Բա ինչի՞ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասելու հայտարարությունը․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին (տեսանյութ)

Բա ինչի՞ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասելու հայտարարությունը․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին (տեսանյութ)

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է արդարադատության նախարարության բերած Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագիծը, որն ընկալվել էր որպես ՍԴ անդամներին «կաշառելու» նախագիծ։

Նախագծին դեմ արտահայտվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը հարց ուղղեց հարցի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին, որը պնդում էր, թե ՍԴ-ն չի վայելում հանրության վստահությունը։

«Խնդրում եմ ինձ ասեք, կոնկրետ Սահմանադրական դատարանն ի՞նչ որոշում է կայացրել, որով, ըստ Ձեզ, չի վայելում հանրության վստահությունը»,-հարցրեց Պետրոսյանը։

«Էդ հարցին ես էլ կարող եմ պատասխանել»,-տեղից արձագանքեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ 

«Մի՛ հուշեք, պարոն Վարդանյան»,-փորձեց ուսանողական մոտիվներով կատակել Սուրեն Գրիգորյանը։

Ապա անցավ Պետրոսյանի հարցին պատասխանելուն՝ երկար-բարակ ինչ-որ բացատրություններ տալով։ «Երբ որ Դուք ասում եք՝ որ որոշումն ա, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, չեմ վայելում վստահություն կամ անվստահություն, երբ ժողովուրդն առանձին որոշումների․․․ խոսքն առանձին մարմնի նկատմամբ վստահության առկայության կամ բացակայության մասին ա»,-ասաց Գրիգորյանը։

Գևորգ Պետրոսյանին չբավարարեց երիտասարդ պատգամավորի երկարաշունչ, բայց ոչինչ չասող պատասխանը՝ նկատելով, որ պատգամավորն իր հարցին այդպես էլ չպատասխանեց։

«Եվ երկրորդ. էդ որ ասում եք՝ քաղաքական մարմին ա, առաջին հերթին հենց ձեր պաշտպանյալ Վահե Գրիգորյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի ընտրությունը քաղաքական ընտրություն ա։ Էս ո՞ւմ եք եկել, ի՞նչ եք ասում, ձեր կարծիքով՝ մենք հիշողություն չունե՞նք, թե՞ հավի հիշողություն ունենք։ Առաջին փոխվարչապետի մակարդակով ա ասվել, որ ՍԴ-ի խնդիրը քաղաքական իմաստ ունի։ Էս ո՞ւմ եք եկել, ի՞նչ եք ասում։ Եվ հետո, էդքան որ ասում եք՝ ամենայն հարգանքով դատավորների հանդեպ, բա որ էդքան հարգանք ունեիք դատավորների հանդեպ՝ անձամբ հենց Դուք, բա ինչի՞ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասելու հայտարարությունը։ Ու էստեղ աճպարարության տեղ չի»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը։