Նորերն ու հները

Նորերն ու հները


Եվ այսպես, Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին  «Հրապարակի»  կանխատեսումն իրականություն դարձավ և ոստիկանապետի ազատման հրամանագիրն այսօր կեսօրի դրությամբ արդեն հրապարակված էր։ Այս տեղեկատվությունը դեռ երեկվանից, հատկապես 2008 թվականի մարտիմեկյան օրերի ամենաակտիվ մասնակիցների շրջանում, մասնավորապես, ՀԱԿ-ականների մեծ ոգևորության և անգամ մեմերի առիթ էր դարձել։ Վալերիյ Օսիպյանին հիշում էին նախկին քաղբանտարկյալների դատավարություններից և Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքներից, ոչ թե 2018-ի իրադարձությունների եզրափակիչ փուլում այն լուսանկարից, երբ Վալերիյ Օսիպյանը հեղափոխության ավարտից հետո սելֆի է անում ցուցարարների հետ («ոստիկանը մերն է» կարգախոսի համատեքստում) հիշողները նրան իրավամբ ասոցացնում են Ռոբերտ Մելքոնյանի հետ, ով հիմա պարոն Օսիպյանի հետ բարիկադների հակառակ կողմում է։ 

Ամբողջ խնդիրը, սակայն այն է, որ եթե հավատանք օդում կախված լուրերին՝ նրան հիմա փոխարինելու է Հունան Պողոսյանը, ով, ի տարբերություն  Օսիպյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա հեռանալուց հետո հրաժարականի դիմում գրեց։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման», -գրել էր Հունան Պողոսյանը և իր ու համակարգի արժանիքների թվում հիշատակել այն, որ «վերջին իրադարձությունների»  խաղաղ հանգուցալուծման գործում մեծ դեր էր ունեցել ոստիկանության ողջ համակարգը։ 

Հունան Պողոսյանը հայտի է ոչ միայն փողոցային տարբեր խաղաղ ակցիաների մասնակիցների հանդեպ բռնություն կիրառող գործողությունների հրամանատար, այլև 2015-ին նա Սերժ Սարգսյանի երրորդ վարչապետությունը նախապատրաստող սահմանադրական փոփոխությունների օպերատիվ շտաբի ղեկավարն էր, որը դրանից 3 տարի անց և հեղափոխությունից 3 ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր․«Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել ու շարունակելու է» և «միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է»։ 

2008-2010 -ին էլ  զբաղեցնելով  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը՝  մինչև ուղնուծուծը ոստիկան Հունան Պողոսյանը լծված  էր «մարտիմեկյան գործերով» ոջիլներ ու վիժվածքներ հայտնաբերու գործին։
Նրա՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու ժամանակ լրագրող Մհեր Արշակյանը գրել էր․«Ես ասում եմ՝ մարդը եղել է քրեական իշխանության մաս: Եթե Մանվել Գրիգորյանն այդպիսին էր, եթե Կարո Կարապետյանն այդպիսին էր, եթե Սուրիկ Խաչատրյանն այդպիսին էր, նրանց բոլորին սանձողը պիտի լիներ նաև Հունան Պողոսյանը: Մինչդեռ այդպիսի իշխանության մեջ փոխոստիկանապետ լինելը նույնն է, ինչ թալիբների մոտ մշակույթի նախարար լինելը: Պարզ չէ՞, թե ինչ մշակույթ պետք է քարոզվեր»։

Իհարկե, նոր Հայաստանում Հունան Պողոսյանին նշանակումն արդեն իսկ մեկ անգամ մատուցվել էր որպես նարքոթրաֆիքինգի օջախ հանդիսացող Սյունիքում այդ շարժերի դեմ պայքարելու պոտենցիալն ունեցող միակ ոստիկան։ Հիմա էլ՝ ըստ օդում կախված լուրերի՝ նշանակվում է Ամուլսարի դիրքապահների ու բնապահպանների դեմ ավելի արմատական միջոցներով պայքարելու համար։ Թեև խոսվում է, որ ոստիկանապետի մշտական հավակնություններ ունեցող Հունան Պողոսյանը հիմա արդեն ինքը չի ցանկանա այս փուլում կեղտոտվել։ Ամեն դեպքում, Վիլեն Գաբրիելյանի նշանակումը, որն արդեն չի բացառում իր հավակնությունները, այս պահին հնարավոր չէ, քանի որ քաղաքացիական ոստիկանապետի նշանակումը նախապատրաստող օրինագիծը դեռ օրենքի ուժ չունի։