Կադրերն ավերում են ամեն ինչ

Կադրերն ավերում են ամեն ինչ

Ներհայաստանյան զարգացումներում կադրային քաղաքականությունը եղել եւ մնում է կառավարման արդյունավետության ցուցիչ: Դատելով ՀՀ տարանուն իշխանությունների կադրային քաղաքականությունից՝ անարդյունավետ կառավարման ցուցիչ: Միաժամանակ, կադրային քաղաքականությունն ի ցույց է դրել ոչ միայն կառավարման ապաշնորհությունը, այլեւ պետական կյանքի ապականվածությունը, քաղաքական կյանքի անհուսությունը եւ մասնագիտական որակների արժեզրկումը:

Կադրային քաղաքականությունը միավորել եւ միավորում է հին ու նոր Հայաստանը, ուր կադրերը թեպետ ոչինչ չեն որոշում, սակայն ավերում են ամեն ինչ՝ ոլորտ առ ոլորտ, գաղափար առ գաղափար, սկզբունք առ սկզբունք: Հին ու նոր Հայաստանին միավորող կադրային շղթան ամբողջանում է այն սկզբունքներով, որոնցով իրականացվում են կադրային նշանակումները: Խորամանկություն՝ խելքի փոխարեն, շողոքորթություն՝ դիրքորոշման փոխարեն, անազնվություն՝ պարկեշտության փոխարեն, խարդավանքներ՝ անհամաձայնության փոխարեն, ծառայամտություն՝ սկզբունքայնության փոխարեն, անձնական հավատարմություն՝ արժանապատվության փոխարեն, ծագումնաբանական նմանություն՝ հայրենասիրության փոխարեն. այսեւայլ հատկությունները հայկական կադրային միջավայրում եղել եւ մնում են նախընտրելի, որոնցով էլ ձեւավորվել է հայկական քաղաքական նոմենկլատուրան՝ ՀՀ իշխանությունը: Կայսերն ավելի մոտ գտնվելու տենդագին ձգտումը եղել է կադրային քաղաքականության ուղեկիցը, ներիշխանական իրարանցման առիթն ու պատճառը: 

Հայաստանում, որպես կանոն, հասարակական-քաղաքական քննարկումներ չեն եղել, թե ինչ սկզբունքով պետք է իրականացնել կադրային նշանակումները՝ քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական: Եթե նախահեղափոխական Հայաստանում կադրային քաղաքական նշանակումները հաճախ իրականացվում էին ըստ քաղաքական նպատակահարմարության, ավելի որոշակի՝ քաղաքական բացահայտ սակարկությունների արդյունքում, ապա թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական սակարանները փակվեցին, սակայն բաց մնացին կուսակցական նշանակումների դարպասները, որտեղից մտնել կարող էին կառավարող կուսակցության անդամները: Դա կուսակցական նշանակումների սահմանադրական ճանապարհն էր, իսկ գործնականում՝ ով տնօրինում էր կադրային քաղաքականությունը, նա էլ իշխանության բացարձակ կրողն էր: 

Կուսակցական նշանակումները Հայաստանում նույն պատճառներն ունեին՝ պարգեւատրել յուրայիններին եւ վնասազերծել հակառակորդներին: Նման քաղաքականության հետեւանքով Հայաստանում պետական կառավարումը միշտ գորշացել եւ դիմազրկվել է: 
Կառավարող կուսակցությունը մնաց կադրերի հիմնական դարբնոցը, ուր թրծվում էին ոչ թե քաղաքական գաղափարներն ու սկզբունքայնությունը, այլ կարիերիստներն ու կամակատարները: Նման սկզբունքներով են ձեւավորվել ոչ միայն գործադիր իշխանությունը, այլեւ օրենսդիրը՝ խորհրդարանը: Կառավարող կուսակցությունները Հայաստանում արագորեն վերածվել են նոմենկլատուրային կուսակցությունների, որոնք իշխանափոխությունից հետո մեկեն փլուզվել են: 
Թեպետ կադրային նշանակումները հանրային դժգոհության են հանդիպել, սակայն հանրությունն անմասն է մնացել կադրային որոշումների վրա որեւէ ազդեցությունից:

Հայաստանում կադրային քաղաքականությունը եղել է 1-2-3 առանձնաշնորհյալների մենաշնորհը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում այդ քաղաքականությունն իրականացրել են, սկզբում՝ Վազգեն Մանուկյանը, ապա վարչապետի պաշտոնից նրա հրաժարականից հետո՝ Լ. Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանի կառավարման սկզբում կադրային քաղաքականությունը հիմնականում Վազգեն Սարգսյանի իրավասությունն էր, որը նշանակումներ կատարում էր ըստ իր հարաճուն քաղաքական ազդեցության: Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում կադրային քաղաքականությունն իրականացնում էր Ռոբերտ Քոչարյանը՝ ժամանակ առ ժամանակ կադրային նշանակումների ոլորտ մուտք գործելու իրավունք ուներ Սերժ Սարգսյանը: Սարգսյանի կառավարման օրոք կադրային քաղաքականության պատասխանատվության մի մասը կրում էր նաեւ նրա դստեր ամուսինը՝ Միքայել Մինասյանը, որը հավաքում էր սեփական թիմը, թեպետ այն չէր հակադրվում Սարգսյանի թիմին, այլ լրացնում էր նոր կադրերով: 

Հայաստանյան կադրային քաղաքականությունը մեկ այլ առանձնահատկություն էլ ուներ: Եթե Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում մեծ դերակատարում ունեին մասնագիտությամբ արեւելագետները, ապա Վ. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի կադրային քաղաքականությունը կլանային բնույթ էր կրում: Հայաստանում միմյանց փոխարինել են նախ՝ արարատյան, ապա՝ անխորտակ թվացող ղարաբաղյան կլանը, այժմ ուրվագծվում է նոր՝ իջեւանյան ուղղությունը: 

Հին ու նոր Հայաստանի կադրային նշանակումներն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ: Հիմնականում տարբերությունները երկուսն են՝ 1. նոր Հայաստանում պաշտոնները չեն վաճառվում, 2. այսօրվա կադրերը երիտասարդ են, մեծամիտ եւ անփորձ: Եթե հին Հայաստանում կադրերն այնքան երկար էին պաշտոնավարում, որ հասցնում էին ոչ միայն հարստանալ, այլեւ ծերանալ, ապա նոր Հայաստանում կադրերը ոչ թե ծերանալ, հաճախ պաշտոնավարել չեն հասցնում: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընտանյոք հանդերձ վարակվելով կորոնավիրուսով, բարեբախտաբար, անսպասելիորեն արագ ապաքինվեց, երբ զգաց, որ ներհասարակական, ներիշխանական վայրիվերումների կորն արձանագրում է ոչ թե իր ապաքինման ընթացքը, այլ իշխանության կորստի արագությունը: Անախտանիշ հիվանդության ընթացքում Փաշինյանը չկորցրեց իշխանության կորստի եւ պահպանման հոտառությունը, որի հակահարուցիչը ինչպես եղել էր, այնպես էլ մնացին ցաքուցրիվ, անհամակարգ կադրային նշանակումները: Ընդհանրապես, Փաշինյանի կառավարմանը հատուկ են անհամակարգայնությունը, այսրոպեականությունը, նյարդայնությունը, ինչն անմիջական ազդեցություն է թողնում կադրային նշանակումների վրա: Փաշինյանի կադրային քաղաքականությունը ոչ թե պարզապես նրա կառավարման ամենախոցելի կողմն է, այլ նրա թերի պատկերացումների ցուցիչը, մի կողմից՝ պետական կառավարման, իշխանության իրացման մասին, մյուս կողմից՝ պատկերացումների իսպառ բացակայությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի ներկայի ու ապագայի մասին: 

Կարելի է կադր առ կադր, փոփոխություն առ փոփոխություն, նշանակում առ նշանակում վերհանել-վերլուծել Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը՝ Հայկ Մարությանից մինչեւ Տաթեւիկ Ռեւազյան, Հովիկ Աղազարյանից մինչեւ Ռուբեն Ռուբինյան եւ Սասուն Միքայելյան, Տիգրան Ավինյանից մինչեւ Զարուհի Բաթոյան, Ռուստամ Բադասյանից մինչեւ Արգիշտի Քյարամյան, Հունան Պողոսյանից մինչեւ Տիգրան Մուկուչյան, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների, գործադիր եւ օրենսդիր իշխանության՝ Փաշինյանի հավաքած եւ անվերջ փոփոխվող կադրային աստղաբույլը ոչ թե աստղային փոշի է ցրում, այլ մեկտեղում է ապաշնորհությունն ու կամակատարությունը: 

Հայաստանում կադրային քաղաքականությունը թրատել եւ թրատում է պետական կառավարումը, չեզոքացնում ներկայացուցչական հակակշիռները, վարկաբեկում պետականությունը: Հայաստանում կադրերը ոչինչ չեն որոշել, սակայն ավերել են ամեն ինչ՝ հայոց անկախ պետականությունը եւ մեր երազանքների Հայաստանը: