Նիկոլը քծնե՞լ է Վանեցյանին

Նիկոլը քծնե՞լ է Վանեցյանին

Հրայր Թովմասյանի գրիչը դեռ շատ ջուր է քաշելու: Հարցը այդ 160 դոլարանոց գրիչը չէ, այլ Փաշինյանի ընդդիմադիր հոգեկերտվածքը, որից նա բաժանվել չի կարողանում: Ըստ երեւույթին, իր ընդդիմադիր օրերին ինքն ում բարեւել է, ումից որեւէ բան է խնդրել կամ ում հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել, արել է քծնելով, շողոքորթելով, ներողություն բառի համար՝ ծախվելով: Եվ այսօր, երբ արդեն վարչապետ է, նրան թվում է, թե բոլորն են նույն քծնանքով, շողոքորթումով, ծախվելով հարաբերվում իր հետ: Թովմասյանի գրիչի պատմությունն ամբողջությամբ այս մասին է:

ՍԴ նախագահ Հրայր Թովմաս-յանն անարձագանք չթողեց Փաշինյանի կապանյան հայտարարություններն ու վարչապետին 20 օր ժամանակ տվեց իր հասցեին արած զրպարտությունները հերքելու համար: Թովմասյանը նաեւ սպառնաց դատի տալ Փաշինյանին, բայց Փաշինյանը, կարծես, դա լուրջ չի ընդունել: Ինչեւէ...

Այս հանգստյան օրերը լավ հնարավորություն էին Փաշինյանի կապանյան արկածները մոռանալու համար, բայց, ավաղ, իմքայլականները քնած չէին: Նրանք ամեն ինչ արեցին եւ դեռ անում են, որ Թովմասյանի գրիչը պատուհաս դառնա իրենց, ինչու ոչ, նաեւ Նիկոլի գլխին: Նախ Երեւանի ավագանու իմքայլական անդամը խայտառակվեց իր անմարդկային արարքով, ապա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «գրիչի թեմայով» փոխհրաձգություն սադրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:

Ստորեւ կուզենայի անդրադառնալ Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան «հակամարտության» վերջին ակորդներին, որոնք իրենց մեջ, ի թիվս այս բաների, պարունակում են նաեւ հաստատումներ այն մասին, որ Փաշինյանն էլ առանձնապես աչքի չի ընկել բարեվարքությամբ եւ հաճույքով է քծնել որոշ մարդկանց՝ նրանց իր կողքին պահելու համար:

Ահավասիկ, Ալեն Սիմոնյանը Վանեցյանին գրում է. «Արթուր, ախր ես քեզ այնքան լավ գիտեմ..․ Գիտեմ, ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից եւ ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգեր ջան»: Չմտնելով ԱԺ փոխխոսնակի գրառման մյուս մանրամասների մեջ՝ կարելի է միայն այս տողերից հստակ եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը «վաղաժամ» ուսադիրներ է շնորհել Արթուր Վանեցյանին եւ նրան արժանացրել հատուկ ուշադրության: Հիմա հարց՝ ինչո՞ւ... Թովմասյանը մի գրիչ է նվիրել իրեն՝ դարձրեց հոռոմի էն իքը, իսկ որ ինքը գեներալական ուսադիրներ շնորհեց Վանեցյանին ու Օսիպյանին, սիրաշահեց, որ մնան իր խայտառակ իշխանության մեջ, դա հե՞չ: Ու դեռ Օսիպյանի հրաժարականից հետո էլ, առանց իր ցանկությունը հաշվի առնելու, վարչապետի գլխավոր խորհրդական կարգեց նրան, բայց Օսիպյանը նախընտրեց «Մոնարխում» թիկնապահ աշխատելը՝ Փաշինյանի գլխավոր խորհրդականը լինելուց եւ մի օր չաշխատեց այդ պաշտոնում։

Հիմա դառնանք գեներալական ուսադիրներին․ դուք կարող եք ասել՝ դե, ինքը վարչապետ է, ուսադիրներ էլ կնվիրի... Բայց, շատ ներողություն՝ վաղաժա՞մ: Վանեցյանը կամ Օսիպյանը եթե արժանի չէին այդ ուսադիրներին, ինչո՞ւ տվեց, իսկ եթե արժանի էին, ապա ինչո՞ւ է ԱԺ փոխխոսնակը շահարկում այդ փաստը: