Նիկոլի «բերքահավաքը»

Նիկոլի «բերքահավաքը»

Փաշինյանի այցը Մոսկվա անփառունակ էր: Դա անգամ նրա դեմքի արտահայտությունից էր երեւում՝ դժգոհ, խոժոռ: Նա մի միջավայրում էր, որտեղ  յուրայիններ չկային: Չնայած նրան, որ ինքը սպառնացել էր, թե որեւէ հայ պաշտոնյա Բելառուս չի մեկնի, քանի դեռ Լուկաշենկոն նախագահ է, Կրեմլում՝ Հաղթանակի 80-ամյակի միջոցառումների պաշտոնական կադրերում հենց իրեն էր Լուկաշենկոյի կողքին տեղ բաժին հասել: Նրա այցը Մոսկվա հիշվեց նաեւ Ռուսական պետական հեռուստաալիքը կոպիտ վրիպակով՝ լրագրողը Փաշինյանին որպես Ադրբեջանի ղեկավար ներկայացրեց, հետո ներողություն խնդրեց: Փաշինյանը Պուտինին ողջունելիս շփոթվեց ու ուղղությունը խառնեց, թե որտեղ պետք է կանգնի, իսկ վերջում ունեցավ ընդամենը ոտքի վրա կարճ հրաժեշտ Ռուսաստանի նախագահի հետ: Սա այն էր, ինչ տեսանք ու արձանագրեցինք նրա՝ այդքան ինտրիգային համարվող այցից: 

Իսկ ամենաամոթալին այն էր, որ մեր երկիրը Կարմիր հրապարակում անգամ մի փոքր վաշտով ներկայացված չէր, չնայած Մեծ հայրենականում հայ ժողովրդի պատկառելի մասնակցությանն ու սխրանքներին: Փաշինյանն Ալիեւից, թե ԵՄ-ից էր վախեցել՝ զորախումբ չուղարկելով, դժվար է ասել, բայց փաստ է՝ Հայաստանն այնտեղ ներկայացավ այնպես, ինչպես որ կա հիմա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այն է՝ անդեմ, խեղճ, թշվառ ու ընկճված:

Մոսկովյան այցից առաջ Նիկոլ Փաշինյանը Էստոնիա մեկնեց ու այդ այցը մեկնաբանվեց՝ որպես հնազանդության ժեստ Եվրոպային ու «մեղայական»՝ Կարմիր հրապարակում «ստիված» գտնվելու համար: Ըստ տարածվող տեղեկությունների, Էստոնիայում պաշտոնական հանդիպումներից բացի նա այլ՝ ավելի կարեւոր ու գաղտնի հանդիպումներ է ունեցել: Խոսք է գնում ՄԻ6-ի  ու Թուրքիայի հատուկ ծառայության ղեկավարների հետ հանդիպման մասին: Համապատասխանում է արդյոք այս տեղեկությունն իրականությանը, թերեւս, կտեսնենք առաջիկա հնարավոր զարգացումներ լինելու դեպքում:

Բայց, վերադառնանք Մոսկվա: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գնահատելով Փաշինյանի այցը՝ շեշտում է, որ այն Փաշինյանի ու նրա վարչակարգի համար հայ-ռուսական հարաբերություններում որեւէ էական փոփոխություն չի բերի, ավելին, նրա խոսքով,  հայաստանյան հասարակության ու նաեւ էլիտայի մի հատվածում կարծում են, թե գեոպոլիտիկ ուժային կենտրոններում՝ այդ թվում նաեւ Ռուսատանում, միամիտներ կամ հիմարներ են նստած, որոնք պարզապես լսում են, թե ինչ է ասում այս կամ այն երկրի ղեկավարը այդ պահին ու ըստ այդմ էլ տվյալ երկրի ու կոնկրետ ղեկավարի հանդեպ քաղաքականություն են վարում: 

«Բոլորս հասկանում ենք, որ պուտինյան Ռուսաստանը եւ Վլադիմիր Պուտինը բավականին լուրջ ազդեցություն ունեցող քաղաքական գործոն են, որոնք վերադարձել են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շարք՝ Սովետական Միության փլուզումից հետո: Այդ մարդը, ինչպես ասում են, կյանքի տղա է, նա, երբ հարկավոր է՝ ուժով է հարցեր լուծում, երբ հարկավոր է՝ դիվանագիտությամբ, ոչ թե այն, ինչ Հայաստանի իշխանությունն է իրենից ներկայացնում: Այսինքն, այդ մարդկանց չենք կարող միամիտ հարիֆների տեղ դնել, նրանք շատ լավ հասկանում են,  թե ինչ է իրենից ներկայացնում Փաշինյանն ու իր վարչախումբը, նրանք ուղնուծուծով գիտեն, թե նրանցից յուրաքանչյուրն ով է ՝ սկսած անձնական կյանից, մինչեւ ֆինանսներ, ու այն, թե նրանք որտեղ ինչ են խոսում: Ուստի, մտածել, թե  Փաշինյանը որոշել է Մայիսի 9-ին  գնալ շքերթի ու դրանից հետո իր նկատմամբ ՌԴ վերաբերմունքը փոխվելու է, միամտություն է կամ հիմարություն: Պարզ է, որ այն սառնությունն ու ցուցադրական արհամարհական  ժեստերը, որ արվում էր Կրեմլի պրոտոկոլի կողմից Փաշինյանի հանդեպ, ցույց է տալիս, որ նրան  առանձնապես բանի տեղ չեն դնում»,- «Հրապարակ»-ին ասում է Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, որը Պուտինը Փաշինյանին ուղղեց զորահանդեսից առաջ պաշտոնական ողջույնի ժամանակ՝ հարցնելով Փաշինյանին, թե այսօ՞ր է եկել: «Դիվանագիտական տեսնակյունից, այդ հարցը նշանակում է՝ դու այնքան անհետաքրքիր ես, որ ես նույնիսկ տեղյակ չէի՝ եկել ես, թե՞՝ ոչ, մինչդեռ նա իր բոլոր հյուրերի հետ մայիսի 7-ից սկսած պաշտոնական հանդիպումներ է ունեցել, որոնք նաեւ այսօր են շարունակվել:  Շատերը, անգամ տարբեր խոչընդոտներ հաղթահարելով հասել են Մոսկվա՝ Պուտինի հետ հարցեր լուծելու, դիվիդենտներ քաղելու իրենց այցելությունից՝ չնայած նրան, որ արեւմտյան որոշ շրջանակներ ամեն ինչ անում էին, որ նման այցեր չլինեին: Փաշինյանը չկարողացավ Պուտինից հանդիպում ստանալ, որքան ես հասկանում եմ, ՀՀ իշխանություններին մերժել են՝ ասելով, որ Պուտինի օրակարգը  զբաղված է»-ասում է Հակոբյանը՝ շեշտելով, որ Փաշինյանին Մոսկվայում իր տեղն են ցույց տվել:

Հակոբյանը նկատում է՝ միայն այն, որ հղում անելով արարողակարգին, Մոսկվայում Փաշինյանին ու Լուկաշենկոյին կողք կողքի էին նստեցրել, ցույց է տալիս, որ Փաշինյանին ուղղակիորեն ասում էին՝ մեզ քիչ են հետաքրքրում քո քաղաքական կապրիզները, դու Հայաստանում կորոշես, թե ով է «համբալը» ու ով է նստելու ԿԳԲ-ի պադվալներում: Մեր զրուցակցի խոսքով, դա արվում էր ցուցադրաբար՝ այդ թվում, հայ հասարակությանը ցույց տալու համար, թե ինչպիսին է նրա քաղաքական ու անհատական կշիռը:
Նույն վերաբերմունքը, ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը  ստանում է նաեւ Արեւմուտքում, պարզապես մենք այդ կադրերը չենք տեսնում:

Ինչ վերաբերում է հարցին, թե  ինչու Հայաստանը զորախումբ չէր ուղարկել Մոսկվա, Հակոբյանը կարծում է՝ «Փաշինյանն ուզում է եւ՛ հաճույք ստանալ, եւ՛ կույս մնալ»: Նա  վախենալու ժեստ է համարել Մոսկվա չմեկնելը,  մյուս կողմից, փորձել է Արեւմուտքին ժեստ անել, ինչպես ասում են՝ գավառական շուստրիություն, որը լուրջ մարդկանց շրջանակում միայն ծաղրի առարկա է դառնում:

Վիգեն Հակոբյանն ասում է՝ Փաշինյանը քաղաքական իզգոյացման մեջ էր եւ ինքն էլ դա ի ցույց էր դնում՝ սկսած հագուկապից, տարօրինակ գլխարկից մինչեւ դեմքի դժգոհ արտահայտությունը:
«Արեւմուտքի իր պարտնյորներին  ցույց էր տալիս, թե տեսեք ես այստեղ ինչ զզվանքով եմ նստած, ստիպված եմ եկել: Դա կոչվում է քաղաքական իզգոյացում, այդ տերմինը, ինչը, ցավոք փաստ է, բայց լավ բան չէ մեր երկրի համար: ՔՊ-ական քարոզչական գործիքներին այս սահմանումը նյարդայնացնում է, որովհետեւ իրենք հասկանում են, որ այդ իզգոյացումը վատ է ոչ միայն պետության, այլեւ իրենց ապագայի համար: Սա Փաշինյանի արտաքին քաղաքականության բերքահավաքն է»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը: