Ալիեւը մեծահոգություն է արել

Ալիեւը մեծահոգություն է արել

Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին իշխող կուսակցությունից առաջադրվել է պատգամավորի 123 թեկնածու: Միլլի մեջլիսը կազմված է 125 պատգամավորից: Ստացվում է, որ Ալիեւը «մեծահոգություն է արել» եւ ընտրություններին մասնակցող շուրջ 20 կուսակցությունների համար ազատ է թողել երկու ընտրատարածք: Իսկ եթե լուրջ, ապա պատգամավորի 81 թեմնածու առաջադրել է «Մուսավաթ» կուսակցությունը, 31-ը՝ ReAl շարժումը:

Ժողովրդական ճակատը եւ այսպես կոչված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի մաս կազմող մի քանի այլ կուսակցություններ բոյկոտել են խորհրդարանի ընտրությունները: Փորձագետները խոսում են, որ ReAl շարժումը հովանավորվում է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի կողմից եւ ապագա խորհրդարանում կարող է ունենալ շուրջ տասը պատգամավորական մանդատ: Դա այսպես կոչված այլընտրանքային քաղաքական ուժ է, որ սպառված է համարում ավանդական ընդդիմության առաքելությունը: Ուշագրավ է «Մուսավաթի» ներկայացրած հայտը: Ըստ երեւույթին կուսակցության ղեկավարի պաշտոնից խորհրդարանի նախկին խոսնակ Իսա Գամբարովի հեռանալը հնարավորություն է ստեղծել, որպեսզի «Մուսավաթը» հանրությանը ներկայանա նորացված թիմով: Տեղեկություն չկա ընտրություններին առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի մասնակցության մասին: Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ խորհրդարանական ընտրությունների վրա ստվերային ազդեցութոյւն է գործում ռուսաստանցի միլիարդատեր Ֆարհադ Մամեդովը:

Վերջինս անցած տարիներին Ադրբեջանում մի քանի բիզնես-ծրագրեր է իրականացրել: Ընդ որում՝ գյուղաբնակ վայրերում եւ բացել աշխատատեղեր՝ ձեռք բերելով մեծ բարերարի անուն: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վրա, հավանաբար, ազդեցություն կթողնի նաեւ իրանական գործոնը: Իշխող համակարգի համար շոկային էր իրանցի զոհված գեներալ Սոլեյմանիի հիշատակի ոգեկոչման զանգվածային ակցիան: Խնդիր է դրված հնարավորինս չեզոքացնել երեւույթի քաղաքական հնարավոր հետեւանքների սպառնալիքը: Ի՞նչ ընթացք կունենան Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները՝ կախված կլինի Ռուսաստանից եւ Իրանից: Եթե Մոսկվան եւ Թեհրանը համաձայնության գան, որ Ալիեւը պետք է պահպանի քաղաքական գերիշխանությունը, ապա փետրվարի 9-ի քվեարկությունը ոչ մի անակնկալ չի մատուցի:

Հակառակ դեպքում իշխող կուսակցությունը կկորցնի քաղաքական դաշտում միահեծան դիրքը, եւ կսկսվի իշխանության վերաբաժանման ծանր գործընթաց: