Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները ղալաթ են անում

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները ղալաթ են անում

ՀՅԴ երիտասարդական միությունը պահանջում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մինչեւ նոյեմբերի 7-ի կառավարության հերթական նիստը հրաժարականի դիմում ներկայացնի: Որպես հիմք՝ մատնանշվում է դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը, նաեւ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը, ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները, մասնավորապես՝ ծանրամարտիկ, սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը։ Նախարարի շուրջ կրքերն էլ ավելի շիկացան, երբ նա հայտարարեց, որ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու․ «Սատանիզմի հիմքով համերգների չեղարկում այլեւս չի լինելու Հայաստանում, մտացածին հիմքերով ինչ-որ բաների չեղարկում չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետեւ անկախ պետության գրավականներից մեկն ազատ արվեստն է»։ Ազատ եւ չգրաքննվող արվեստի մասին նախարարի պատկերացումները քաղաքացիների եւ անգամ մտավորականության որոշ շերտի մոտ վախեր առաջացրին։ Ի պատասխան դրան՝ Հարությունյանը նախօրեին հորդորեց արվեստագետներին արտահայտվել՝ նշելով, որ «երբ արվեստագետները խոսեն, աղմուկը կվերանա»։ 

Բանաստեղծ, թարգմանիչ, 1991-96 թվականներին ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը մեզ հետ զրույցում արձագանքեց նախարարի հրաժարականի պահանջին․ «Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները ղալաթ են անում, թող գնան մտածեն իրենց կաշառակեր կառավարությունների, նախարարների մասին, որոնք ամբողջ համակարգը քաղաքականացրին, այլասերեցին եւ մեր սերունդներին դարձրին կիսագրագետ»։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու, եւ արվեստը լինելու է ազատ, Հակոբ Մովսեսն ասաց․ «Ապշելու է՝ նախկինում արվեստի ազատությունն արվեստագետներն էին պաշտպանում չինովնիկներից, այսօր չինովնիկներն են ստիպված այն պաշտպանել արվեստագետներից։ Խնդրի մասին ասեմ հետեւյալը․ բացարձակ ազատություն գոյություն չունի ո՛չ իրավական ոլորտում, ո՛չ քաղաքական, ո՛չ սոցիալական։ Միակ տեղը, որտեղ այն ձգտում է բացարձակության, արվեստն է։ Այստեղ թող սատանիզմներով չվախեցնեն, իսկ հայտնի մի արտահայտությունը վերախաղարկելով՝ սատանաները թող Ավետարանից մեջբերումներ չանեն։ Այստեղ ոչ մի արգելք ու խոչընդոտ չպետք է լինի։ Ոչ մի ցենզուրա, խոչընդոտ կամ արգելք։ Այստեղ միայն մի ցենզուրա եւ արգելք կարող է գործել՝ հասարակական ճաշակը։ Ուզո՞ւմ եք, որ որեւէ անճաշակ կամ էժանագին բան չիշխի․ կրթության, գիտության եւ հենց իր՝ արվեստի միջոցով բարձրացրեք հասարակության եւ ժողովրդի ճաշակը։ Դրանից բացի ուրիշ գլավլիտ չկա։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկրում լինի ընտիր մշակույթ, այսպես ասած՝ էլիտար մշակույթ, մենք պետք է ունենանք ընտիր ճաշակ ձեւավորող մանկապարտեզ, դպրոց, համալսարան․ սա է սկզբունքը։ Իսկ նրանք, ովքեր այսօր աղաղակում են, որ ճաշակի գլավլիտ մտցնենք եւ այլն, իրենք սովետի ժամանակի գլավլիտի ջատագովներն են, որովհետեւ, երբ գլավլիտը հանում ես, նրանցից տակը բան չի մնում։ Պարզվում է, որ նրանց արժեք տվողը հենց գլավլիտն է եղել»։

Հակոբ Մովսեսը հետեւում է ԿԳՄՍ նախարարի գործունեությանը եւ կարծում է, որ Ա․ Հարությունյանը շատ լավ նախարար է․ «Կարծում եմ՝ ինքը մեր լավագույն 4-5 նախարարներից մեկն է՝ հասուն, խոհեմ, ռիսկով, այսօրվա չափանիշներով մտածող եւ, ամենակարեւորը՝ գալիք հասարակության մտահոգություններով»։

Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որտեղ առաջ է քաշվում նաեւ բուհերում հայագիտական առարկաների դասավանդման նպատակահարմարությունը, ինչը նույնպես բացասաբար անդրադարձավ ԿԳՄՍ նախարարի վարկանիշի վրա։

«Այդ խնդիրը հիմնովին չեմ ուսումնասիրել, բայցեւայնպես, չեմ հավատում, որ այս կառավարության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք հակահայագիտական, հայոց լեզվին ու գրականությանը, հայոց մշակույթին ու պատմությանն անհարիր կեցվածք ունենան։ Ինչքան հասկացել եմ՝ խոսքն ուսուցման մեթոդիկայի եւ տեխնիկայի մասին է։ Ես կխնդրեի պարոն նախարարին, որպեսզի նա գաղափարը մամուլով կամ հեռուստատեսությամբ մեկնաբանի, հասկանալի դարձնի, այդ ժամանակ կքննարկենք, եւ եթե որեւէ բան դուրներս չգա, կասենք եւ մեր առաջարկները կանենք։ Բայց այսօր տեխնիկական խնդիրը դարձնել առիթ եւ նենգափոխել, աղմուկ-աղաղակ բարձրացնել՝ ես սա համարում եմ տասնամյակներով հայրենիքը լափածների եւ լափողների կողքին ձայն չհանածների  հերթական հայրենասիրական տրյուկը»։