Ալիևը բարձրացնում է իր խաղադրույքները․Վիգեն Հակոբյան

Ալիևը բարձրացնում է իր խաղադրույքները․Վիգեն Հակոբյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ։

Եթե հիշում եք, սրանից 2 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հեգնական ուղերձներ հնչեցրեց միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ «դուք 25 տարի շարունակ անիմաստ բաներով էիք զբաղված, ամրագրում էիք, թե հակամարտոթյունը պետք է լուծվի մի շարք սկզբունքներով, որոնցից մեկն էլ ուժի չկիրառումն է, իսկ ես իմ «պատմական արդարության» խնդիրը լուծեցի ռազմաքաղաքական ճանապարհով»։

Նաև հաթաթաներ տվեց անդամ պետություններին, որ այսուհետ չօգտագործեն Լեռային Ղարաբաղ բառակապակցությունը։

«Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նախագահի 2021 թվականի հուլիսի 7 ի հրամանագրով մենք ստեղծեցինք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները»,-ասաց Ալիևը։ Դրանից առաջ էլ ադրբեջանական լրատվամիջոցները սպառնում էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին, որ եթե մի քիչ էլ շարունակի ռևանշիստական տրամադրություններ հրահրել ՀՀ քաղաքական վերնախավի մոտ, ապա Ադրբեջանը դուրս կգա ՄԽ-ից։ Որի, գոյությունը, ի դեպ, մինչ այդ ժխտում էր։

Իլհամ Ալիևի այս հռետորաբանությունը, տոնայնությունն ու շեշտադրումները քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝
իր՝ հաղթողի կարգավիճակի շեշտադրումն է և բարձր խաղադրույքների սահմանումը։

«Իր կարգավիճակն, ի տարբերություն նախորդ տարիների, փոխվել է, և նա արձանագրում է իր նոր կարգավիճակը։ Բավականին ագրեսիվ, առանց ալտերնատիվների, որպեսզի իր բանակցային ռեսուրսներն ու խաղադրույքները բարձրի վրա դնի։ Եվ շատ լավ հասկանում է, որ այսօրվա դրությամբ գոնե իր հետ համաձայն չեն Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Այսինքն, որ կարգավիճակի հարցը բավականին սուր է դրված և օրակարգային։ Եվ ինքը հասկանում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները այն չեն ուզում փակված համարել, որովհետև էդ պարագայում իրենց լծակները տարածաշրջանում զգալիորեն նվազելու են։ Նրանք ասում են՝ չէ, դեմարկացիա, դելիմիտացիա, այո, բայց կարգավիճակի հարցը փակված չէ։ Նա էլ միտումնավոր կոշտացնում է իր հռետորաբանությունը, որ իր հետ սակարկեն ապագա բանակցություններում»,-ասում է Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Իլհամ Ալիևը չընդունեց Մինսկի խմբին, Ալիևն ասաց՝ ինչո՞ւ եք եկել։ Վիգեն Հակոբյանն էլ այն կարծիքին է, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարողանա աներկբա դեմ գնալ միջազագային ուժային կենտրոններին։ «Եվ կրկնում եմ, այդ հայտարարությունները իրենց ապագա բանակցային դիրքերն ամրապնդելու համար են»։