Ի՜նչ լավ է, որ հողը իմ ու քո տարբերություն չի դնում ու բոլորին ընդունում է հավասար

 Ի՜նչ լավ է, որ հողը իմ ու քո տարբերություն չի դնում ու բոլորին ընդունում է հավասար

Այսօր հուղարկավորեցին նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանին։ Ցավակցական հեռագրեր չեն հղել ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ նախագահ Արմեն Սարգսյանը, ոչ էլ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Արմեն Սարգսյանի վարչապետության ժամանակ Հայկ Հարությունյանը եղել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Նոր իշխանությունների կողմից ցավակցության խոսք չհղելը կարելի էր կապել արարողակարգային կառույցների թերի աշխատանքով։ Սովորաբար նոր  իշխանության ձեռագիրն է՝ երբ ինչ որ բան այն չի անում՝ արարողակարգային առումով, անմիջապես կապում է այդ կառույցների ոչ պատշաճ գործունեության հետ։

․․․Բայց այս էլ որերորդ անգամ առնչվում եմ արարողակարգային կառույցների գործունեության հետ ու նկատում, որ երբ խոսքը վերաբերվում է նոր իշխանությանը մոտ կանգնած պաշտոնյաներին, տեղը տեղին ամեն ինչ անում, հիշում են։ Եթե ասեք, որ Նիկոլ Փաշինյանը նախկիններին տանել չի կարողանում ու չի էլ ուզում ցավակցել, հենց վերջին օրինակը կհիշեցնեմ։

2019թ․  հունիսի 9-ին մահացել էր նախկինների օրոք բարձր պաշտոններ զբաղեցնող Գևորգ Վարդանյանը (Ժոկոն)։ Նախկինների օրոք միշտ էլ բարձր   պաշտոններ էր զբաղեցրել, վերցնենք թեկուզ 90 –ականները․ 1993-ին եղել է ՀՀ նախկին պետնախարար, 1995-1998թթ.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար: Ավելի առաջ չգնամ, թե ինչ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։ Նրա աղջիկներից մեկը՝ Նուարդ Վարդանյանը,  2008թ. բողոքի ցույցերին բժիշկ-ուսանողների «Խալաթներով երթ» նախաձեռնության կազմակերպիչն էր: Ավագանու անդամ է հիմա, քույրն էլ՝ ԱԺ պատգամավոր։ Նույն ավագանու անդամը, ով ընդամենը մեկ օր առաջ ասում էր «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»։ Ու ահա իր ակտիվիստների հոր մահվան կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պետբյուջեից 2 մլն 277 հզր դրամ է տրամադրվել նրանց ընտանիքին, որը տեղադրվել է Կառավարության պաշտոնական կայքում:

«Հայ քաղաքական և հասարակական գործիչ Գևորգ Հրաչիկի Վարդանյանի մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Գևորգ Վարդանյանի կնոջը՝ Ա. Ասատրյանին տրամադրելու նպատակով 2019 թվականի ինն ամսում հատկացնել 2,277.41 հազ. դրամ՝ «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված միջոցներից»։

Այս դեպքում հիշել են, ու լավ են արել,  իսկ Հայկ  Հարությունյանին հիշել չէին կարող։

Նույնիսկ  շարքային քաղաքացու «թշնամին», երբ մահանում է, այն էլ՝ ողբերգական,  նա ամեն ինչ մի կողմ է դնում և գնում ցավակցում։ Դա հոգու պարտք է, քրիստոնյա ընտանիքի քայլ։ Բայց ունենալ պետություն, պետական կառույցներ և պետական բարձր պաշտոնյայի մահը անտեսել, որովհետև «քո մարդը չի դառել, չի քայլել քո հետ», չեմ հասկանում։ Ասեմ, որ գնահատում եմ, երբ նախկին մյուս պաշտոնյայի  ընտանիքին տեղը տեղին նոր իշխանությունը ցավակցել, օգնել է, բայց այս դեպքում․․․ ուզում եմ ասել, ի՜նչ լավ է, որ հողը իմ ու քո տարբերություն չի դնում ու բոլորին ընդունում է հավասար։ Գուցե դա է պատճառը, որ մայր հող են ասում ու հազարից մի ղեկավարի են ասում՝ Տան Հայր, ով բոլորին իրենն է համարում։