Տավրոսը աղացած ասֆալտ է փռել՝ գոհ ենք

Տավրոսը աղացած ասֆալտ է փռել՝ գոհ ենք

Թալինի շրջանի Աշնակ գյուղում, եթե որեւէ մեկին հարցնես, թե ինչ կուսակցության է պատկանում՝ զարմացած կնայի երեսիդ եւ հարցին հարցով կպատասխանի՝ ուրիշ կուսակցություններ էլ կա՞ն, իհարկե, դաշնակցական եմ։ Բայց սա առաջ էր, հիմա, կարծես, իրավիճակ է փոխվել: Դաշնակցականը՝ դաշնակցական, բայց աշնակցիներից շատերը մեր օրերում պարզվում է ՔՊ-ական, ավելի ճիշտ` նիկոլական են դարձել: Դրա մասին են փաստում երեկ Արագածոտնի մարզի ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Քաղպայմանագիրն Աշնակում հավաքել է ավելի քան 464 ձայն, իսկ ահա ՀՅԴ-ն, որը ենթադրվում էր, թե ամենաշատ ձայները պետք է ստանա, ստացել է ընդամենը` 53 ձայն: Այստեղից կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ն ջախջախիչ պարտություն է կրել: Մինչդեռ ծնունդով այս գյուղից են հայտնի դաշնակցականներ՝ Ռոլանդ Շառոյանը, Լիլիթ Գալստյանը։ Մենք զրուցել ենք Աշնակի համայնքապետ Խաչիկ Տոնոյանի հետ:

- Ձեր գյուղը համարվում է դաշնակցականների գյուղ.... մշտապես հայտնի է եղել դաշնակցականներով: Ինչպե՞ս ստացվեց, որ հիմա ՔՊ-ն է առաջատարը:

- Չէ, չէ, ո՞վ ասեց, որ դաշնակներ են բոլորը:

- Հիմա Դուք չեք կարող հերքել....

- Ուրեմն, ես 2003 թվականից ընտրությունների մեջ եմ ու երբեք էլ Աշնակը դաշնակների գյուղ չի եղել: Դաշնակցությունը մշտապես իր ստաբիլ ձայների քանակն է ունեցել: Որպես այդպիսին մեր համայնքը դաշնակցական համայնք չէ: Բոլոր տեղերում էլ դաշնակցականներ կան: Մեր գյուղը դաշնակցականների հետ է ասոցացվել, որովհետև նախկինում բոլոր կռվող տղերքը կամա թե ակամա անդամակցել են Դաշնակցությանը:

- Ամեն դեպքում, այսօր ՔՊ-ն է առաջատարը, ուրա՞խ եք:

- Այսպես ասեմ, ուրախ եմ ոչ թե ՔՊ-ի համար, այլ կոնկրետ անձի` Տավրոս Սափեյանի համար: Իմ ընտանիքով, իմ ընկերներով, մյուսներով, բոլորս պայքարել ենք հենց նրա անձի համար: Տավրոս Սափեյանն իմ մտերիմ ընկերն ու իմ համագյուղացին է, կապ չունի, թե որ կուսակցությունից է ինքը, ես նրան էի ընտրելու:

- Ի՞նչ լավ բան է արել Ձեր համայնքի համար Թալինի համայնքապետի ԺՊ-ն, որ այդքան հիացած եք նրա անձով:

- Շատ բաներ է արել:

- Մի բան գոնե կասե՞ք:

- Համայնքների երկրորդական փողոցներում աղացած ասֆալտ է լցրել: Դա կարելի է ասել՝ ասֆալտապատում, բայց 70 տոկոսով: Իրական ասֆալտ չի, աղացած է, բայց դե փռել են, գոհ ենք: Լավ բան է ստացվել: Անանցանելի ճանապարհները դարձել են անցանելի: Ոռոգման ջրերի հարց է լուծել, փողոցներն է լուսավորել:

- Դրա՞ համար եք համակրում նրան:

- Նա իմ ընկերն է, նրա անձն եմ կարևորում: