Ժամանակակից գրականություն․ ինչո՞վ այն ուտել

Ժամանակակից գրականություն․ ինչո՞վ այն ուտել

Չափորոշիչների կռիվը չէր լինի, եթե թեման գրողների վրա չտարածվեր։ Հենց դա էլ կանխորոշեց դեպքերի հետագա ընթացքը։ Ավելին, այն դարձավ սերունդների կռիվ։ Ավագ գրողներն ու գրականագետները դուրս եկան երիտասարդ գրողների ու գրականագետների դեմ։ Յուրաքանչյուր սերունդ՝ իր համակիրներով։ 

Մյուս կողմից պարզ էր, որ տեղի է ունենում մի բան, որը չէր կարող գրականության ներկայացուցիչների ուշադրությունից դուրս մնար։ Թեման, ի վերջո, այդպես էլ չափորոշիչներին չվերաբերեց։ Ագրեսիան տեղափոխվեց յուրաքանչյուրի արժանիքների քննարկման դաշտ։ Գրական ստեղծագործությունը վերածվեց ծաղրի ու ծանակի թեմայի։

Գրականությունը բոլորի աչքի առաջ դառնում էր «աչքի գրող»։ Փաստ է, որ ստեղծագործությունների դասավանդման նոր չափորոշիչների ներմուծումն անխուսափելի է, դրանք երեխային աշակերտից վերածում են համահեղինակի։ Բայց ինչո՞ւ «Օբլոմովների տանը կռիվ ընկավ»։ Իսկ կռիվն ընկավ, որովհետեւ դեռ գրականագիտական մի քանի մաղով չանցած՝ գիրը, տեքստը ուղղակի մի չափորոշիչի հրապարակումով առերեսվեց իր հանդեպ վերաբերմունքին։ Կենդանի, ապրող գրողը տեսավ, որ ինքը հաշիվ չէ, իսկ նա, ով հաշիվ է, արժանի չէ։ Աղմկարարների մի մասը հաշվի չէր առել, որ այդ հեղինակներն ասպարեզ են «նետվել» քննարկման համար։ 

Այստեղ արդեն իմաստ չուներ մտածել էթիկական այն սկզբունքի մասին, որ կենդանի գրողը հայտնվում է հարյուրավոր այլ կենդանի գրողների թիրախում, նրան ոչնչացնելու են աջից ու ձախից։ 

Իսկ ինչպե՞ս շարունակել քննարկումը կենդանի գրողների գոյության պարագայում։ Չես կարող բոլոր գրողներին սպանել ու հանգիստ շարունակել քննարկումը։ Նրանք, իհարկե, քննարկումն առավել ագրեսիվ հուն են տեղափոխում, բայց նրանք, ի վերջո, գրող են, նրանց խոսքը լինելու է սրված արժանապատվության անունից, հետեւաբար՝ էմոցիաները նույնպես լինելու են սրված, քանի որ գրականությունն ինքնին առանց էմոցիաների գոյություն չունի։ Արամ Պաչյանը, Գրիգը եւ Արմեն Հայաստանցին առաջին հարվածներն ընդունեցին իրենց վրա, թեպետ դասագրքերի մեջ ներմուծվելու ենթակա նրանց ստեղծագործություններում հակաաշակերտական ոչինչ չկար։ Հասմիկ Սիմոնյանի «Մեղուներ պահող աղջիկը» նույնպես չխուսափեց պիտակավորումներից, որոշ պիտակներ բաժին հասան նաեւ Մարինե Պետրոսյանին։ Պարզվեց նաեւ, որ դասագրքերի հեղինակները որոշ բանաստեղծություններ վերցրել էին ուղղակիորեն Ֆեյսբուքից, ինչպիսին Տիգրան Պասկեւիչյանի «Գերմանն այսօր ինձ նկարեց, ու ես դարձա նկար» գործն էր։ 

Որտե՞ղ սխալվեցին չափորոշիչների հեղինակները։ Հիմնական սխալն այնտեղ էր, որ ժամանակակից գրականության խայտաբղետությունն ապրող գրողների պարագայում, որոնց հավանաբար սպանիչ մեծամասնությունը մեկ վայրկյան իսկ կասկած չուներ, որ իր գրեթե յուրաքանչյուր գործ ուշադրության արժանի է, մի հրապարակումով բացահայտեց, որ ինքը դասագրքի բան չէ։ Նախարարությունը ստիպված եղավ հրապարակել «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչներով դասագրքի «Լրացուցիչ ընթերցանության եւ նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)» ցանկ։ Պարզվեց՝ ժամանակակից գրողների մեծ մասն այդ ցանկում կա։ Ըհը։ Ժամանակակիցների բերանը փակվեց։ 

Մնաց գրականագետների հարցը։ Երիտասարդ գրականագետները, այսպես թե այնպես, նոր չափանիշների օգտին էին խոսում։ Ավագ գրականագետները եւ ուսուցիչների մի մասը չէին հաշտվում այն մտքի հետ, որ դասագիրք է մտնում մի «չլսված» լեզու։ Նրանք մինչեւ հիմա էլ պնդում են իրենցը՝ ժամանակակից գրականությունը կայլասերի դպրոցականներին, այդ գրականությունը նրանց մեջ հայրենասիրություն չի խթանի։ Սա թույլ տեսակետ էր։ Հայրենասիրությունը դասագրքերում խթանվում էր առավել դասական, հետեւաբար՝ հանգուցյալ այլ հեղինակներով։ Ու խնդիրն ամենեւին էլ թեմատիկան չէ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Գրականության թեման միշտ գրականությունն է։ Այնպես, ինչպես երեխան սովորում է մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության նվաճումները, այդպես էլ պիտի գործ ունենա գրականության նվաճումների հետ։ Դպրոցի առաջին տարիներին նրա սովորելիքը հիմունքներն են։ Հետո սկսվում է առավել վերլուծական փուլը, շրջակա միջավայրի, «խուրդումը»։ 

Ժամանակակից գրականությունը նոր գրականություն է,  որը մինչ այդ եղածի հիման վրա է ստեղծվում։ Բայց նրա լեզուն, պատումի, պատկերի լուծումները, նույնիսկ ցինիզմն այլ են։ Դպրոցականը դրանցում հաստատ իրեն հարազատ մի բան գտնելու է, որովհետեւ ինքն արդեն այդ լեզվի միջավայրում է, դրանից բացի, մենք 30 տարի է՝ ստեղծում ենք ժամանակակից գրականություն, մի տեսակ հասկանալի չէ, թե ինչու այն չպետք է արտացոլվի դասագրքերում։ Առավել անհասկանալին, այնուամենայնիվ, այն է, որ նախարարությունն ուզում է պրծնել մի քանի ստեղծագործություն դասագրքեր խցկելով, իսկ հետո լուրջ դիմադրության հանդիպելով՝ դրանք դասագրքերից հանելով ու «Լրացուցիչ ընթերցանության եւ նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)» ցանկի մեջ մտցնելով։

Իրականում, ժամանակակից գրականությունն իր խայտաբղետությամբ աննախադեպ է, այն պետք է ուսումնասիրվի առանձին։ Երեխան, այսպես թե այնպես, դրանց վրա է աճելու, որովհետեւ հենակետային հեղինակներին՝ Նարեկացի, Սայաթ-Նովա, Մեծարենց, Թումանյան, Չարենց, անցնելու է ավելի վաղ կամ, թերեւս, ավելի ուշ։ Ժամանակակից գրականությունը պետք է դառնա առանձին առարկա՝ առանձին ուսուցչով։ Թեպետ դա էլ իր հերթին նոր հակամարտության պատճառ է դառնալու, որովհետեւ սա մի առարկա է, որի հիմնական հեղինակները լինելու են կենդանի մարդիկ, թեպետ կան, դիցուք, Սլավիկ Չիլոյանը, Դավիթ Հովհաննեսը միայն մեկ բանաստեղծությամբ, Աշոտ Ավդալյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ այլք։ Առանձին առարկան կարգելափակի նրանց լեզուն, որոնք ժամանակակից գրողներին չեն ուզում տեսնել վաղուց մահացած դասականների հետ նույն դասագրքում։ Մի խոսքով, էս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։ 

Մհեր Արշակյան 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ