Պատրանք և իրականություն

Պատրանք և իրականություն

Անկախ այն բանից, թե այսօր կորոնավիրուսն ինչ ծավալներ է ընդունում, ԱԺ-ում ինչ հարաբերություններ են զարգանում, վարչապետն ինչ նոր 100 փաստ է արձանագրում, մեզ համար գլխավոր հարցը մնում է ղարաբաղյան հակամարտության ճակատագիրը, որը 1988 թվականից առայսօր համազգային գերխնդիր է: 

Մանրամասների մեջ չխորանալով՝ արձանագրենք տեսանելին․ ռազմական հաղթանակ, Արցախի եւ հարակից շրջանների ազատագրում, թշնամուն պարտադրված զինադադար եւ... պերմանենտ բանակցություններ:

Բանակցային գործընթացի առկայությունն այս համատեքստում հուշում է, որ մենք դեռեւս գտնվում ենք պատերազմական վիճակում, իսկ պատերազմները, որպես կանոն, ավարտվում են 2 դեպքում. երբ ստորագրված է կապիտուլյացիա կամ հակամարտող կողմերի միջեւ հաշտության պայմանագիր: Այս պայմաններից եւ ոչ մեկը չկա, հետեւաբար, ինչպես ցույց են տալիս ներկայիս քաղաքական զարգացումները, հաղթանակի հասնելու համար մեզ դեռեւս սպասվում է բարդ եւ դժվարին ճանապարհ:

Զինադադարները միջանկյալ կարգավիճակ են միջպետական հարաբերությունների հետագա ձեւավորման համար: Սակայն զինադադարի հաստատումը դեռեւս չի ենթադրում պարտադիր այդպիսի վերջաբան: Պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել, եւ ռազմական ընդհարումները վերսկսվել են:

Բանակցությունների մասին․ անցած տարիների ընթացքում դրանք որեւէ շոշափելի առաջընթաց չեն արձանագրել: Հակառակը՝ հիմա ավելի բարդ եւ խճճված բնույթ ունեն, քան 1994թ. մայիսին, երբ ստորագրվում էր զինադադարը: Անցյալին հետադարձ հայացք նետելով՝ մի բան կարող ենք համոզված ասել, որ հարմար պահը մեր ձեռքից բաց ենք թողել: Պատճառները տարաբնույթ են, որտեղ, անշուշտ, իրենց տեղն ունեն մեր կողմից թույլ տրված սկզբունքային սխալները: Այս մասին ժամանակին բազմիցս խոսվել է, քաղաքական հարթակներում վերլուծվել եւ քննադատվել: Բանակցային գործընթացի 26-ամյա պատմությունը հուշում է, որ չկա հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կամք: Սա հավասարապես վերաբերում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանություններին: Կա՞ն արդյոք հիմնավոր պատճառներ նման եզրակացության համար: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների շրջանակներում քիչ թե շատ ձեւավորված համաձայնությունը վերաբերում է հարցի խաղաղ կարգավորման նպատակով փոխզիջումների կիրառմանը: Սակայն դա իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր՝ երկու երկրների իշխանությունների համար: Հենց այստեղ լույս աշխարհ է գալիս գլխավոր մտատանջությունը՝ ի՞նչը զիջել, ինչքա՞նը զիջել, ի՞նչ պայմաններով, ինչպիսի՞ փաստաթուղթ ստորագրել ու այդ ամենից հետո զերծ մնալ սեփական ժողովրդի կողմից ազգային դավաճանի պիտակից: Նման ճակատագրից խուսափելու համար մնում է թերեւս մեկ ելք՝ ձգձգել բանակցությունները, տարբեր պատրվակներով խաղալ ժամանակի վրա, մինչեւ որ… «կա՛մ էշը կսատկի, կա՛մ՝ էշատերը»։ Այսինքն՝ իրականում ոչ թե նպատակաուղղված բանակցությունների գործընթաց է տեղի ունենում, ինչպես փորձում են ցույց տալ, այլ դրա քողարկված իմիտացիա։

Հայ հասարակական-քաղաքական կյանքում որոշակի հույսեր արթնացան 2018թ․ հեղափոխությունից հետո, երբ դրա արդյունքում ձեւավորվեց լեգիտիմ, ժողովրդի լիակատար համակրանքը վայելող իշխանություն, եւ վերջինիս նոր ղեկավարը, քննադատելով նախորդների վարած քաղաքականությունը, խոստանում էր ղարաբաղյան հակամարտության մեջ որդեգրել նոր սկզբունքային դիրքորոշում։ Սակայն առայսօր անորոշությունների շարքը չի պարզվում: Անցած երկու տարիների ընթացքում միակ քիչ թե շատ թափանցիկ երկխոսությունը, որ ի ցույց դրվեց հանրությանը, Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպումն էր: Այստեղ մենք ականատես եղանք մի հետաքրքիր երեւույթի: 

Պատմություն չունեցող պետության ղեկավարը հանդգնում էր խոսել անցյալից, ռազմադաշտում պարտված բանակի գլխավոր հրամանատարը հոխորտում էր՝ ցուցաբերելով ագրեսիվ պահվածք։ Ալիեւն ընտրել էր իր համար շատ խոցելի մարտավարություն: Թվում էր՝ նրան ջախջախելը կամ «պատին ծեփելը» Փաշինյանի համար որեւէ դժվարություն չէր ներկայացնելու: Սակայն, դժբախտաբար, դա տեղի չունեցավ: Մեր վարչապետը «զարմացրեց» ներկաներին՝ խոսելով Արշակունիներից եւ Բագրատունիներից, հասավ մինչեւ Տիգրան Մեծ՝ մոռանալով հակամարտության պատմությունը։ Հետո սկսեց Ալիեւին ինչ-որ անհասկանալի հեղափոխական միջոցառումների կարեւորությունը բացատրել... Մի խոսքով, երեւաց, որ բուն խնդրի համար Փաշինյանը պատրաստ չէր, որտեղ մեղքի իրենց բաժինն ունեին թե՛ կառավարության, թե՛ ԱԺ համապատասխան կառույցները:

Մյունխենում մեր վարչապետը եւս մեկ անգամ կրկնեց, որ հարցը պետք է լուծել այնպես, որ ձեռնտու լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Արցախի ժողովրդին: Արտաքինից՝ հնչեղ, բայց բովանդակությամբ ոչինչ չասող այս ձեւակերպումը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ ե՛ւ գայլերն են կուշտ, ե՛ւ ոչխարներն են ողջ։ Ձգձգվող բնույթ ստացած բանակցությունների գործընթացում իրենց դերակատարությունն ունեն նաեւ Ռուսաստանը եւ Արեւմուտքի երկրները՝ իրենց երկդիմի քաղաքականությամբ: Հարցն իր նշանակությամբ հայտնվել է խոշոր տերությունների շահերի բախման կիզակետում, դուրս եկել իր աշխարհագրական սահմաններից:

Իսկ ղարաբաղյան հարցի կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խումբն իր գործունեությունում, անկախ հարցի լուծման տարբերակներց, հիմնականում առաջնորդվում է Հելսինկյան սկզբունքներով, որտեղ ամրագրված են ե՛ւ տարածքային ամբողջականության պահպանման, ե՛ւ ազգերի ինքնորոշման իրավունքի համապատասխան ձեւակերպումները: Բնականաբար, հարցի լուծման համար Ադրբեջանին ձեռնտու է սկզբունքներից առաջինը, իսկ Հայաստանի համար՝ ինքնորոշման իրավունքը։ Հիմա, այս թնջուկում որի՞ն տալ նախապատվությունը, ո՞րն է առաջնայինը։ Նման իրավիճակում երեւի ավելի հեշտ է պատասխանել այլ հարցի՝ հա՞վն է ձվից առաջացել, թե՞ հակառակը:

Այսքանից հետո մնում է եզրակացնել, որ ինչքան էլ չուզենանք, խնդրի լուծման առավել հավանական տարբերակը մնում է նոր պատերազմը, որի վերսկսման ժամանակացույցը թաքնված է Հայաստանից եւ Ադրբեջանից դուրս՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումների հորձանուտում: Կկարողանա՞նք ինչպես հարկն է պատրաստ լինել դրան՝ մեր հերոսների արյունով ձեռք բերվածը հասցնել տրամաբանական ավարտին, կախված է մեր խոհեմ, պատրանքներից զուրկ քայլերից:

Վահան ՀԱՐՈՅԱՆ
Պատմաբան