանը չէինք անդրադառնա, եթե «ՄՈԳՈ»-ի նախկին տնօրենին ոչ թե սոցիալական հարցերի, այլ, ասենք, ֆինանսների նախարար կամ «տամոժնու» պետ նշանակած լինեին: Բայց կարիքավոր խավի մասին ինչպե՞ս է մտածելու այն չինովնիկը, որը ոչ հեռու անցյալում առանց խղճմտանքի հարստացել է այդ նույն անապահովների՝ ավտոմեքենա ունենալու երազանքի հաշվին: