Ադրբեջանում գոհ են Բրյուսելյան հանդիպումից

Ադրբեջանում գոհ են Բրյուսելյան հանդիպումից

Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիեւ երրորդ եռակողմ հանդիպումը շարունակում է քննարկվել թե՛ հայկական մեդիայում, թե՛ ադրբեջանական։ Ռուսական մեդիա տարածքում այն առանձնապես լուրջ քննարկումների թեմա դեռեւս չի դարձել։ Պատճառը թերեւս այն է, որ այժմ ռուսական մեդիատարածքը եւ փորձագիտական հանրույթը գլխավորապես կենտրոնացած են ուկրաինական թեմայի վրա։ Իսկ, ընդհանուր առմամբ, արձագանքների եւ քննարկումների պատկերը հետեւյալն է․ ԵԱՀԿ-ն եւ ԵՄ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության ծառայությունը ողջունել են տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այն չափազանց դրական է գնահատել Շառլ Միշելը, ում հովանու ներքո է տեղի ունեցել հանդիպումը։ Ադրբեջանում կարծում են, որ արձանագրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր «տեղից պոկում», քանի որ, գոնե դատելով Միշելի՝ հանդիպումից հետո տարածած պաշտոնական հայտարարությունից, ամեն բան ընթանում է ադրբեջանական կողմի ուզածի պես։

Եվ, իհարկե, ադրբեջանական պետական քարոզչամեքենան ու մերձիշխանական սատելիտները չեն մոռանում հայտարարել, որ նման արդյունք արձանագրվել է շնորհիվ «իմաստուն եւ հմուտ դիվանագետ» Իլհամ Ալիեւի գործադրած ջանքերի։ Երեկ բավական յուրօրինակ կերպով ակտիվություն ցուցաբերեց նույնիսկ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Նա ադրբեջանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում միանգամից մի քանի հարցերի էր անդրադարձել։ Ըստ այդմ, Մամեդյարովը նախ ֆիքսել էր, որ հիմա կարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է, ապա ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո արդեն լիովին պարզ է, որ Ղարաբաղում ապրող ազգությամբ հայերը ուշ թե շուտ ընդունելու են ադրբեջանական քաղաքացիություն, իսկ ահա հայաստանյան ընդդիմության գործողություններն էլ որակել էր «ռեւանշիստների ձեռնարկած քայլեր»։

Ադրբեջանական քարոզչամեքենայից սնվող բազմաթիվ օտարերկրացի եւ ռուս փորձագետներ եւս եռակողմ հանդիպումը բարձր են գնահատել։ Մեթյու Բրայզան, օրինակ, այն համարել է կարեւոր հանդիպում, Իգոր Կորոտչենկոն, Մաքսիմ Շեւչենկոն եւ մյուսներն այս խմբից, բնականաբար, առիթը բաց չեն թողել՝ հերթական անգամ «երկրպագելու» Իլհամ Ալիեւին։ Ոմանք էլ, ինչպես, օրինակ, Պավել Կլաչկովը, որոշել են «Հռոմի պապից առավել կաթոլիկ երեւալ» ու հայտարարել են, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլեւս չկա, կա պարզապես «Ադրբեջանի շրջան՝ Ղարաբաղ»։

Դե, բնականաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ միացել է այս, այսպես ասած՝ «զվարճանքին» եւ զանգահարելով իր «մեծ եղբորը»՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, ասել է, որ արդեն պայմանավորվածություններ կան՝ կապված «զանգեզուրյան միջանցքի» բացման հետ։ Էրդողանն էլ բարձր է գնահատել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ադրբեջանական հասարակությունում, ինչի մասին արդեն խոսել ենք բազմաթիվ անգամներ, բրյուսելյան հանդիպումներին շատ մեծ կարեւորություն են տալիս, քանի որ համարում են այլընտրանք ռուսական հովանու ներքո իրականացվող գործընթացին, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական հասարակության մեջ կան ընդգծված հակառուսական տրամադրություններ, ինչն առավել ցայտուն երեւում է այժմ՝ ռուս-ուկրաինական ներկայիս ճգնաժամի ֆոնին։