Ժողովուրդը վախենում է եւ ճիշտ է անում, իր պատմական հիշողությունը դա է հուշում

Ժողովուրդը վախենում է եւ ճիշտ է անում, իր պատմական հիշողությունը դա է հուշում

Ապրիլի 24-ին ընդառաջ իշխանական վերնախավը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հայտարարություններով է հանդես գալիս։ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը խոսեց Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու մասին՝ նշելով, որ քանի դեռ մենք մեր հակառակորդներին որպես թշնամի ենք դիտարկում, նրանք էլ մեզ են նույնկերպ դիտարկում, եւ այդ «փակ շղթայից» պետք է դուրս գալ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին հայտարարեց, որ պետք է Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում շտկումներ մտցնել, որի ուղղությամբ իրենք արդեն աշխատում են։

Պատմագիտության թեկնածու, դոցենտ Միքայել Մարտիրոսյանի հետ զրուցեցինք այդ հայտարարությունների եւ ոչ միայն դրանց շուրջ։

- Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, եւ արդյոք հիմա ճիշտ ժամանա՞կն է՝ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու։

- Ես չգիտեմ, թե ինչքանով կհաջողվի բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր պատմական անցյալը։ Այդ հայտարարություններն ընդամենը իշխող վերնախավի կարծիքն են, եւ ես որպես կարծիք եմ դրանց վերաբերվում։ Իրական կյանքում որեւէ լուրջ քայլ հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում ձեռնարկված չէ։ Ինչ վերաբերում է ճանապարհներ բացելուն, ապա հայ-թուրքական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որից պետք է վախենանք։ Կարծում եմ՝ այդ ճանապարհներն ավելի շատ Ռուսաստանն է ուզում բացել, որպեսզի երկաթգծային կապ ունենա Թուրքիայի հետ։ Այսինքն՝ դա ավելի շատ ծառայելու է մեր դաշնակցին՝ Ռուսաստանին, մենք ի՞նչ ապրանք ունենք, որ արտահանենք եւ մի հատ էլ մտածենք այդ ուղղությամբ։ Բնականաբար, ինչ-որ մուտքեր կունենանք մեր պետբյուջե, քանի որ մեր տարածքով կանցնեն գնացքները։ Հետո, այսպես մեկուսացած ապրելն էլ ճիշտ չէ, նաեւ պարտադիր չէ, որ գնանք Թուրքիայի լծի տակ հայտնվենք կամ նրանց հետ բարեկամանանք։ Ոչ, ուղղակի որպես հարեւաններ՝ կարող ենք գոյատեւել միմյանց հետ։

- Ասացիք, որ այդ հայտարարություններին որպես կարծիք եք վերաբերվում, ոչ ավելին, բայց որքանո՞վ է ճիշտ ապրիլի 24-ի շեմին նման հայտարարություններ անելը, հատկապես որ մեծ ակնկալիքներ կան, որ այս անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

- Դա ոչ մի նշանակություն չունի, Ջո Բայդենը ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թող ճանաչի, նա չի նայելու մեզ, այլ ելնելու է իր շահերից կամ հաշվի է առնելու սփյուռքահայերի գործոնը, քանի որ, ի դեմս նրանց, ունի 1 մլն-ի չափ ընտրազանգված ԱՄՆ-ում։ Եվ եթե նման բան լինի, դա կլինի միայն մեր սփյուռքի աշխատանքի արդյունքը։ Իսկ մեր կառավարությանն ի՞նչ կարող եմ ասել, սրանք անտակտ մարդ են, մեկ էլ տեսար՝ ապրիլի 24-ին վերցրին ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ հաշվի չառնելով, թե այդ օրն ինչ օր է։ Սրանք կարող են նման բան անել, որովհետեւ անհայրենիք մարդիկ են եւ չունեն պատմական հիշողություն, անցյալ։ Բայց հարցը սա էլ չէ, Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը չէ, դա պետք է լինի սփյուռքահայ գաղթօջախների պայքարի արդյունքը։ Դա դարձնել Հայաստանի համար առաջնահերթություն արտաքին քաղաքականության մեջ՝ ճիշտ չէ եւ լեցուն է վտանգներով։ Մենք 2020-ի ամռանն արեցինք Սեւրի 100-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ ոչ բարով այս վարչապետը վեր կացավ, Սեւրի պայմանագիրը վերակենդանացնելու կոչեր արեց եւ դրանով էլ ավելի մեծացրեց թուրքերի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Նա աններելի սխալ գործեց, որովհետեւ Սեւրի պայմանագիրն ուսումնասիրելը պատմաբանների գործն է, դա չպետք է դառնա արտաքին քաղաքական առաջնահերթություն, հատկապես որ մենք՝ ինքներս ենք Սեւրի պայմանագիրը չեղյալ հայտարարել։

- Այդուհանդերձ, վերջին պատերազմից հետո՝ թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում, հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական բարեկամություն, այս հարցում ի՞նչ հեռանկար ունենք։    

- Կախված այն բանից, թե հարցը որ դաշտում ենք քննարկում, եթե քննարկում ենք հայ-թուրքական հարաբերություններ՝ բիզնեսի, ձեռնարկատիրության, առեւտրի, տնտեսական կյանքի ցանկացած բնագավառում, ապա այդ իմաստով ազգային պատկանելությունը ոչինչ չի նշանակում։ Նույն ձեւով հայերն ու թուրքերն առեւտուր են անում Ռուսաստանում, Վրաստանում, որ երկրում ասես։ Այլ բան է, երբ դա քննարկում ես քաղաքական, հանրային ոլորտում։ Պետք է  ժողովուրդներին պատրաստեն այդ հարաբերություններին, ի վերջո՝ մեր հարեւանները նրանք են, եւ չենք կարող Հայաստանը վերցնել՝ Իսպանիայի եւ Ֆրանսիայի արանքում տեղադրել։ Մենք դատապարտված ենք ունենալ այսպիսի հարեւաններ։

- Այսինքն՝ կարծում եք, որ վաղ թե ուշ պետք է գնա՞նք դրան։

- Այո, վաղ թե ուշ լինելու են այդ հարաբերությունները, սակայն դա չի նշանակում, որ ես հենց հիմա ուզում եմ, որ դրանք լինեն, բայց տեսանելի ապագայում կլինեն այդ հարաբերությունները։ Հիմա վերցրեք՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի սահմանները փակեք, դրանից կօգտվի՞ Ֆրանսիան կամ Գերմանիան, իհարկե՝ ոչ, որովհետեւ երկկողմանի կտուժեն առեւտուրը, քաղաքացիները։ Մի պահ պատկերացրեք, որ մեր ու Վրաստանի կամ մեր ու Պարսկաստանի սահմանն է փակվում, մենք ո՞նց ենք գոյատեւելու, դառնալու ենք պաշարված ամրո՞ց։ Դա էլ ավելի կխթանի մեր երկրից արտագաղթը, ու Հայաստանը կդառնա ամառանոց դրսում ապրող մեր երեխաների համար։ Ամենածանր հարվածը մեզ հասցնում է արտագաղթը։

- Հայ-թուրքական հարաբերությունների կողքին ի՞նչ ապագա ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, որը հասարակության ընկալումներում գրեթե նույնանում է։

- Մենք էլ ենք մեղավոր, որ իրենք այդպես մեկ միասնական պետություն դարձան, որովհետեւ մենք երկուսին էլ թուրք անվանեցինք, բայց նրանք տարբեր ազգեր են, կրոնները տարբեր են՝ մեկը սուննի է, մյուսը՝ շիա։ Ու եթե մենք մեր հարաբերություններն ունենայինք Թուրքիայի հետ եւ նորմալ բանակցություններ վարեինք Ադրբեջանի հետ, դրանով թույլ չէինք տա, որ դառնան միասնական եւ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով շարժվեին։ Մենք պետք է մեր հարցերը լուծենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Ես կողմնակից եմ, որ իմ տանը ծագած պրոբլեմը ես լուծեմ, իմ փոխարեն չգա մեկ ուրիշը լուծի, որովհետեւ, երբ գալիս է լուծելու,  որքանով էլ եղբայր, դաշնակից լինի, նա իր շահերից ելնելով է գործելու ու կրակից իր շագանակներն է տանելու։

- Այն զուգադիպությունը, որ հենց պատերազմից հետո պետական մակարդակով սկսեցին խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ինչի՞ մասին է վկայում, կան ավելի մե՞ծ տարածաշրջանային շահեր։

- Կարծում եմ՝ տարածաշրջանային շահեր կան, միայն մեզանով չէ։ Մենք պարտված երկիր ենք, իսկ երբ հաղթող երկիր էինք, կարող էինք հաղթող երկրի դիրքերից ինքնուրույն հարաբերություններ հաստատել ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ, հիմա, երբ քեզ պարտության են մատնել, իրենք են լինելու թելադրողն այս հարաբերությունների վերականգնման հարցում։ Այստեղից են գալիս բոլոր խնդիրները՝ Լաչինի, Մեղրիի միջանցք, Լաչինը դեռ հասկացանք, բայց Մեղրին ո՞նց կարող է միջանցք դառնալ։ Մեզ պետք է արագ ոտքի կանգնել եւ տեր կանգնել այս երկրին, ինչը սրանք չեն կարող անել։

- Խնդիրը նաեւ այստեղ է, որովհետեւ երբ ներկայիս ղեկավարությունը խոսում է հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների մասին, հանրությունն ակամայից նոր զիջումների է սպասում։

- Այո, այդ կասկածը ժողովրդի մեջ կա, եւ մտածում են՝ հիմա էլ հերթը հասավ Մեղրիին, Սյունիքին, Հայաստանից նոր արտոնություններ կորզելուն։ Ժողովուրդը վախենում է եւ ճիշտ է անում, իր պատմական հիշողությունն իրեն դա է հուշում։ Երբ մեզ պարտության են մատնել, նստեցրել են սեղանի շուրջ եւ պայմաններ են թելադրել, լինի դա Ալեքսանդրապոլում, թե Բաթումում։ Օրինակ, ժամանակին այնպիսի պայման են թելադրել, որ մենք մեր ձեռքով մեր հերոսին՝ Անդրանիկին, պետք է ձերբակալեինք եւ տայինք իրենց, հիմա էլ կթելադրեն, որովհետեւ հաղթող պետություն են։

-Հիմա էլ կարող են թելադրել, որ մեր պատմական հիշողությունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվենք, այս մտավախությունն էլ կա։

- Այդ մտավախությունը ես էլ ունեմ, բայց դրան գնացողը պետք է հաշվի առնի, որ ունենք հզոր սփյուռք, ու դա սփյուռքի գործն է եւ ոչ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը։