Սուրիկ Խաչատրյանը կարգադրել է, արել եմ

Սուրիկ Խաչատրյանը կարգադրել է, արել եմ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաեւ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, նա ապօրինի կարգադրություններ է տվել Նորավանի եւ Ակների համայնքապետերին։ Առաջինին կարգադրել է գյուղի մետաղական խողովակները հանձնել եղբորը, իսկ Ակների համայնքապետին՝ 70 հազար դրամով տարածք վաճառել Աշոտ Գեւորգյան անունով անձին։ Ի դեպ, Գորիսի մեր աղբյուրն ասաց, որ Աշոտ Գեւորգյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանի որեւէ մասնակցություն այդ գործարքներին, ասում է, թե մարզպետը տեղյակ չի եղել դրանցից։
 Նորավանի նախկին համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ Աշոտ Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նորավանի նախկին համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Ես ի՞նչ եմ արել, որ այդ մեղադրանքն ընդունեմ։ Հրաման եմ կատարել, կարգադրել են՝ արել եմ։ Էն վախտ ո՞վ էր իմանում՝ կարգադրությունն ապօրինի ա։ Կարգադրել ա, էլ ո՞վ կարար խոսար՝ ո՛չ մեկ»։

Նա նշեց, որ գործով հարցաքննվել է, սակայն տեղյակ չէ, թե իր նկատմամբ ինչ խափանման միջոց է կիրառվել․ «Հարցաքննվել եմ, դուրս եմ եկել։ Դատարանը թող որոշի, եթե անմեղ մարդուն կտանեն-կդատեն, թող ինձ էլ տանեն-նստեցնեն։ Երեւի ինձ էլ մի գործ կտան, մի քիչ էլ թրաշ կպահեմ, մի գործ էլ ինձ կտան, էլի»։

Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի եղբայրն այդ խողովակներն ինչ է արել, պատասխանեց․ «Երեւի տարել ա՝ մի համայնքում ոռոգման ջուր ա քաշել։ Ես ի՞նչ գործ ունեմ, որ իմանամ։ Իբր շատ ուզել եմ, որ տանեն, հլը որ իմանամ՝ ինչեր են արել»։ Նախկին համայնքապետն այլ հարցերի չցանկացավ պատասխանել։

Ակների համայնքապետ Սպարտակ Մինասյանն էլ ասաց, որ այս գործով ինքը եւս հարցաքննվել է եւ համաձայն է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությանը․ «Օդից հո չէի՞ն վերցնի, գրեին։ Ես ընդունել եմ, որ նման բան եմ արել։ Ուղղակի ես շատ եմ խնդրում՝ էդ հարցով բան մի արեք, էլի»։ Ըստ համայնքապետի՝ Սուրիկ Խաչատրյանն անձամբ է իրենց կարգադրել տարածքը վաճառել գորիսեցի Աշոտ Գեւորգյանին։ Վերջինիս եւ Սուրիկ Խաչատրյանի կապերի մասին Մինասյանը տեղյակ չէ։ Մեր զրուցակիցը նաեւ նշեց՝ 2016 թվականին վաճառված այդ տարածքը մինչ այժմ էլ դատարկ է։
Սուրիկ Խաչատրյանի պաշտպանը մեզ ասաց, որ քրեական գործով դեռեւս չի ներգրավվել, ինչպես նաեւ առաջադրված քրեական հոդվածներին ծանոթ չէ․ «Պարոն Խաչատրյանի հետ ես չեմ խոսել դեռ։ Ինքն արտերկրում է գտնվում վաղուց, վիրահատվել է, բժշկական կենտրոնից դուրս չի գրվել»։

Ըստ պաշտպանի՝ Սուրիկ Խաչատրյանին հրավիրել են հարցաքննության, սակայն նա տեղեկացրել է, որ գտնվում է արտերկրում․ «Հրավիրել են հարցաքննության, քանի որ դեռ դուրս չի գրվել, բնականաբար, չէր կարող գալ։ Այդ մասին ինքը նախաքննական մարմնին հայտնել է եւ բժշկական փաստաթղթերը ներկայացրել է, սակայն այդ հանգամանքը հաշվի չի առնվել, ու էսպիսի որոշում է ընդունվել։ Այսքանը ես կարող եմ ասել, մնացածը՝ լիազորագիր ունենալուց հետո»։