Բագրատ Զաքարյանը փորձեց մեր ադյալի տակ տաքացնել իր գլուխը

Բագրատ Զաքարյանը փորձեց մեր ադյալի տակ տաքացնել իր գլուխը
Արարատ Թումանյան

Մենք գրել էինք, որ Մեղրիում իշխանությունները ցանկանում են «Գյումրի» օպերացիան կրկնել, սակայն, ի տարբերություն Գյումրու, այստեղ երկրորդ տեղը զբաղեցրած ՔՊ-ն հավակնում է ստանձնել քաղաքային իշխանության ղեկը` համայնքապետի պաշտոնը զբաղեցնել, եւ դրա համար բանակցում է երրորդ եւ չորրորդ տեղը զբաղեցրած «Ապրելու երկիր» եւ Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունների հետ։

Հիշեցնենք, որ ամենաշատ ձայները Մեղրիում ստացել է Արամ Սարգսյանի «Հանրապետության» ցուցակով առաջադրված Բագրատ Զաքարյանը։ Մեզ հաջողվեց զրուցել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետի ԺՊ Արարատ Թումանյանի հետ։

- Պարոն Թումանյան, ինչո՞ւ ավագանու նիստ չեք հրավիրում, ե՞րբ է Մեղրիի քաղաքապետն ընտրվելու։

- Օրենքով նախատեսված ժամկետներում մենք ժամանակ ունենք, օրենքն ասում է, որ մանդատները ստանալուց 20-օրյա ժամկետում պետք է նիստ հրավիրի, այսինքն՝ դեռ 15 օր ժամանակ կա։ Այս պահին գրեթե բոլոր քաղաքական ուժերի միջեւ տեղի են ունենում կոալիցիոն բանակցություններ։

- Բանակցություններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, կմանրամասնե՞ք՝ ով ում հետ կարող է միանալ եւ իշխանություն վերցնել։

- Մեղրիի ավագանին 15 մանդատից է բաղկացած, որից երկուսը բաժին է հասել «Ապրելու երկիր» կուսակցությանը, երկու մանդատ ունի Ազատական կուսակցությունը, 5 մանդատ ունենք մենք՝ ՔՊ-ն, եւ 6 մանդատ ունի Արամ Սարգսյանի կուսակցությունը։ Եթե 8 հոգի քվեարկեն այս կամ այն թեկնածուի օգտին, նա կլինի անցած եւ կդառնա համայնքի ղեկավար։ Անձամբ ես բոլորի հետ բանակցել եմ։ 

- Հավակնում եք քաղաքապե՞տ դառնալ։

- Ուրեմն, նախ տեղեկացնեմ, որ առաջին բանակցությունը, Արամ Սարգսյանի առաջարկով, եղել է հետեւյալ բովանդակությամբ՝ մեր քաղաքական էլիտային Սարգսյանն առաջարկել է սատարել իրենց, քանի որ մեկ մանդատով ավել են: Քաղաքական էլիտայի հետ քննարկումների ժամանակ ես դեմ չեմ եղել, իհարկե, որքանով էլ որ մեր մեջ նախապես տարաձայնություններ են եղել։ Թեկնածու Բագրատ Զաքարյանի մասով խորքային անհամաձայնություններ կան, որովհետեւ խորհրդարանական ընտրություններից առաջ Բագրատ Զաքարյանը փորձեց մեր ադյալի տակ տաքացնել իր գլուխն ու մեջքը եւ հետո փորձեց մեր մեջքից հարվածել։ Իր վաղեմի ընկեր, մեր գործընկեր, ՔՊ նախկին անդամ Կարեն Կանդազյանի հետ հրաժարվեցին խորհրդարանական ընտրություններին որեւէ կերպ ՔՊ-ին աջակցել՝ պատճառաբանելով, որ վախեցած են Ռոբերտ Քոչարյանի վախի սարդոստայնի կապանքներից եւ այլն։ Վախեցան, ու ինձ՝ մենակիս, մնացին բոլոր կազմակերպչական աշխատանքները` ե'ւ Մեղրիի գրասենյակների բացումը ե՛ւ Ագարակում, ե՛ւ գյուղական համայնքներում բոլոր տեղամասերը: Iրենք անգամ վախեցան եւ մեկ վայրկյան անգամ չայցելեցին Մեղրիի, Ագարակի գրասենյակներ։ Բագրատ Զաքարյանը ցույց էր տալիս, թե իբր մեզ հետ է, բայց ներողություն էր խնդրում, թե չի կարողանում բացեիբաց հանդես գալ եւ ելույթ ունենալ։

- Իսկ ինքն աշխատե՞լ է Քոչարյանի օգտին։

- Չեմ բացառում։

- Հիմա, այսքանից հետո ձեր էլիտան ինչպե՞ս է համաձայնել Զաքարյանին ընտրել քաղաքապետ։

- Որպես առողջ տրամաբանության տեր մարդիկ, հաշվի առնելով մեր հարգանքն Արամ Սարգսյանի հանդեպ եւ մեկ մանդատի առավելությունը, համաձայնել ենք՝ պայմանով, որ մեզ տալիս են համայնքի ղեկավարի տեղակալի եւ կոմունալ ծառայության պետի պաշտոնները։ Արամ Սարգսյանն ուրախացել էր, շատ էր ուրախացել Երեւանում գտնվելով, զանգում է Բագրատին, Բագրատենք մերժում են ու ասում՝ ինչի՞ պետք է իրենք մեր կուխնյային խառնվեն։ Բայց հարց է առաջանում՝ դա ո՞ւմ խոհանոցն է՝ իրե՞նց, թե՞ պետության։ Եթե դու կոմունալ ծառայությունով միտք չունես փողի լվացումներ, դուրս գրումներ անել՝ վառելիք եւ այլն, ի՞նչ խնդիր է։

- Գուցե կասկածներ են ունեցել, որ եթե դուք այդ պաշտոնն եք ուզել, ուրեմն նման մտադրություն ունեք։

- Ո՛չ, ես մեր թիմին ասել էի, որ անձամբ ես ինքնաբացարկ եմ ներկայացնելու, ես պաշտոնի կռիվ չեմ տվել, ես որեւիցե անգամ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, ինքս շատ լավ տնտեսվարող եմ, Իրանի, Ռուսաստանի հետ շատ մեծ տնտեսական հարաբերություններ ունեմ ստեղծած։

- Դուք կարատեի մարզիչ չէի՞ք։

- Այո, հենց հիմա Մեղրիում, Ագարակում, Վանիձոր, Լեւազ համայնքներում ստեղծել ենք խմբակներ՝ 172 սանիկներով, այդ թվում իմ արու զավակներն են պարապում։ Հիմա դա ոչ միայն կարատե է, այլեւ ռազմագիտության դասատուները 10 օրը մեկ գալիս են եւ համապատասխան դասընթացներ են անցնում։

- Վերադառնալով բանակցություններին՝ ձեր եւ Արամ Սարգսյանի միջեւ դրանք ձախողվե՞լ են, հիմա ո՞ւմ հետ եք բանակցում։

- Մենք ակնկալում ենք մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցություն, սպասում ենք նրանց պատասխանին, բոլորն ինձ ճանաչելով, ճանաչելով իմ արածը (ես գովեստելու համար չեմ ասում, սա իրականություն է)՝ ես մտածում եմ, որ` այո, կհամաձայնեն ինձ ընտրել։ Ակնկալում ենք հատկապես «Ապրելու երկրից» պատասխան, նախնական շատ լավ, դրական արձագանքներ ենք ստացել։

Իմ նշած երկու հաստիքները պատրաստ ենք տալ մեզ աջակցած քաղաքական ուժերին, մեզ համար պաշտոնները գերխնդիր չեն։