Բայրամովը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների մասին

Բայրամովը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների մասին

Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև վերջերս Հայաստանի սահմանը հատած և գերի ընկած ադրբեջանցի զինծառայողների հարցը։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայաստանը քրեական գործ է հարուցել նրանց դեմ, նրանցից մեկն արդեն դատապարտվել է 11 ու կես տարվա ազատազրկման։ Նախ, ուզում եմ նշել, որ հայկական կողմի հետ երկկողմ, ինչպես նաև միջազգային միջնորդների հետ հանդիպումների ժամանակ ուշադրություն ենք հրավիրել այս խնդրի վրա, հարցն օրակարգ ենք մտցրել՝ նշելով, որ այս դեպքն ընկալվում է որպես նախկին պայմանավորվածությունների լիակատար խախտում և կարևոր է այդ ուղղությամբ ազդել Հայաստանի վրա։ Վերջերս երկու երկրների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանն անզգուշաբար հատած զինվորականների վերադարձի կարևորության մասին և հենց այս համաձայնագրի արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրեց ընդհանուր առմամբ 10-ից ավելի հայ զինվորականների և քաղաքացիական անձանց»,- հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դիվանագետը։

Հիշեցնենք, որ երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք փոխադրելու համար։ Մյուս զինծառայողը, որ մեղադրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար, դեռ դատապարտված չէ․ գործի նախաքննությունը չի ավարտվել։