Հրայր Խաչատրյան. Գրառումներ Էրոսի էջերից

Հրայր Խաչատրյան. Գրառումներ Էրոսի էջերից

Այս տողերի մեջ հանգչում ես դու, իմ սքանչելի... իմ գարշելի...


Արդեն քսանչորս ժամ կլինի՝                                          
ինչ նա սիրահարվել է քեզ,
Իսկ դու դեռ խմում ես ու մտածում անցյալիդ մասին,
Արդեն բոլորից թաքուն ընտրեց փոշոտ, կեղտոտ,
չսափրված դեմքդ
եւ իր սրտի տակ նվագեց անունը քո,
պատկերեց ներսում,                                                            
թե ինչպես է արդուկում տաբատդ,
հետո քեզ գործի ուղեկցում,                                   
անցնում տնային կալանքի եւ սպասում, թե                                                                          
երբ կվերադառնաս 
որպեսզի ազատագրես իրեն մենությունից
Արդեն բառերի ժամանակը չի,  
որովհետեւ
Կոշտ ձեռքերովդ բաժակի փոխարեն պետք է նրան բռնես
Կարդաս Կորտասարից մի քանի տող
Ինչի արդյունքում իրեն Վարդ կզգա,                                        
կամ Ջրաշուշան,                                                                         
կամ էլ ինչ կուզի
Միայն թե գիշերը դու պետք է իր աչքերը փակես,
Միայն թե արշալույսին քո ծակող համբույրը բարեւի…
Արդեն անցած կլինի քսանչորս ժամը, եւ դու անպայման պետք է հարցնես. 
Ինչպե՞ս ես, հոգիս 
Ի՞նչ գույներ ունեին քո անուրջները:
Իսկ նա կժպտա քնաթաթախ 
եւ էլի կվերադառնա երազներին
Դու կծածկես վերմակով բացված ուսը,  
Համբույրներիդ մատուռը`
Որտեղ ժամանակ առ ժամանակ վառել ես շուրթերիդ կրակը…

***
Ճիշտ կլինի՝ 
ամեն ինչ թողնես,                                               
գնաս քո մոտ,                                                                         
ներսիդ կենդանիներին բարեւես՝ 
թռչունից սկսած մինչեւ սողուն ու անցնես գործիդ 
(որովհետեւ նրանք սրտիդ այբուբենը գիտեն),
ճիշտ կլինի, 
որ միայն համբուրես մայր բնության դեմքը՝ 
իր բոլոր հրաշքներով ու սարսափներով... 
(չէ՞ որ մի մասն ես անսահման Ամբողջի, 
ով իր գրկում խժռում է հավիտենությունը...)                        
ճիշտ կլինի՝ կոֆե խմես էդ ընթացքում 
(նրա սեւ դնչին չնայես, 
դանդաղ կուլ տաս),
կում-կում ժամդ սպանես,
նայես ժամացույցի սլաքին ու տեսնես, 
թե երկիրդ որ թվի տակ է մաշվում   
(կամ ինչպես են կաշին քերթում երկրի ժեխավորները),
ճիշտ կլիներ, 
որ էս տողերի տեղը լիներ երաժշտություն 
(ասենք՝ Բոբ Մառլիոտ կամ Բոբ Դիլանոտ. 
առաջինը կասեր don't worry, եղբա՛յր... 
երկրորդը՝ The answer is blowing in the wind, իմ ընկե՛ր)
ու դրանով ամեն ինչ կավարտվեր...

***
Իվ Մոնտանի երգերը ոտքերդ լցրել էին ջազով, 
ու դու` քեզ Մերիլին Մոնրոյի տեղը դրած, 
թափահարում էիր կիսաշրջազգեստդ` 
նրա հետ միասին մտքումդ ստեղծելով նոր հանդիպումներ,
տղամարդկանց հայացքներ,
որոնք իրենց սմոքինգներով կգան քո հետեւից ու կհիանան քեզնով, 
անխտիր կժպտան հիմարություններիդ առաջ ու հետո կուղեկցեն դեպի տուն:
Իվ Մոնտանի երգերը լավ ականջօղեր են կամ վերջաբան երազանքիդ համար:

***
Մի քանի ամիս անց մեր հայացքները կբախվեն Կենտրոնում եւ բոլոր անեծքներն ու օրհնանքները երբեմնի իրար կհամբուրեն կամ կապտակեն  
(ինչեւէ...)                                                               
Այնուհանդերձ ամիսներ հետո ձմեռ կլինի, ամեն մեկս իր ձեւով կպատսպարվենք քաղաքի տարբեր կետերում ու կսկսենք այլ կերպ նայել իրերին, 
կատարվածին...
ցրտի ժամանակ ամեն բան այլ կերպ կլինի, 
կմնա միայն ներքին դիալոգը,                                              
որ կշարունակի տանջել հասցնել այդ պրոցեսը դեպի անվերջության կամ լաբիրինթոսի...                                                      
Մի քանի ամիս հետո էլի կոլան նույն կերպ ձեռքիս մեջ սեղմած` կուլ կտամ սեւ պղպջակները, հիշելով էն դիպվածը ինչի մասին խոսում ենք երկուսս կամ անընդհատ լռում
(երեւի դու էլ սուրճի հետ նրա դեմքի սերը խմելով...)

***
Բրնձի հատիկների պես հաշվում եմ այն օրերը, երբ բաժանվեցինք

***
Բոլոր պարտություններս բազմապատկելուց ստացա քո պատկերը

***
Եթե ունենայի նորմալ ծաղկաման
Ապա թափթփված,
Փնթի չխնամված մորուքի պես հուշերս
Կտեղավորեի նրա մեջ եւ մի մեծ փնջից
Կերեւար սպիտակ ծաղիկը քո դեմքով:

***
Քո մարմինը իմ հայրենիքն է
Որտեղ ննջում եմ
Լայնացնում իմ սահմանները 
Խախտելով սահմանագիծդ:

***
Կանանց հարցում տառակեր չեմ
Զզվելի է իդեալական շարադասությունը
Սիրում եմ նրանց թեքությունը,
Կորը, քիթը
Աչքերի տակ սեւությունը հավաքվող,
Գունատ շրթունքներ,
Անկողնում թավալվող ոտքերը,
Որոնք ոչ մի նպատակ չեն կրում
Բացի ներքնակին հենվելուց:
Սիրում եմ թափթփված մազեր տեսնել այս ու այն կողմ
Դեպի հարավ եւ հյուսիս միգուցե
Արեւմուտք եւ արեւելք,
Որոնք բարեւում են աշխարհի չորս ծայրերին
Ես հավաքում եմ դրանք իմ մեջ,
Սանրում իմ ձեւով
Ձեւափոխում
Ձեւախեղում,
Պատկերում իմ գույներով
Հետո ագուցում իմ սրտին:
Նրանք չգիտեն իրենց կերպափոխության մասին,
Քանի որ ես լուռ եմ նկարում:

***
Գրպանիս մեջ հանգ եմ պահում
Մի սիրուն աղջկա տեսնեմ եւ կպցնեմ նրա գեղեցիկ ոտքերին:
Ինչո՞ւ ոտքերին,
Որովհետեւ կրքիս ցոփությունը այդտեղից է սկսվում ու ներթափանցում
Նրա երիկամները:
Հետո կսկսեմ որովայնի հետ խաղեր տալ,
Բարձրանալ կլոր սարերի բարձունքը ու հիանալ իմ վարպետությամբ:
Փորձում եմ իմ քննությունը լավ հանձնել. գերազանցիկ լինելը այս հարցում
բերկրանք է, ինչպես խնձորի հյութալի համտեսը:
Գգվանքներս օձագալար կպարեն նրա թաքուն անկյուններում,
Կսողան ու բերանով կխայթեն գարշապարը:
Ու երբ ներարկվի սրտիս թույնը,
Վարակվածին կառնեմ իմ գիրկը եւ կհանգցնեմ նրա ամոթույքը
Իմ պիրկ հականիշով:

***
Տիեզերքը ստեղծել է հազարավոր բառեր,                      
Բայց ո՛չ քո համար...
Դու արժանի չէիր                                                                                                                       
Ոչ մի բառի, եւ բառը                                                      
Արժանի չէր քեզ:                                
Քեզ բնութագրելու համար                                                  
Քիչ չէին բառերը,                                                                    
Ո՛չ էլ տողերը...                                                                   
Քիչ էին միայն սեր երգող պոետները:

***
Այն վերքերը,
Որոնք պարգեւեցի քեզ
Կխնդրեմ հիշես վարդի մասին
Որի գեղեցկությունը փշերն են պաշտպանում:

***
Այն օրերը,
Երբ նվաճում էի մարմինդ
Ինչպես Ոդիսեւսը գրավեց իր զինակիցներով
Տրոյան
Դու տապալվեցիր ողջ փառքով
Շքեղ քաղաքիդ դեմքը կորցնելով իմ մեջ:

***
Փողոցի նրբանցքներով անցնելիս հիշեցի վարդագույն կամարներդ

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ