Քանի՞ ընթերցողի հետ է խորհրդակցել Ազգային գրադարանի քարտարանը տեղափոխելու համար

Քանի՞ ընթերցողի հետ է խորհրդակցել Ազգային գրադարանի քարտարանը տեղափոխելու համար

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը, ով դիմել էր խմբագրություն, խիստ անհանգստացած է Ազգային գրադարանի քարտարանների տեղափոխման հարցով։ Ըստ նրա, տնօրինությունը նախատեսում է Ազգային գրադարանի քարտարանը տեղափոխել ավելի նեղ եւ մութ սենյակ, իսկ քարտարանի ներկայիս լուսավոր սենյակը դարձնել ազատ ընթերցասրահ։ «Որտեղ ով ինչ ձեւով ու դիրքով ուզի՝ գիրք կարդա։ Այն, ինչ արվում է, հրապարակային կապիկության համար է եւ Ազգային գրադարանի գործառույթների մեջ չի մտնում»,- ասում է Դեւրիկյանը, ում կարծիքով՝ այդ քայլով վտանգվում է Հայաստանի գրքային ժառանգության մի մասը, որը կենտրոնացված է հենց Ազգային գրադարանի քարտարանում։

Վ․ Դեւրիկյանը թվարկում է այդ վտանգներից մի քանիսը․ «Թեպետ Ազգային գրադարանի հայերեն քարտարանը թվայնացված է, սակայն որոշակի մասնագիտական բարդություններ կան, եթե դու առարկայորեն քարտը չունես։ Հետո՝ ռուսերեն ու օտար լեզուներով մնացած քարտերը թվայնացված չեն, այսինքն՝ եթե ինչ-որ մի ձեւով այս քարտարաններին վտանգ սպառնա, այդ ամբողջ սերունդների արված աշխատանքը ջուրն է ընկնելու։ Քարտարանի ներկայիս սրահը լուսավոր է՝ մեծ, լուսավոր պատուհաններով եւ բարձր առաստաղով, որը նպատակային է արվել, որպեսզի ընթերցողները կարողանան քարտերը լրացնել։ Իսկ այն սենյակը, որ առաջարկվում է այս լուսավոր քարտարանի փոխարեն, փոքր է՝ կիսանկուղային հարկում։ Այսինքն՝ մոտավորապես 100 հազարավոր քարտեր ռեալ վտանգի են ենթարկվելու եւ դատապարտվելու են ոչնչացման»։

Մյուս խնդիրը, ըստ նրա, սպասարկման բարդությունն է, ինչի արդյունքում գրադարանային ներքին համակարգի տրամաբանությունը խախտվում է։ «Քարտարանը լինում է ընթերցասրահին կից, հիմա եթե տեղը փոխվում է, իսկ գիտաշխատողն ընթացքում մի բան կարդում է եւ տողատակում մի աղբյուր է գտնում, որը պետք է գնա պատվիրի, պետք է շենքից դուրս գա, գնա պտտվի, նկուղը մտնի եւ այնտեղ պատվիրի»։  

Դեւրիկյանը կարծում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մեծ անհարմարություն կլինի տեղափոխված քարտարանի սրահի աստիճաններից օգտվելը, որոնք հարմարեցված չեն հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար։ «Խախտվում է նաեւ գրքերի պահպանության ռեժիմը, որովհետեւ այդ սենյակը նախատեսված չէ ընթերցասրահի համար, եւ գրքերի օդափոխման, ջերմային ռեժիմ չկա։ Եվ եթե գիրքը բերես այդտեղ, կարող է սնկային մի հիվանդությամբ հիվանդանալ, որը հետո, եթե տանես մեկ այլ տեղ, վարակի։ Բացի այդ, ընթերցասրահի դահլիճները երկու ոստիկանական համակարգերի պահպանության հենակետերի մեջ են գտնվում, որպեսզի գրքերին վտանգ չսպառնա։ Իսկ եթե քարտարան դարձնենք, դա պահպանության հենակետից դուրս է, հիմա ինչ՝ մի նոր հենակե՞տ են դնելու։ Մի քանի տասնյակ ընթերցողներ առաջարկում են, որ վաղվանից պիկետ անենք եւ չթողնենք, որ քարտարանները տեղափոխեն։ Դա անթույլատրելի է, բոլոր տիպային տեղերում՝ Խորհրդային Միության նախկին հանրապետություններում, եվրոպական գրադարաններում քարտարանները հատուկ ձեւ ունեն, եւ այդ փոխադրությունն այսօր կատարելը հանցագործություն է այն առումով, որ քարտարաններն այնպես են սարքվել, որպեսզի համաճարակաբանական առումով էլ պաշտպանված լինեն, եւ բարձր առաստաղների, մեծ պատուհանների առկայության դեպքում վարակ չտարածվի, իսկ նոր սրահի դեպքում անհամեմատ մեծ է վարակի տարածման հարցը»։

Դեւրիկյանը երկու հրապարակային խնդրանք ունի կամ, ինչպես ինքն է նկատում՝ թախանձանք՝ ուղղված առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարներին։ «Առողջապահության նախարարին՝ այն մասով, որ քանի դեռ այս վիրուսի վտանգը կա, քարտարանները չտեղափոխեն այնպիսի մի տեղ, որտեղ իրար կպած մարդիկ կենթարկվեն գրիպի համաճարակին, իսկ ԿԳՄՍ նախարարին էլ խնդրում եմ, որպեսզի մինչեւ հանրաքվեն այդ նախաձեռնությունը դադարեցվի ու դրանից հետո հանգիստ քննարկվի,- ասում է նա ու նկատում, թե տնօրինությունը քանի՞ ընթերցողի հետ է խորհրդակցել այսպիսի քայլ անելով։- Եթե որեւէ մեկը փաստարկված կհիմնավորի, որ դա ճիշտ որոշում է, ես հրապարակային ներողություն կխնդրեմ»։

Ազգային գրադարանի տնօրենի ԺՊ Հրաչ Սարիբեկյանն ասում է, որ գրադարանն օրական 900-950 ընթերցող է ունենում, եւ հիմնական՝ ընդհանուր եւ գիտական ընթերցասրահներում տեղերը հաճախ չեն բավականացնում․ «Ընթերցողների զգալի մասը, հարկադրված, միջանցքներում՝ բազկաթոռների եւ աստիճանների վրա նստած է ընթերցում։ Բազմաթիվ ընթերցողների խնդրանքին ընդառաջ՝ նախատեսել ենք առաջիկայում նոր, ընդարձակ ընթերցասրահ բացել, ինչն ընթերցողների պահանջից բխող անհրաժեշտություն է։ Ի դեպ, նախկինում Ազգային գրադարանում ավելի շատ ընթերցասրահներ փակվել են, քան բացվել: Եթե ավելի կոնկրետ՝ 90-ականներից ի վեր՝ 2008 թվականին է միայն, որ տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված փոքրիկ ընթերցասրահ է բացվել»:

Հ․ Սարիբեկյանը նկատում է՝ վերջերս Ազգային գրադարանին է վերադարձվել թամանյանական մասնաշենքի՝ նախկինում վարձակալությամբ տրված տարածքներից մեկը, որտեղ «հարակից գրապահոցային ոչ պակաս ընդարձակ եւ բարձր առաստաղով տարածք նախատեսել ենք տեղափոխել քարտադարանը: Տարածքն ունի առանձին մուտք, կիսանկուղային է, բայց ունի փողոց նայող լայն պատուհաններ, որոնցից բնական լույս է թափանցում ներս, թեեւ առատ լուսավորության տեսանկյունից զիջում է ներկայիս քարտադարանի տարածքին: Հենց այդ պատճառով էլ նպատակահարմար է նոր ընթերցասրահը բացել ավելի լուսավոր տարածքում: Անվիճելի է, որ ընթերցասրահում ընթերցողն անհամեմատ ավելի երկար ժամանակ է անցկացնում, քան քարտադարանում, որտեղ գրքերը պատվիրում է միայն: Հաշվի առնելով արդի ժամանակների հրամայականը՝ Ազգային գրադարանը համահավաք գրացուցակն ամբողջացնելուց հետո անցնելու է առցանց պատվիրման եղանակի, արդեն իսկ առցանց պատվերների թիվը վերջերս զգալիորեն մեծացել է»,- ասում է Սարիբեկյանն ու վստահեցնում, որ միեւնույն ժամանակ թղթային քարտերից օգտվել սիրողների համար քարտադարանը կշարունակի գործել:

Ինչ վերաբերում է լուսավորությանը, ապա «բնական լույսի հետ մեկտեղ, նոր քարտադարանի տարածքն ապահովված է էլեկտրական ցերեկային լամպերով եւ նախկինում ծառայելով որպես գրապահոց, նաեւ՝ կենտրոնական ջեռուցմամբ ու գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով, որոնք, միանշանակ, չեն կարող աննպաստ լինել քարտերի պահպանման համար: Հետեւապես քարտադարանի պահպանման խնդիրը չի կարող շահարկման առարկա դառնալ»։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ մասնավորապես թեքահարթակների խնդրին՝ Սարիբեկյանը նկատեց, որ թեքահարթակ չի եղել նաեւ ներկայիս քարտադարանի տարածքում։

«Ի դեպ, այս խնդիրը մենք ենք բարձրացրել եւ փորձում ենք լուծել: Նախատեսվում է թեքահարթակներ կառուցել այն տարածքներում, որտեղ հնարավոր է, եւ այնտեղից, որտեղ լինելու են այդ թեքահարթակները, հենաշարժողական խնդիրներ ունեցող ընթերցողների համար ստեղծվելու է առցանց պատվիրման հնարավորություն, ավելին՝ անհրաժեշտության դեպքում մեր բարեհամբույր աշխատակիցները նրանց փոխարեն կպատվիրեն գրքերը: Ի դեպ, վերջերս Ազգային գրադարանը հենաշարժողական խնդիրներ ունեցող ընթերցողների համար անհատական բաժնույթի ծառայությունը դարձրել է անվճար, իսկ դա նշանակում է, որ նրանք գրքերը կարող են ընթերցել տանը: Ինչ վերաբերում է քարտադարանի՝ նոր տարածքում տեղակայմանը, ապա տվյալ տարածքից պատվիրաթերթիկը շատ ավելի արագ եւ կարճ ճանապարհով կարող է հասնել տեղ, եւ ընթերցողների պատվերները կարող են շատ ավելի արագ սպասարկվել»,- ասում է Սարիբեկյանն ու խորհուրդ տալիս կանխակալ ենթադրություններ չանել եւ սպասել նոր, ընդարձակ ընթերցասրահի բացմանը։