Գոնե ինքնակենսագրությունդ գրի, հասկանանք՝ ով ես, ինչացու ես․․․

Արաբկիրը քանի որ մեր վարչական տարածքն է, կարևորում եմ, թե ով է նշանակվել վարչական շրջանի ղեկավար, ի՞նչ կենսագրություն ունի։ Ընդամենը երկու- երեք օր առաջ տեղեկացա, որ Արաբկիր վարչական շրջանի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էր իր ֆեյսբուքյան էջով այդ մասին հայտնել։ Անունը ինձ ոչինչ չհուշեց։ Այսօր էլ կարդում եմ, որ մի երկու օրվա մեջ Վարոսյանը աճել ու դարձել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար։ Նրա կենսագրությունից կարողացա մի բան հայթայթել։ Ապրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հրամաներից իմացա, որ Վարոսյան ազգանունով պաշտոնյա է եղել։ Վարչապետի հրամանից է․ «Սուրեն Վարոսյանը վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին»։
Մեկ էլ մի այլ հրաման․ «Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»։ Ոչ միայն արարողակարգի պատասխանատուն, այլ բոլոր պատասխանատու պաշտոնները Նիկոլ Փաշինյանի օրոք դարձել են անլուրջ գործառույթներ։ Հիշենք ամենասկանդալայինը․ Փաշինյանը 2018-ի սեպտեմբերի 6-ի հրամանով իր կնոջ վարսահարդարին նշանակել էր վարչապետի օգնական։ Այդ հրամանի մասին հաստատել էր այդ ժամանակ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը, ասելով, որ Սոֆյա Նավասարդյանը զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական։ Բառացի մեջբերեմ․ «Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»: Բարձրացված աղմուկից կարճ ժամանակ անց Սոֆյա Նավասարդյանին վարչապետի օգնական նշանակելու մասին որոշումը հեռացվել էր կառավարության պաշտոնական կայքից, «Աշխատակազմ» բաժնից։ Հետո պարզվեց, որ վարսահարդարը 2018 թվականի հուլիսի 4-ից՝ ընդունվել է վարչապետի աշխատակազմում՝ որպես արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների սպասարկող։ Հենց այդտեղից է եկել վարչապետի արարողակարգի պատասխանատուների նկատմամբ իմ անվստահությունը։ Ու նաև մի շարք փաստերից, որոնք ծավալի առումով չեմ ընդգրկում։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ Արաբկիրի նորանշանակ թաղապետը ուրիշ կենսագրական տվյալ չունի՞։ Նա եղել է միայն ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն ու Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատու՞ն։ ՔՊ-ի պաշտոնյաների կենսագրությունը, ,,դզած փչած,, տեղադրված է Վիքիպեդիայում կամ այլ աղբյուրներում։ Այս տղայի մասին ոչինչ չկա։ Արաբկիրը բավականին լուրջ վարչատարածքային միավոր է, կարծում եմ, բնակիչները պարտավոր են իմանալ, թե ո՞վ է իրենց տարածքը կառավարելու։ Հայաստանի պատասխանատու տարածքները հո փորձաշրջան չե՞ն, որ գան՝ ավերեն ու անխոս հեռանան․․․
Գոնե ինքնակենսագրությունդ գրի, հասկանանք՝ ով ես, ինչացու ես․․․ Մինչև Փաշինյանը մի տեղ աշխատե՞լ ես, տարրական փորձ ունե՞ս։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։ Նշենք, որ մեղադրյալներից մեկը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Կարծիքներ