Այդ ամենը մենք տասնյակ տարիներ արել ենք՝ ստացվում է գրագողության նման մի բան

Այդ ամենը մենք տասնյակ տարիներ արել ենք՝ ստացվում է գրագողության նման մի բան

«Հանրակրթության մասին» օրենքի հետ կապված՝ պետական հանրակրթական չափորոշիչների մեջ ակնհայտ հակասություններ կան՝ կարծում է լեզվի, գրականության ուսուցչուհի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայրենիի լաբորատորայի ղեկավար Մարիետ Սիմոնյանը։

«Օրինակ՝ պետական չափորոշիչով ասում է, որ անբավարար գնահատական չկա, բոլորը դրական են, 1 միավորից սկսած՝ համարվում է, որ աշակերտն առաջադիմում է, իսկ մեր հանրակրթության մասին օրենքում գրված է, որ սովորողը պետք է դասընթացը կրկնի, եթե չի առաջադիմում։ Այսինքն՝ այստեղ չի հասկացվում՝ հիմա ինքն առաջադիմո՞ւմ է մեկ միավորով, թե՞ չի առաջադիմում։ Իհարկե, անիմաստ է դասընթացը կրկնել, խոսքը դրա մասին չէ, այլ՝ օրենքի եւ չափորոշիչների հակասության»,- ասում է Սիմոնյանը, ում կարծիքով՝ ամենակարեւորը հայերենի հետ կապված լուրջ խնդիրն է, ավելին՝ թվում է, թե վատ լեզվով արված թարգմանություն է ներկայացվել, որի վրա խմբագիր ու հայոց լեզվի մասնագետ չի աշխատել։

«Այնտեղ ձեւակերպումներ կան, որ հստակ օտար լեզվի թարգմանություն են ու՝ անհաջող թարգմանություն։ Հետո՝ այն նորությունները, որ բերվում են հանրակրթական պետական չափորոշիչով եւ համարվում են աշխատող խմբի ձեռքբերումը, սկզբունքորեն մեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական համակարգում տասնամյակ ի վեր օգտագործվող բաներ են։ Եվ այդ մասին ընդհանրապես հղում չկա, ու մի տեսակ ստացվում է գրագողության նման մի բան։ Օրինակ՝ գնահատանիշը կրթահամալիրի կրտսեր դպրոցում վաղուց չի գնահատվում, եւ բնութագրվում է ընդամենը սովորողը։ Նախագծային ուսուցումն արդեն շատ երկար տարիների պատմություն ունի, նույն՝ եկեղեցու պատմությունը հետաքրքիր լուծումներ ունի մեր ծրագրերում եւ ինտեգրված է տարբեր առարկաների մեջ։ Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, որ արվեստը մինչեւ 12-րդ դասարան մենք օգտագործում ենք, ինչը մեծ փոփոխություն է, նորույթ, բայց դա կրթահամալիրում վաղուց օգտագործվող բան է։ Այսինքն՝ գրեթե բոլոր հաջողված նորարարությունները կա՛մ վերցված են կրթահամալիրից, կա՛մ վերցրել են միջազգային փորձը՝ առանց ուսումնասիրելու հայաստանյան փորձը․ երկու դեպքում էլ դա տգեղ երեւույթ է։ Ի վերջո, հեղինակային իրավունք կա այդ ծրագրերի նկատմամբ»։

Առարկայական չափորոշիչների, մասնավորապես ձեւակերպումների հետ կապված՝ եւս առկա են անհարթություններ․ «Այն, ինչ իրենք առաջարկում են վերջնարդյունքների, բովանդակության հետ կապված, դրանք բավականին վիճելի են։ Նախ՝ վերջնարդյունքները որ դնում ես կողք-կողքի եւ սկսում ես համեմատել, թե, օրինակ, 8-րդ դասարանում սովորողն ինչ պիտի իմանա, 9-10-ում՝ ինչ, դա երբեմն այնքան ոչ շոշափելի է։ Օրինակ, ի՞նչ է նշանակում՝ ստեղծագործության հետ աշխատելիս 8-ում սովորողը պետք է կարողանա վերլուծել, 9-ում՝ ավելի խորը վերլուծել, 10-ում՝ համակողմանի վերլուծել։ Սա օրինակի համար եմ ասում, որովհետեւ մի բառի տարբերությամբ այդպիսի վերջնարդյունքներ դնել, իմ կարծիքով՝ գրականության հետ չի կարելի նման բան անել, որովհետեւ գրականությունն առանձնահատկություն ունի, եւ եթե դու տարիքային տալիս ես ստեղծագործությունը, աշակերտը՝ լինի 10, թե 18 տարեկան, ինքը, միեւնույն է, պետք է խոսի բովանդակության եւ ձեւի մասին, պետք է ստեղծագործությունը համապատասխան լինի տարիքին եւ պետք է խոսի ստեղծագործության գաղափարի, արտահայտչամիջոցների մասին։ Այսինքն, ցանկացած տարիքում պետք է այդպես լինի»։

Թե ինչպես պետք է կազմել դասագրքերը, արդյոք չպե՞տք է հաշվի առնվեն երեխաների տարիքային առանձնահատկությունները՝ ընկալման, յուրացման տեսանկյունից, Մ․ Սիմոնյանի կարծիքով՝ դա էլ է շատ առանձնահատուկ․ «Ինքս 8-րդ դասարանում դասավանդում եմ, եւ իմ 8-րդ դասարանի ուսանողը՝ Աբգարյան Մանեն, կարդում է Կաֆկայի «Կերպարանափոխությունը» եւ գալիս է ինձ հետ առանձին քննարկում, որը բավականին հասուն քննարկում է։ Ես կոնկրետ այդ երեխայի հետ այդպես եմ աշխատում, որովհետեւ ինքը հասուն մարդ է եւ ամեն ինչ այս տարիքում կարդում է։ Բայց ունենք նաեւ 7-8-րդ դասարանցի աշակերտներ, որ մի փոքր առակից այն կողմ չեն անցնում։ Դպրոցը հանրակրթություն է, այստեղ կան շատ հասուն մարդիկ, որոնք, իհարկե, Կաֆկա կկարդան եւ կհասկանան, ու կլինեն նաեւ սովորողներ, որոնց դա հասանելի չէ։ Բա մի կողմից գրում են՝ աշակերտակենտրոն ուսուցում, մյուս կողմից դնում բովանդակությո՞ւն են թելադրում։ Այդպես չի կարելի»։

Սիմոնյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրինակն է բերում, որտեղ բովանդակությունը ձեւավորում են՝ ցանկում ներառելով առանցքային հեղինակների՝ Թումանյան, Չարենց, Բակունց, Տերյան․ «Առանց ստեղծագործություն նշելու, ուսուցիչն ինքն է կազմում իր ծրագիրը, կարող է ես Բակունցից վերցնում եմ ինձ հոգեհարազատ «Միրհավը» եւ կարող եմ դրանով այնպես ոգեւորել սովորողին, որ նա հաճույքով կարդա եւ տեսնի գեղեցկությունը։ Այսինքն՝ գրականության ուսուցիչն անպայման իր տված գրականությամբ պետք է ոգեւորվի, եթե ինքը չի ոգեւորվում, բա ո՞նց պետք է մատուցի, որ սովորողը ոգեւորվի դրանով, չի ստացվի։ Դրա համար պետք է ազատ թողնել, գրականությունն արվեստ է, ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ ուսուցիչն ինքը իր ծրագիրը կազմի, դրեք բանալի հեղինակներ, որ ձեր կարծիքով անպայման պետք է անցնեն, թողեք ուսուցիչն ազատ ընտրի ստեղծագործությունները եւ ինքը որոշի, թե որ սովորողի հետ ինչ կարդա․ Կաֆկա, Մուրակամի, թե մի փոքրիկ առակ։ Աշակերտակենտրոն ուսուցումը դա է՝ խմբերի պետք է բաժանվեն։ 21-րդ դարում ենք եւ պետք է փորձենք մի քիչ ազատ նայել, այդպես չի կարելի։ Հիմա ով ուզում է լինի ծրագիր կազմողն ու բովանդակություն թելադրողը, միեւնույն է՝ լինելու են տարաձայնություններ»։  

Մարիետ Սիմոնյանը հիշում է․ երբ 90-ականներին ինքն ու Սուսան Մարկոսյանը կազմել եւ հեղինակել էին 5-8-րդ դասարանների «Ընթերցարանները», ընտրել էին մեծ թվով դասական գործեր՝ գեղարվեստական բարձր արժեք ունեցող գրականություն․ «Լուրջ գրականություն էր ընտրվել, բայց էլի աղմուկ բարձրացավ, ակադեմիկոսներ էին նստել ու մեզ կանչել ասում էին՝ ապազգային են ձեր ընթերցարանները, ես ընդամենը կարդացի մեր կազմած գրքերի ցանկը՝ Թումանյան, Չարենց, Բակունց, Իսահակյան, հայ գրականության լավագույն գործերը, այսինքն՝ ո՞րն էր այդտեղ ապազգայինը, բայց դե՝ քննադատվեց»։

Այն, որ հիմնականում աղմուկը բարձրացել էր հենց «Գրականություն» առարկայի բովանդակության հետ կապված, ըստ նրա, գուցե հայրենասիրական շնչով էր պայմանավորված, որը նաեւ շահարկվեց։ «Իհարկե, լուրջ բացթողումներ արել են գործընկերներս, բան չունեմ ասելու, ես չեմ ասում՝ դա հայ գրականություն է, բա երեխան չանցնի՞, ես ասում եմ, որ դրանք համաշխարհային գրականության լավագույն գոհարների կողքին դրվող եւ նույնքան փայլատակող գրականություն են, ուրեմն ինչո՞ւ չպետք է անցնի։ Օրինակ, Սայաթ-Նովայի պատկերավոր լեզուն ո՞ր հեղինակն ունի, ցույց տվեք համաշխարհային գրականության մեջ նման մեկին։ Նույնը՝ Քուչակի դեպքում։ Ոչ թե որ մեր գրականությունն է, այլ որ ես ընթերցող եմ եւ ծանոթ եմ համաշխարհային գրականությանը։ Ես գրականությանը լայն եմ նայում, իսկ թե ինչու ոչ հայ գրականություն, ապա կարծում եմ՝ հին եւ միջին գրականությունը չի կարելի 5-րդ դասարանում անցնել, դա պետք է գա ավագ դպրոց, որովհետեւ 5-րդ դասարանցու համար չէ, այլ՝ հասուն տարիքի համար»,- ասում է նա ու ընդգծում, որ գրականության խնդիրը սովորողին՝ կարդալ, կարդալը հասկանալ, ընկալել, վերաբերմունք արտահայտելը պետք է լինի, որ հետո նա ունենա այդ հմտությունները եւ կարողանա ցանկացած բան կարդալ։ «Ասեմ ավելին՝ նույնիսկ եթե դու թույլ գրականություն ես դնում դասարանում, թույլ գրականության վրա էլ կարելի է լուրջ գրականություն անցնել, ցույց տալ, թե դա ինչով է թույլ, եւ դա արդեն կլինի ուսուցում»։ Ինչ վերաբերում է ցանկերում ներառված ժամանակակից գրողներին ու բարձրացված աղմուկին, ապա․ «Թող թույլ տան՝ ուսուցիչն ինքը ընտրի հեղինակներին եւ գործերը»։

Անդրադառնալով ուսուցիչների վերապատրաստման հարցին, որը մինչեւ 2022-ը փորձելու է լուծել նախարարությունը, Սիմոնյանն ասաց․ «Մեր բոլոր ուսուցիչներն ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, այսինքն՝ ի՞նչ վերապատրաստման մասին է խոսքը, ասեն՝ Նարեկացին ինչպե՞ս անցնել։ Եթե ուզում եք, որ ուսուցիչը մասնագիտորեն ավելի զարգանա, կարող, ստեղծագործող լինի, տվեք ազատություն ուսուցչին, թող ինքն իր ծրագիրը կազմի, ինքն ընտրի այն ստեղծագործությունները, որ գտնում է այդ տարիքին համապատասխան, թող ինքն իր մեթոդը մշակի, ի վերջո՝ ինքը մտնում է դասարան, չէ՞, ինքը պիտի գտնի ձեւը՝ մի սովորողի հետ այսպես վարվել, մեկ ուրիշի հետ՝ այլ կերպ։ Չկա դեղահաբ, որ տվեցին, ու դարձավ շատ լավ ուսուցիչ։ Բոլորը մասնագետներ են, իսկ ուսուցչի ազատությունն այն ամենակարեւոր բանն է, որ կարող է կրթության որակ տալ, որովհետեւ զարգանում, ինքնակրթվում է ուսուցիչը, եւ որպեսզի ունենաս ստեղծագործ, նախաձեռնող, հետաքրքիր սովորողներ, դու ինքդ պետք է այդպիսին լինես, չես կարող սովորողին փոխանցել այն, ինչն ինքդ չունես։ Ծրագրում մի կողմից գրված է, որ սովորողներն իրենք են բովանդակություն թելադրում, մյուս կողմից թելադրվում է այդ բովանդակությունը։ Իսկ այդպես ո՞նց կլինի՝ մի բան ասել, այլ բան գրել»։