«Հրապարակ». Փաշինյանը հերթով «փչացնում» է իր թիմակիցներին, որ հանկարծ չաճեն եւ պոտենցիալ վարչապետացու չդառնան

«Հրապարակ». Փաշինյանը հերթով «փչացնում» է իր թիմակիցներին, որ հանկարծ չաճեն եւ պոտենցիալ վարչապետացու չդառնան

Երբ կառավարության նիստը Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարում է որեւէ այլ անձ՝ առաջին կամ երկրորդ փոխվարչապետը, կառավարության նիստն անցնում է հանդարտ, միապաղաղ, առանց էքսցեսների եւ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար վտանգավոր հայտարարությունների։ Մենք, իհարկե, վառ անհատականություններին, պաշտոնյաների հռետորական ձիրքն ու կրեատիվ քայլերը բարձր ենք գնահատում եւ կուզենայինք, որ կառավարության նիստում մյուս ելույթ ունեցողներն էլ սուր, տպավորիչ խոսք ասեին, բայց ավելի շատ կուզեինք, որ նրանք պրոֆեսիոնալներ լինեին, իրենց կարծիքն ունեցող, կայացած մարդիկ, որոնք երբեմն կարող են հակադրվել իրենց նշանակողին։

Բայց Նիկոլ Փաշինյանը նման անձանց չի հանդուրժում․ նա իր կողքին պահում է կա՛մ անտեղյակ, անփորձ, տվյալ պաշտոնի համար ոչ պիտանի մարդկանց, կա՛մ հնազանդ կամակատարների, որոնք անգամ եթե գիտեն, որ սխալ բան են իրենց հանձնարարում, չեն համարձակվում հակադրվել վարչապետին։ Ինչո՞ւ Փաշինյանի թիմում ոչ մեկն այդպես էլ չաճեց, բոլորը մնացին «գաճաճ»՝ տեղավորվելով Նիկոլի ստվերում։ 4-5 տարվա ընթացքում այդ թիմում չկա մեկը, որը կարող է լիդերության հայտ ներկայացնել եւ հավակնել Փաշինյանի աթոռին։ Թեեւ նրանց մեջ կային նման ամբիցիաներ ունեցողներ, որոնք ՔՊ-ի՝ իշխանության գալուց հետո իրենց ակտիվությամբ, կատարած աշխատանքով եւ հեղինակությամբ կարող էին դառնալ պետության պոտենցիալ ղեկավարներ։

Նրանց բոլորին ՔՊ առաջնորդը շատ արագ բացահայտեց ու հերթով սկսեց փչացնել ու ոչնչացնել, թույլ չտալ, որ աճեն, հասունանան, դառնան պոտենցիալ վարչապետացուներ։ Խոսքն այստեղ այն մասին չէ, որ այդ պոտենցիալ թեկնածուները մեր սրտի վարչապետացուներն էին, խնդիրը նոր կադրեր աճեցնելու, փոխարինող պատրաստելու մասին է, որը Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ թույլ չի տալիս։ Նույնկերպ տասը տարի վարվեց Սերժ Սարգսյանը՝ այդպես էլ իրեն արժանի փոխարինող չպատրաստելով եւ վերարտադրվելու հայտ ներկայացնելով, որովհետեւ «ժառանգորդ չկա»։ Բոլոր նրանց, որոնց անունները վերջին 5 տարվա ընթացքում հնչում էին՝ Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան, անգամ իր փեսային՝ Միքայել Մինասյանին նա չվստահեց իշխանական աթոռը, իսկ խելացի ու հմուտ կուսակցական գործիչների մի խմբի էլ՝ Արմեն Աշոտյան, Դավիթ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան․․․ կա՛մ դարձրեց իր խոսափողը, կա՛մ հեռացրեց ասպարեզից։ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը 10 տարի ունեին, որպեսզի կոնկրետ անձանց վրա աշխատեին, նրանցից հանրային ընդունելի կերպարներ, իրավահաջորդներ պատրաստեին, մինչդեռ աշխատում էին մի մարդու վրա՝ մյուսներին հետեւողականորեն փչացնելով։ Նույնը վերջին հինգ տարում արեց Նիկոլ Փաշինյանը՝ թույլ չտալով, որ իր կողքին որեւէ մեկը «թրփոշանա», դառնա իրեն մրցակից։

Մինչդեռ 2018-19 թվականներին կային հավակնորդներ․ Սուրեն Պապիկյան, Տիգրան Ավինյան, Ալեն Սիմոնյան, անգամ՝ Արսեն Թորոսյան ու Հայկ Մարության, Մհեր Գրիգորյան ու Համբարձում Մաթեւոսյան․․․ Նրանցից ամեն մեկն ուներ իր շանսը, իրենց զբաղեցրած պաշտոնների, իշխանական բուրգում գրաված տեղի բերումով։ Նրանք կարող էին նաեւ իշխանության ներսում համախոհների որոշակի թիմ ձեւավորել, որոնք իրենց համար լուրջ հենարան կլինեին։ Բայց նրանց Նիկոլ Փաշինյանը հերթով փչացրեց ու շարունակում է փչացնել, որպեսզի ո՛չ թիմի ներսում, ո՛չ հասարակության մեջ իրեն փոխարինողի ստվերն անգամ չերեւա։

Նրանցից յուրաքանչյուրը, անշուշտ, բազում թերություններ ունի, եւ հենց այդ թերություններից է օգտվում Նիկոլ Փաշինյանը՝ իր զոհերին ոչնչացնելիս։ Վերցնենք նրանցից ամենաանհաջողին՝ Արսեն Թորոսյանին։ Երբ նա նշանակվեց առողջապահության նախարար ու սկսեց արագորեն ռեֆորմներ իրականացնել, հասցրեց նաեւ թշնամիներ ու հակառակորդներ վաստակել։ Նա «միայնակ խաղացողի» համարում ունի, քանի որ արմատներով ջավախքցի է՝ Ջավախքի ամենալեռնոտ տարածքից՝ Սամսար գյուղից։ Փաշինյանը նախընտրեց պրոբլեմատիկ Արսեն Թորոսյանին փոխարինել անդեմ ու անշառ Անահիտ Ավանեսյանով, ով, ի տարբերություն Թորոսյանի, հնազանդ է եւ պրոբլեմներ չի ստեղծում։ Կամաց-կամաց կառավարությունում հայտնվեցին բացառապես անդեմ ու աննշան մարդիկ, որոնք իրենց ամենավառ երազում անգամ չէին կարող նախարարի պորտվելը տեսնել․ սոցապնախարար Նարեկ Մկրտչյան, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան, ոստիկանապետ Վահե Ղազարյան, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան եւ այլք։

Նույնքան անդեմ ու կամակատար դեմքերից է կազմված նաեւ ԱԺ ՔՊ խմբակցությունը, որի անդամների մեծ մասի անունը չգիտեն մարդիկ։ Գիտեն միայն «բետեեռներին», որոնց Փաշինյանն ԱԺ է մտցրել իր հակառակորդներին քլնգելու հրահանգով։ Անդրանիկ Քոչարյան, Վահագն Ալեքսանյան, Գագիկ Մելքոնյան, Գուրգեն Արսենյան, Խաչատուր Սուքիասյան, Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Լուսինե Բադալյան, Արփի Դավոյան եւ այլք։ Նրանք պատրաստ են սկզբունքը, թասիբը, արժանապատվությունը մի կողմ թողած՝ դոշ տալ «շեֆի» համար, ընդդիմադիրներին քացի տալ, հայհոյել։

Բոլոր նրանք, ովքեր աննշան ինքնուրույնություն են դրսեւորում, արագ հայտնվում են լուսանցքում, ինչպես Արսեն Թորոսյանը, Հայկ Մարությանը, տեւական ժամանակ՝ Տիգրան Ավինյանը։ Նույնն այսօր տեղի է ունենում Սուրեն Պապիկյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի հետ։ Պապիկյանին ասոցացնում են ոչնչացած բանակի հետ, Արարատ Միրզոյանի տան պատմությունն են տարածում, Ալեն Սիմոնյանի եղբոր գործարանի տենդերներն են շրջանառության մեջ դնում եւ նրա նշանակած կադրերին են ազատում աշխատանքից։ Փաշինյանն ամեն հնարավոր մեթոդով գահընկեց է անում իր թիմակիցներին, հասարակությանը ցույց տալիս, որ ոչ մեկն իր հետ չի կարող մրցել, եւ թիմի ներսում ինքը փոխարինող չունի։

Ի դեպ, թվում է, թե մարդիկ պատմությունից պետք է դասեր քաղեն եւ իրենց նախորդների սխալները չկրկնեն, բայց Նիկոլ Փաշինյանը մեկին մեկ կրկնում է Սերժ Սարգսյանի սխալները, եւ զարմանալի է, որ չի վախենում Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու հեռանկարից։ Ի վերջո, երբ դու՝ ինքդ չես պատրաստում քո իրավահաջորդին, դա անում են քո թշնամիները, եւ արվում է քեզ համար ամենավատ տարբերակով։