Նոր «կարգավորումներ» և տուգանքներ՝ ԶԼՄ-ների համար

Նոր «կարգավորումներ» և տուգանքներ՝ ԶԼՄ-ների համար

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում ՔՊ-ական մի շարք պատգամավորներ՝ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը հեղինակել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով հերթական խստացումներն են սահմանում լրագրողների և լրատվամիջոցների համար։ 

Հանձնաժողովի նիստում ներկայացված է երկու նախագիծ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխության նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախագիծ, որով արդեն լրագրողների ու ԶԼՄ-ների համար տուգանքներն ու պատժամիջոցներն են սահմանվում։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով ՔՊ-ական պատգամավորները օրենքի մի շարք հոդվածներում նոր կետեր են ավելացրել, որով լրացուցիչ բարդություններ են առաջացնում ԶԼՄ-ների համար։ Օրինակ՝ առաջարկել են օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ կետով, հետեւյալ խմբագրությամբ.

«5) չնույնականացվող աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»:

Սրանով ՔՊ-ականները փորձում են պայքարել, այսպես կոչված, «տելեգրամյան ալիքների» և ֆեյսբուքյան կեղծ էջերի դեմ, այն դեպքում, երբ հատկապես պատերազմի ժամանակ հենց իրենք՝ իշխանություններն էին համատարած սուտ և կեղծիք տարածում ինչպես պաշտոնական աղբյուրներով, այնպես էլ տարատեսակ ֆեյք էջերով։ Այս փոփոխության իրական նպատակը, սակայն, իրենց՝ իշխանությունների համար անցանկալի, տհաճ ինֆորմացիաների տարածումը կանխելն է այն մեդիառեսուրսների կողմից, որոնց տերերին կամ հեղինակներին իրենք չեն կարողանա հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել։

Դրա համար օրենքի 11-րդ հոդվածում ևս փոփոխություն են կատարել՝ պահանջելով, որ ԶԼՄ-ները առավելագույն թափանցիկ և մանրամասն ձևով ներկայացնեն իրենց տվյալները։

Մասնավորապես, օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է ՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցը իր կայքում պետք է ներառի՝

1) լրատվության միջոցի անվանումը.
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, գտնվելու վայրը, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական հաշվառման համարը եւ տրման օրը.
3) հետադարձ կապը (հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն)։

Իհարկե, դժվար է պատկերացնել, թե նույնիսկ այս օրենքի ընդունումից հետո ինչպես են իշխանությունները պայքարելու իրենց ասած այդ «չնույնականացվող աղբյուրների» դեմ, որոնք, բնականաբար, չեն ենթարկվելու այս կանոնակարգումներին և չեն հրապարակելու իրենց տվյալները։ Ըստ էության՝ այս նախագծով Փաշինյանի թիմը փորձում է արգելել նույնականացվող, գրանցված և հայտնի լրատվամիջոցներին այդ «չնույնականացվող աղբյուրներին» հղում տալով նյութեր հրապարակելը կամ, գուցե, այս օրենքով նախատեսվող սահմանափակումների ենթատեքստում, իրականում, իրենց կողմից սեփական աղբյուրներին հղում անելով, այսպես ասած՝ «մեր տեղեկություններով» լուրերի և հոդվածների հրապարակումները կանխելն է:

Նախագծի հեղինակները փորձել են կանոնակարգում մտցնել նաև լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության հարցում՝ օրենքի 12-րդ հոդվածը շարադրելով հետևյալ խմբագրմամբ․

1. Զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային վճարումներից, հովանավորությունից, փոխառությունից, իրական շահառու հանդիսացող անձի կամ անձանց ներդրումներից:

2. Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին՝ ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների:

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություններ մտցնել պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում։ 

Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել են՝ «Լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին պետական մարմիններում հավատարմագրելու համար չի կարող դիմել, եթե չի կատարել սույն օրենքի 11-րդ հոդվածով կամ 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները»:

Մեկ այլ կետով էլ սահմանել են, որ լրատվական գործունեություն իրականացնողը իր անունից հավատարմագրված լրագրողի հետ իրավահարաբերությունների դադարեցման դեպքում պարտավոր է այդ մասին հնգօրյա ժամկետում գրավոր ընթացակարգով տեղեկացնել բոլոր այն պետական մարմիններին, որտեղ հավատարմագրված է տվյալ լրագրողը:

Եվ որպեսզի այս ամենը կարողանան արդյունավետ կյանքի կոչել, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով էլ սահմանել են «պատժամիջոցները», թե որ հոդվածի խախտման դեպքում ինչ չափի տուգանք է սահմանվում տվյալ լրատվամիջոցի համար։

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189-րդ հոդվածով, այն է՝ Զանգվածային լրատվության միջոցի տվյալները չներառելը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելը կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը, առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:

Հոդվածի 2-րդ կետով էլ սահմանվում է՝ Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները կամ զանգվածային լրատվության միջոցի օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Ուշագրավ է, որ լրագրողների աշխատանքը մաքսիմալ վերահսկողության ներքո վերցնելու, տարատեսակ տուգանքներով ու օրենսդրական «կարգավորումներով» լրատվամիջոցներին ճնշելու հերթական նախագծի հեղինակները նախկինում լրագրող են եղել կամ, գոնե իրենց այդպես համարել, որ իրենք լրագրող են, օրինակ՝ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Սարգիս Խանդանյանը։ Նախագծի հիմնական զեկուցողը հենց Արթուր Հովհաննիսյանն է, իսկ որպես հարակից զեկուցող նշված է դարձյալ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի անունը, որը դարձյալ ինչ-որ մի ժամանակ լրագրող է եղել՝ աշխատելով Հ3 հեռուստաընկերությունում որպես խմբագիր, նաև ATV հեռուստաընկերությունում է աշխատել: Եվ այս մարդիկ որոշել են, իրենց պատկերացմամբ, «կարգավորել» լրատվական դաշտը՝ դեմ գնալով այն սկզբունքներին, որոնց դեմ ժամանակին պայքարում էր իրենց քաղաքական ղեկավարը՝ երբեմնի լրագրող և խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Նախագիծն ընդգրկված է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստերի օրակարգում, իսկ մինչ այդ այն վաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին, կքննարկեն ԱԺ վերադաս հանձնաժողովի նիստում։