Մեր հումանիտար առաքելությունը պետք է դուրս բերել Սիրիայից

Մեր հումանիտար առաքելությունը պետք է դուրս բերել Սիրիայից

ԱՄՆ-ն, կոչ անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում, հայտարարեց, որ հանում է իր ողջ զորախումբը Սիրիայից։ Թրամփն իր սիրելի Թվիթերում գրել էր, որ ԱՄՆ-ն չի կարող օգնել քրդերին, որովհետեւ ԱՄՆ զորքերը գտնվում են դեպքի վայրից 7000 մղոն հեռավորության վրա: «Ցանկացած մեկը, ով ուզում է օգնել Սիրիային՝ քրդերին պաշտպանելու գործում, կարող է զբաղվել դրանով: Թեկուզ՝ Ռուսաստանը, թեկուզ՝ Չինաստանը, թեկուզ՝ Նապոլեոն Բոնապարտը»,- գրել է Թրամփը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ռուսները, առանց մեկ կրակոցի, Եփրատից Արեւելք ընկած տարածքում ունեցան 3 սպանված նապաստակ։ «Այսինքն՝ Էրդողանի կրակոցով բոլոր նապաստակները պառկում են ռուսների տակ։ Առաջինն այն է, որ քրդերը թեքվում են Ասադի կողմը, որովհետեւ այլ տարբերակ չունեն եւ ուղղակի ընտրություն են կատարում ցեղասպանության եւ Ասադի հետ դաշինքի միջեւ։ Սա՝ մեկ նապաստակ։ Երկրորդ նապաստակն այն է, որ Էրդողանը լրջագույն պրոբլեմներ է ձեռք բերում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ եւ հայտնվում է զենքի էմբարգոյի ներքո։ Առայժմ։ Իսկ վաղը դա արդեն կարող է վերածվել նաեւ տնտեսական պատժամիջոցների, եւ սա բերում է նրան, որ օբյեկտիվորեն ռուս-թուրքական կապերը սերտանալու են»։ Իսկ երրորդ նապաստակը, ըստ նրա, այն է, որ հիմա ռազմավարական առումով ռուսները կարող են արձանագրել, որ Սիրիայում Արեւմուտքի նկատմամբ ունեցան ռազմավարական հաջողություն։

Հարց է ծագում․ եթե աշխարհաքաղաքական հիմնական ֆիգուրանտները Պիղատոսի նման ձեռքերը լվանում են, ապա ի՞նչ է անում Հայաստանի հումանիտար առաքելությունը Սիրիայում։ Հիշեցնենք, որ դատապարտելով Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ մեր հումանիտար առաքելությունը մնալու է Սիրիայում։ Կարիք չկա հիշեցնելու, թե Ռուսաստանին հաճոյանալու այս քայլը ժամանակին որքան աղմուկ առաջացրեց եւ որքան ջանք պահանջեց հայկական դիվանագիտությունից՝ Արեւմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Եվ միայն շնորհիվ այն բանի, որ ինչպեսեւ Իրանի հարցում, Արեւմուտքն ըմբռնումով է մոտենում Հայաստանի շարժառիթներին՝ իր աշխարհագրական դիրքի, մեկուսացվածության եւ մի շարք այլ գործոնների պատճառով։

Եթե այն ժամանակ Հայաստանը նման զոհողության գնաց հանուն ռուսական կողմի, հիմա, երբ բոլորը գոհ ու երջանիկ են, հանուն ինչի՞ ենք մնում սիրիական ճահճում։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ դեռ մնալու անհրաժեշտություն կա, բայցեւ արձանագրում է, որ, այո, իրավիճակ է փոխվել։ «Ես չեմ բացառում, որ պետք է մտածել այդ հումանիտար միսիան դուրս բերելու մասին։ Միգուցե էս փուլում իմաստ ունի դեռ թողնել, տեսնենք, թե իրադարձությունները ոնց են զարգանում, բայց եթե Ռուսաստանը շարունակի աջակցել Թուրքիային, իսկ որ Ռուսաստանը, ակնհայտ է, աջակցում է, ես կառաջարկեի, որ դուրս բերեն»,- ասում է նա եւ արձանագրում․ «Երբ նոր էր, մերոնք բերում էին ինչ-որ արգումենտներ, որ այնտեղ հայկական համայնք կա, որ դա նաեւ հեղինակություն է բերում ցանկացած երկրի, անկախ նրանից՝ ես դրա հետ համաձա՞յն եմ, թե՞ ոչ, բայց հիմա որակապես իրավիճակ է փոխվել, տրամաբանություն։ Այսինքն՝ հիմա այլեւս կոալիցիաները չեն աշխատում, այլ Թուրքիան է միայնակ որոշում ընդունել, ինչը խաղի կանոնների կոպիտ խախտում է։ Այսինքն՝ հիմա էլ հնարավոր չէ ասել՝ գիտե՞ք ինչ, այստեղ ինչ-որ կոալիցիա է եւ այլն»։

Հիշեցնենք․ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել էր, որ հյուսիսարեւելյան Հասակա նահանգի հայ համայնքները վտանգված են: Իսկ Սիրիայի այդ շրջանում այս պահին կա մոտ 3 հազար հայ: Ամեն դեպքում, Սիրիայում մեր դեսպանությունը նշել էր, որ այս պահին տարհանման կարիք չկա, քանի որ այդպիսի վտանգ դեռեւս չեն զգում, բայց պատրաստ են ցանկացած զարգացման, նաեւ՝ տարհանման, եթե նման անհրաժեշտություն լինի։ Նշենք, որ երբ նոր-նոր էր սկսվել սիրիական պատերազմը, շատ վերլուծաբաններ սիրիահայերին առաջարկում էին հեռանալ Սիրիայից, քանի դեռ ողջ-առողջ են եւ կարող են ինչ-որ գույք տեղափոխել, քանի որ Մերձավոր Արեւելքում քրիստոնյա եւ ազգային փոքրամասնությունները, միեւնույն է՝ դատապարտված են։ Կային նաեւ հակառակը պնդողներ, որոնք ասում էին, որ համայնքը պետք է մնա, որովհետեւ Սիրիայում հայերի պապերի ու հայրերի գերեզմաններն են։

Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, օրինակ, ասում է, որ նման բան ասողներն ուղղակի ասում են՝ մնացեք, որ ձեր գերեզմաններն ավելանան, ուստի պետք է անհապաղ կազմակերպել ներգաղթ, քանի որ յուրաքանչյուր սփյուռք եւ հատկապես սիրիականը, ժամանակի ընթացքում դատապարտված է վերանալու։ Նավասարդյանը համոզված է, որ ներգաղթ պետք է կազմակերպվի նաեւ լիբանանահայերի համար։ Հարցին, թե ինչ կարծիքի է այս պնդումների վերաբերյալ, Ստեփան Գրիգորյանն ասաց․ «Ես դժվարանում եմ ասել՝ կլինի՞ նույն բանը Լիբանանում, թե ոչ, բայց խոսքը մարդկային ճակատագրերի մասին է․․․ օրինակ, երբ քրդական ուժերը հաջողությամբ կոնտրոլի տակ էին պահում, հայերը մնում էին։ Նույնը՝ Հալեպում, որտեղ Ասադի զորքերի վերահսկողության տակ էր։ Ես Նավասարդյանի ընդհանուր միտքը հասկանում եմ, բայց մարդիկ իրենք են որոշում։ Մենք չենք կարող մարդկանց ստիպել լքել Սիրիան»։