Մի նեղսրտեք՝ Ռուսաստանն առայժմ միայն տեղեկատվական պատերազմ է հայտարարել

Մի նեղսրտեք՝ Ռուսաստանն առայժմ միայն տեղեկատվական պատերազմ է հայտարարել

Իշխանական «Ինֆոչեկ» կայքը շարունակում է մարտնչել՝ հանուն Նիկոլ Փաշինյանի։ Երեկ այս կայքում մի հրապարակում հայտնվեց՝ մի թեթեւ մուննաթի տոնով, թե՝ Նիկոլ Փաշինյանի պապի մասին «կեղծ-տեղեկությունը» հիմա էլ ռուսական լրատվամիջոցներն են տարածում։ 
Խոսքը մայիսի 9-ին, հաղթանակի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակման մասին է՝ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր իր պապի լուսանկարը և գրել. «Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։ 

Անմիջապես դրանից հետո ռուսական լրատվամիջոցներից մեկը, օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Մեմորիալ» կայքից, որտեղ առկա են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բոլոր զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները, գրել էր որ Նիկոլ Փաշինյանի պապին մահացել է 1943 թվականին, նրա փաստաթղթերում նշված է․ «թշնամու հետ համագործակցություն»։ Դրան հետեւեց պաշտոնական հերքումը, թե Ենոքավան գյուղից մեկ այլ Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, որի հայրանունը Վարդան է։ Վարչապետ Փաշինյանի պապը՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանը, կռվել է ԽՍՀՄ բանակում և անհայտ կորել։ Լրատվականները նրան շփոթել են  Նիկոլ Վարդանի Փաշինյանի հետ, որը «կռվել է Գարեգին Նժդեհի լեգիոնում և աջակցել է Նացիստական Գերմանիային»։ 

Հերքումը հայաստանյան բոլոր լրատվամիջոցները հրապարակեցին, սակայն «Ինֆոչեկը» նեղսրտել է, քանի որ «Օրեր անց մի շարք ռուսական լրատվամիջոցներ՝ mk.ru, lenta.ru, rosbalt.ru, gazeta.ru և այլք, շարունակում են այս կեղծիքը ակտիվորեն տարածել»։

Մի նեղսրտեք․ սա ընդամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խայտառակ վատ վիճակում են եւ նման միջադեպեր մենք առաջիկայում էլի ենք ունենալու։ Առայժմ ընդամենը լրատվական պատերազմ են մղում մեր դեմ, հետո կանցնեն պատերազմի այլ ձեւերին։ 
Եթե Հայաստանը եւ ՀՀ իշխանությունն այնքան «դուխ» ունեն, այնքան ինքիշխան են, որ կարող են հակառուսական քաղաքականություն վարել, ռուսական կազմակերպությունների դեմ անհեռանկար քրեական գործեր հարուցել, ՌԴ նախագահի եւ վարչապետի ընկերներին պահել բանտում՝ առանց նրանց մեղքն անգամ ապացուցելու, պարզապես՝ վրեժի անձնական զգացումից դրդված, պետք է ունակ լինեն նաեւ այս հարվածներին դիմագրավել։ Ընդ որում՝ դիմագրավել երկիրը եւ իր հասարակության շահը չվտանգելով։ 

Հակառակ դեպքում ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիաները մեր երկրի ու ժողովրդի վրա շատ ծանր են նստում։