Թուրքիան նոր փախստականներ ընդունել չի պատրաստվում

Թուրքիան նոր փախստականներ ընդունել չի պատրաստվում

Թուրքիան չի պատրաստվում նոր միջազգային հանձնառություններ ընդունել եւ հյուրընկալել փախստականների նոր խմբերի՝ Աֆղանստանում իրավիճակի հնարավոր սրացման հետեւանքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։

«Մենք զարմանքով լսեցինք Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան առավել հարմար երկիրն է աֆղան փախստականների ընդունման համար։ Թուրքիան ոչ մի դեպքում երրորդ երկրների հանձնառություններ չի ստանձնի եւ չի հյուրընկալի միգրանտների նոր հոսքերի։ Մենք այդ մասին տեղեկացնում ենք մեր գործընկերներին բոլոր մակարդակներում, նշելով, որ Թուրքիան ԵՄ համար սահմանապահ չէ եւ ոչ էլ փախստականների ապաստարան կամ ճամբար»,- ասել է նա։

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը ավելի վաղ հայտարարել էր Bild-ի հետ զրույցում, որ Աֆղանստանի փախստականները կամ պետք է ավելի ապահով շրջաններ փախչեն, կամ մեկնեն Թուրքիա, ինչն ավելի հարմար է, քան Գերմանիա, Ավստրիա եւ Շվեդիա անցնելու փորձեր կատարելը։