«Հրապարակ». Մենք մեզ ուղղակի պատռում էինք Նիկոլի ազատության համար

«Հրապարակ». Մենք մեզ ուղղակի պատռում էինք Նիկոլի ազատության համար

Վարչապետի գահին Քաջ Նազարի բախտով բազմած Նիկոլ Փաշինյանն այսօր դատարանի առաջ է կանգնեցրել անգամ նրանց, ովքեր տարիներ առաջ աջակցում էին իրեն, երբ 1999-2000 թվականներին շուրջ երեք մեղադրանքով նրան փորձում էին դատել, եւ մեծ թվով մարդիկ պաշտպանում էին նրան, պայքարում, որ նա չնստի: Մենք գրել էինք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով այսօր քրեական հետապնդման է ենթարկվում, տարիներ առաջ ինքն էր կազմակերպում ընդդիմադիր խմբագիր Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու գործը: Լրագրողական համայնքը, իրավապաշտպանները տարատեսակ ակցիաներ էին իրականացնում, որ պաշտպանեին իշխանությունների կողմից հալածվող Նիկոլ Փաշինյանին: 

Այդ ժամանակ զրպարտությունը, վիրավորանքը քրեորեն պատժելի արարքներ էին, եւ Փաշինյանին 3 էպիզոդից կազմված մեղադրանք էր առաջադրվել. մեկը՝ հարկադիր կատարողներին վիրավորելու` նրանց «կազյոլ» անվանելու համար, երկրորդը` ԵՊՀ ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանի մականունը «Չուգուն» գրելու, եւ երրորդը` Արտաշես Գեղամյանի կնոջ ներքնազգեստի մեջ մաքսանենգ ոսկեղեն հայտնաբերելու մասին լուրի համար: Դատարանում դատախազը նրա համար 3 տարի ազատազրկում էր պահանջել, իսկ դատավոր Պարգեւ Օհանյանը 1 տարի էր սահմանել` չկալանավորելով դատարանի դահլիճից: Եվ մինչեւ վերաքննիչ դատարանում կքննվեր գործը, լրագրողներն ու հանրային գործիչներն ամեն ինչ անում էին, որ դատավճիռը բեկանվի երկրորդ ատյանում: 

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ տարիներին աշխատել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում եւ լավ է հիշում, թե տարիներ առաջ ինչպես էին պայքարում Նիկոլ Փաշինյանի ազատության համար: Զոհրաբյանն ասում է, որ ինչպես «Հայկական ժամանակի» լրագրողները, այնպես էլ «Հայկական ժամանակի» գաղափարներին դեմ լրագրողներն ու լրատվամիջոցներն այդ օրերին պայքարում էին նրա ազատության համար եւ ի վերջո կարողացան այնպես անել, որ նա ոչ մի օր չբանտարկվեց։ «Ես ու իմ մյուս գործընկերները, որոնք այսօր թերթի խմբագիրներ են, պատգամավորներ կամ լրագրողներ, երկար աշխատում էինք «Հայկական ժամանակ» օրաթերթում: Մոտ 10 տարի ես այդ թերթի քաղաքական մեկնաբանն եմ եղել: 3 մեղադրանք էր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվել: Մենք՝ բոլորս, այդ տարիներին Նիկոլ էինք դարձել: Մենք մեզ ուղղակի պատռում էինք Նիկոլի ազատության համար: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահը: Մեր բերանները սեւ լենտերով կապած ակցիա էինք անում Նիկոլի համար, անգամ մի օր այծ տարանք մեզ հետ` որպես «կազյոլի» խորհրդանիշ, եւ հայտարարեցինք, որ չենք թողնելու ազատ խոսքը քավության նոխազ դարձնել: Հիշում եմ, որ իրավապահներն այծիկին բերման ենթարկեցին, հետո չեմ հիշում, թե կենդանին ինչ ճակատագրի արժանացավ: Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ ոչ միայն «Հայկական ժամանակի» լրագրողներն էին նրա համար պայքարում, այլեւ ողջ լրագրողական համայնքը, նույնիսկ մեր տեսակետները չկիսող լրատվամիջոցները: Բոլորով Նիկոլից ավելի Նիկոլ էինք դարձել այդ տարիներին: Անգամ դաշնակցական լրատվամիջոցներն էին Նիկոլի ազատության համար պայքարում: Մեր պայքարի արդյունքում Նիկոլի դատավճիռը պայմանական եղավ, եւ նա ոչ մի օր չբանտարկվեց: Այսօր տեսնելով, թե ինչ է կատարվում, ինձ երբեմն թվում է՝ աբսուրդ է, եւ այդ տղան ուշքի կգա: Ազատ խոսքն այսօր բռնաճնշումների է ենթարկվում: Այսօր փորձում են դատել Ավետիք Իշխանյանին մի գրառման համար, սակայն ես կարող եմ մի քանի հազար նման գրառում մտաբերել` նույն կոնտեքստում, եւ ի՞նչ: Սա ազատ խոսքի հանդեպ տեռոր է, որը ոչ մի իշխանության ժամանակ չի եղել: Ամենազարհուրելին այն է, որ ազատ խոսքի դեմ հայտարարված տեռորին միանում են որոշ «լրատվամիջոցներ»: Երբեմն տեսնում ենք, որ ինչ-ինչ իշխանության ջեբից դուրս եկած «լրատվամիջոցներ» «նավոդկա» են տալիս, որ ինչ-որ մարդկանց խոսքեր պետք է հասկանալ իրենց ուզած կոնտեքստում: Նույն Նարեկ Մալյանի դեպքում որոշ «լրատվամիջոցներ» իրենք էին վերջինիս խոսքը վերծանում եւ որոշում` որտեղ կա վիրավորանք, որտեղ՝ բռնության կոչ: Այսօր կարդում եմ Նարեկ Մալյանի մեղադրանքը, գրված է` ենթադրյալ վիրավորանք, ի՞նչ է դա նշանակում: Այս իշխանությունների համակիրները կոչ էին անում՝ ինձ այրել, սպանել, իսկ ի՞նչ եղավ նրանց հետ: Ես մի քանի անգամ դիմել էի իրավապահներին․ ոչ մի գործ չեն հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այսինքն` հանցակազմն այն կլիներ, որ ինձ վառեին ու նոր մոխիրների վրա գործ հարուցեին.... Նիկոլն այսօր վրեժխնդիր է լինում չգիտես ումից: Ես այդ հոգեբանական նյուանսները չեմ կարողանում վերլուծել, անգամ իրեն մոտիկից շատ լավ ճանաչելով: Ավետիք Իշխանյանը բոլոր ժամանակներում եղել է ընդդիմադիր լրագրող եւ Նիկոլ Փաշինյանի պաշտպաններից մեկը: Նա անգամ Հայաստանից դուրս է իր ձայնը բարձրացրել` Նիկոլի համար: Այսօր գրել է` մահ դավաճաններին, եւ ի՞նչ: Ինչպե՞ս ես կարողանում մարդու հետ այդպես վարվել գրառման համար: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի գիտակցում, որ Հայաստանը չունի բռնապետություն լինելու ռեսուրս: Մի օր այս բռնապետությունը Հայաստանում քաոս է ստեղծելու: Հնարավոր չէ բոլորին կալանավորել ու դատել»,- նշում է Նաիրա Զոհրաբյանը: