Տրոֆիմչուկի սինդրոմ

Տրոֆիմչուկի սինդրոմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսի գլխավոր ուղերձը, թերեւս, այն էր, որ 2018թ. իշխանության գալուց հետո իրեն առաջարկել են ԼՂ կարգավորման բանակցությունները շարունակել այն կետից, ինչին կողմերը հասել էին ապրիլյան քառօրյայից հետո: Փաշինյանն, իհարկե, մեծ գաղտնիք չբացեց, այդ մասին փորձագիտական հանրությունը խոսում է վաղուց: Անսպասելին Արցախի նախագահի թեկնածուներին արված հորդորն էր՝ կողմնորոշվել այդ հարցում: Ընդ որում, դա արվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման  եւ Մյունխենում իր եւ Իլհամ Ալիեւի շփումը չբացառելու մասին տեղեկությունների համատեքստում: Որ Փաշինյանի մոտեցումը Բաքվում արժանացել է քննադատության, միանգամայն հասկանալի է: Որ Ադրբեջանում փորձում են դա կապել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ, տրամաբանական է: Բայց որ համանման վերաբերմունք նաեւ հայկական որոշակի շրջանակներ են հանրայնացնում, առնվազն տարակուսելի է: Որպեսզի ասվածը մերկապարանոց քննադատության տպավորություն չթողնի, փաստենք հետեւյալը. Նույն օրը, գրեթե նույն ժամերին ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկին հարցազրույցի է  հրավիրում ադրբեջանական լրատվամիջոցը:

Երկու դեպքում էլ նա նույն բանն է ասում՝ Հայաստանի վարչապետը ԼՂ կարգավորման իր ծրագիրն ունի, որ համաձայնեցված է ուժային կենտրոններից մեկի հետ, բայց դա ակնհայտորեն Մոսկվան չէ եւ մի դեպքում՝ տողատակով, մյուսում՝ բացահայտ ավելացնում, որ «Փաշինյանը ռուսական կողմի համար ընդունելի չէ, եւ ամենահետաքրքիրը դեռ առջեւում է»: Ադրբեջանի պարագայում ամեն ինչ պարզ է՝ ստեղծված իրավիճակում Ալիեւը միանգամայն բավարարված կլիներ, եթե Փաշինյանը համաձայներ բանակցությունները շարունակել 2017թ. աշնանը Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մշակված աշխատանքային փաստաթղթի շուրջ: Իսկ հայկական որոշակի շրջանակներն ի՞նչ խնդիր են ուզում լուծել՝ սրելով ապրիլյան պատերազմի մասին վարչապետի վերաբերմունքի, Մոսկվայի հետ տարաձայնությունների թեման: Իհարկե, կան հարցեր, նաեւ՝ ռիսկեր՝ կապված բանակցային գործընթացի հայեցակարգի մեկնաբանության կամ տարընթերցման հետ: Բայց դրանք կարող են լինել բացառապես «տնային աշխատանքի» նյութ, համակողմանի քննարկման առարկա, ոչ թե տեղեկատվա-քարոզչական միջավայրում Տրոֆիմչուկի սինդրոմ ներդնելու առիթ: Ընդ որում՝ ադրբեջանական կողմի հետ ունիսոն, իրողություն, որ մղում է հեռուն գնացող ենթադրությունների: