Այս տարի աշնանացան ցորենի ծավալները Շիրակի մարզում զգալի նվազել են։ Գյուղացին սերմացուի աջակցություն չի ստանալու, իսկ պարարտանյութի սուբսիդավորումը մինչև 3 հեկտար հողօգտագործողների համար է։ Գարնանացանի ծավալներն էլ ուղղակի կապված են սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութերի գներից, իսկ բերքատվության երաշխիքը ոռոգման ջրի կուտակվող պաշարներն են։
Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը նշեց, որ այս տարի համայնքի 33 բնակավայր շուրջ 3500 տոննա ազոտական և մոտ 50 տոննա հանքային պարարտանյութերի հայտ է ներկայացրել, բայց ընդամենը 270 տոննա են ստացել, ինչը չափազանց քիչ է ցանքերը պարարտացնելու համար: «Մինչև 3 հա ցանք ունեցող գյուղացին ստիպված է ազոտական պարարտանյութի 1 պարկը գնել 12.000-13.000 դրամով, նախորդ տարվա 7.500 դրամի փոխարեն: Ընդ որում, սա սուբսիդավորման դեպքում: Իսկ 3 հա-ից ավելի ցանելու դեպքում պետությունը չի սուբսիդավորում պարարտանյութի արժեքը, և 1 հա-ի ծախսը կլինի 22.000 դրամ: Հանքային պարարտանյութերն ավելի թանկ են, առանց սուբսիդավորման, շուկայում դրանց գինը մինչև 35.000 դրամի է հասնում»,-հիշեցրեց Իկիլիկյանը՝ ընդգծելով, որ Ախուրյանում արդեն պետք է գարնանացանի աշխատանքներ իրականացվեին, մինչդեռ գյուղացիները սպասողական վիճակում են, քանի որ սերմացու եւ պարարտանյութ չկա:Իսկ եղած գներով հացահատիկ աճեցնելը այլևս ձեռնտու չէ գյուղացուն, աբսուրդ է նաև այն, որ հանքային պարարտանյութը, որ մշակման չի ենթարկվում, ընդամենը հանքանյութ է, այսօր ազոտականից թանկ է վաճառվում:
«Պետությունը գյուղատնտեսությունը ոչ թե պետք է որպես բիզնես դիտարկի, այլ գիտակցի, որ այս ոլորտը երկրի անվտանգությունն ապահովող ճյուղն է: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է գյուղոլորտին աջակցող լուրջ կառույց լինի, և ոչ թե` դիզվառելանյութ կամ սերմացու բաժանող»,-նշում է համայնքի ղեկավարի տեղակալը:
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն էլ դիտարկում արեց, թե նախորդ տարի, երբ հացահատիկի սերմացուն պետական սուբսիդավորմամբ էին տրամադրում, աշնանացանի ցանքերը ավելանալու փոխարեն պակասեցին: Ըստ պաշտոնյայի՝ սա է պատճառը, որ պետությունն այս տարի որոշել է չսուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին: Գյուղվարչության պետը տեղյակ է, որ շուտով 46 տոննայի չափով գարու սերմացու է Շիրակի մարզ ներկրվելու, բայց թե երբ այն տեղ կհասնի, տեղյակ չէ: Մինչդեռ Վարդան Իկիլիկյանը նկատում է, որ հացահատիկ ցանելու համար արդեն իսկ ուշ է, իսկ չցանելու դեպքում սպասվում է պարենային աղետ:
Իսկ ահա Գյումրիի սելեկցիոն կայանի բուսաբուծության բաժանմունքի պետ Լուսինե Սուվարյանի խոսքով՝ ներկրված հացահատիկի սերմացուների որակը երբեմն չի համապատասխանում մեր բնակլիմայական պայմաններին, դրանք երաշտադիմացկուն չեն:
Գյուղոլորտում բարձիթողի է Ֆերմերներին աջակցելու հարցը: Հիմնականում նրանք են վարձակալում գյուղացիական տնտեսություններից վերցրած անմշակ հողերը: ֆերմեր Հովհաննես Գաբոյանը ամեն տարի գրեթե մոտ 50 տոննա կարտոֆիլ է մշակում: Ֆերմերը նկատում է, որ կարտոֆիլի սերմացուի ներկրումն ամբողջությամբ մնացել է իրենց ուսերին: «Եթե մենք հրաժարվենք այդ ներկրումից, ապա կարտոֆիլի 1 կգ-ը կարժենա 1000 դրամ: Հիմա պարարտանյութը կրկնակի թանկ գնով ենք ձեռք բերելու: Հողերը չեն ցանվում, որովհետև հացահատիկի բերքահավաքի ժամանակ ցորենի ու գարու 1 կգ-ի գինը 110-120 դրամ է, գյուղացին էլ պետք է բանկերին մուծի , իր բերքը էժան է վաճառում, բա վարկերը ոնց փակի:Պետք է պետությունը սուբսիդավորի հացահատիկի ցանքերը, որ մարդիկ ցանեն: Ես հայտարարել էի, որ 120 տոննա հացահատիկի սերմացու եմ ներկրելու Ռուսաստանի Դաշնությունից: Իմացա, որ իմ պատվերը չեղյալ է համարվել, հրաժարվել են ներկրումից, քանի որ հայտնի չէ, թե այս անկայուն վիճակում երբ այդ սերմացուն տեղ կհասնի »,-ասում է նա: