Հարցի գինը
Lragir.am-ի մեկնաբանը, խոսելով Արցախում դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտներին Ադրբեջանում պահվող Հայաստանի երկու քաղաքացու հետ փոխանակման մասին, այսպիսի դիտարկում է անում. «Հարցն անշուշտ չափազանց բարդ է, որովհետեւ խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, Հայաստանի երկու քաղաքացու վերադարձի: Մյուս կողմից, «փոխանակումը»՝ ինչպես էլ դա կոչենք, որեւէ կերպ չի կարող դիտվել համարժեք: Ըստ այդմ, կստացվի, որ այն տեղի է ունեցել Ադրբեջանի պայմանով: Իսկ դա կնշանակի պարտություն, ընդ որում ոչ լոկալ մասշտաբով կամ հետեւանքով: Հետեւաբար, եթե քննարկվում է անգամ այդպիսի հարց, ապա անկասկած է, որ Հայաստանը եւ Արցախը պետք է ստանան շատ ավելին: Թե որքան, իհարկե բարդ է ասել, եւ դա կախված է այն բանից, թե ինչ արժեք կամ գին ունի Ադրբեջանի ու Ռուսաստանի համար նրանց երկքաղաքացի Ասկերովը եւ Ադրբեջանի քաղաքացի Գուլիեւը» եւ ամփոփում գրեթե հռետորական հարցադրմամբ. «Ունե՞ն Հայաստանը եւ Արցախը այդ հարցի պատասխանը, իր գինը եւ պայմանը սահմանելու համար, անկասկած արձանագրելով, որ չի կարող գին ունենալ Հայաստանի կամ Արցախի որեւէ քաղաքացու կյանք»: Խնդրին անդրադարձել է նաեւ «Թուրան» գործակալությունը եւ հնչեցրել բավական ուշագրավ միտք: Ըստ այդմ, Արցախում կարող է իրավական գործընթաց սկսվել, երբ ադրբեջանցի դիվերսանտները կընդունեն իրենց մեղքը, խնդրագրով կդիմեն նախագահ Բակո Սահակյանին եւ կարժանանան ներման:
Կարելի՞ է համարել, որ Ադրբեջանը միջազգային կառույցների, հատկապես՝ ԿԽՄԿ-ի միջոցով, որի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Արցախում պատիժ կրող երկու դիվերսանտներին, նման ուղերձ արդեն իսկ փոխանցել է նրանց: Ադրբեջանի կողմից Արցախի արդարադատության եւ իշխանությունների իրավազորության ճանաչումը կարո՞ղ է այն գինը լինել, որի դիմաց պաշտոնական Ստեփանակերտը կհամաձայնի ներում շնորհել երկու ադրբեջանցի դիվերսանտի:
Կարծիքներ