ՔՊ-ն այդպես էլ իր ներսում հավատարիմներ չգտավ

ՔՊ-ն այդպես էլ իր ներսում հավատարիմներ չգտավ

Նախկինների անունը շահարկելով իշխանության եկած նոր ուժերը չեն դադարում իրենց քաղաքական ձախողումների եւ անճարակության մեղքը բարդել նախկինների վրա: Մի կողմից նրանց մեղադրում են երկիրն անդունդը գլորելու մեջ, մյուս կողմից «ատամներով պահում» են հին կադրերին, որոնց քաղաքական կնքահայրը նախկին վերնախավն է, իսկ «դարբնոցը»՝ ՀՀԿ-ն:
2018 թվականին, երբ ամերիկաներում կրթություն ստացած Համբարձում Մաթեւոսյանին բերեցին ու կարգեցին ՀՀ Արմավիրի մարզպետ, Հանրապետական կուսակցության համակիր մի շարք մասնագետներ ու պաշտոնյաներ, սեփական դիմումի համաձայն, ազատվեցին աշխատանքից: Ժողովրդավարության բաստիոնի երիտասարդ մարզպետն առանձնապես չընդվզեց նրանց հեռանալու համար (գուցե անգամ նպաստեց), հատկապես լավագույն մասնագետների, որոնց կարիքը մինչ օրս էլ մարզպետարանն ունի:

Թերեւս ընդունված է՝ ամեն քաղաքական ուժ իշխանության է գալիս իր թիմով. ստանձնելով կառավարումը՝ սկսում է տվյալ հիմնարկը «մաքրել»՝ հավաքարարից մինչեւ առանցքային պաշտոնյաներ, որովհետեւ, հայտնի ճշմարտություն է՝ նախկինից մնացած ամեն աննշան «խաղացող» պոտենցիալ գործիք է երկկողմ օգտագործման համար:

Նվեր Պետրոսյան անուն-ազգանունը լավ ծանոթ է արմավիրցիներին: Սույն անձն իր կարիերիան սկսել է Արմավիրի մարզպետարանից՝ Ալբերտ Հերոյանի ժամանակներից, ու հասել մինչեւ կառավարություն: Եղել ու հոգով մնում է կարկառուն ՀՀԿ-ական: Կուսակցությանն անձնվիրաբար ծառայելու համար Հերոյանին հաջորդած Աշոտ Ղահրամանյանը նրան մարզպետարանի լրատվականից բարձրացրեց իր օգնականի աստիճանի:

Հեղափոխությունից հետո, երբ Նվեր Պետրոսյանի գործընկերները հեռացան մարզպետարանից, նա, չնայած առանց շեֆի, մնաց օգնականի աթոռին նստած՝ այնքան, մինչեւ իրար հաջորդած մարզպետներ Գագիկ Միրիջանյանն ու Համբարձում Մաթեւոսյանը նկատեցին եւ մոտ թողեցին նախկիններից մնացածին: Այն ջերմեռանդությամբ, որ ծառայում էր հարազատ ՀՀԿ-ին, ծառայեց նաեւ ՔՊ-ին: Ու չնայած նրա անվան հետ են կապվում դպրոցների տնօրենների աղմկահարույց մրցույթները, դա չխանգարեց, որպեսզի Համբարձում Մաթեւոսյանը Նվեր Պետրոսյանին օգնականից դարձնի ՏԻՄ վարչության պետ: 

Սա էլ դեռ վերջը չէ. օրերս մարզպետից փոխվարչապետ նշանակված Համբարձում Մաթեւոսյանը ՀՀԿ դպրոցն անցած ու ՔՊ-ի ստվերի տակ հով նստած Նվեր Պետրոսյանին նշանակել է փոխվարչապետի խորհրդական: Հետո էլ ասում են՝ նախկինները վատն են, կոռումպացված են, դավաճան են… Այդ դեպքում ինչո՞ւ եք ձեր կադրերը նախկինների մեջ փնտրում: Դուք հավատարիմներ չունե՞ք…