Բեթթին առաջարկում է ընդունել «Հարգանքի խարիզմա» անունով օրենք՝ ի աջակցություն պատանիների 

Բեթթին առաջարկում է ընդունել «Հարգանքի խարիզմա» անունով օրենք՝ ի աջակցություն պատանիների 

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) հանդես է եկել բաց նամակ-ուղերձով:

Դրանում մասնավորապես նշված է. 

«Հարգելի՛ չորրորդ իշխանության ներկայացուցիչներ, սիրելի՛ լրագրողներ: 
Շնորհակալ եմ, որ իմ գործունեության ընթացքում մշտապես քաջալերել ու աջակցել եք ինձ, մշտապես լուսաբանել եք իմ գործունեությունն ու դրական նյութերով ոգեշնչել ավելիին հասնելու համար:

Թե՛ որպես արտիստ, թե՛ որպես հաղորդավար, թե՛ New Generation հեղինակային նախագծի հեղինակ, ով այժմ ավելի շատ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, ուզում եմ կիսվել ձեզ հետ ինձ անհանգստացնող մի շարք հանգամանքներով: 

Ինչպես հիշում եք՝ 2016 թվականին հանրությանը ներկայացրի իմ New Generation նախագիծը, որի նպատակն էր նոր սերնդին ոգեշնչել, համախմբել համերաշխության, սիրո, բարության, աշխատասիրության, ջերմության շուրջ: Նախագծի նպատակն է հանրության ու պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել դեպի պատանիները, ինչպես նաև հունիսի 7-ը հռչակել Պատանիների տոն:

Հաջորդական քայլերից բաղկացած New Generation-ը ստեղծվել է իմ փորձի արդյունքում, և նպատակն է աջակցել իմ պես ստեղծարար պատանիներին. իմ մաշկի վրա զգալով ոլորտի բացթողումները՝ ես մշտապես բարձրաձայնել եմ դրանք՝ մշակելով հատուկ ռազմավարություն: 
Քանի որ նկատել եմ, որ վերջերս շատ են գողանում պատանիների մտքերը, ինչը զգացել եմ նաև իմ սեփական մաշկի վրա, որոշեցի հանդես գալ հետևյալ ուղերձով:

Առաջարկում եմ օրենքի շրջանակում ուշադրություն դարձնել մի շարք կետերին՝ բարելավելով նաև անչափահասներին առնչվող օրենսդրական դաշտն ու օրենք ներկայացնելով պրոֆեսիոնալ ստեղծագործական աշխատանքով զբաղվող անչափահասների մասին: 
Նախ՝ յուրաքանչյուր երեխայի մտքերը, գաղափարները պետք է օրենքով ամրագրվեն որպես տվյալ երեխայի հեղինակային աշխատանք, արտադրանք, քանի որ տվյալ երեխան ջիղ, եռանդ, ժամանակ է ներդրել այս կամ այն նախագծի իրականացման համար: Այն, որ երեխան անչափահաս է, չպետք է խոչընդոտ հանդիսանա և նախագծի գաղափարը չպետք է խլեն տվյալ երեխայից: 
Երեխային պետք է հատկացնեն հեղինակային իրավունքին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև, եթե նախագիծը հեռուստատեսային/ռադիո բնույթ ունի, ապա նաև պարտավոր են հանձնել տեսասկավառակներն ու ձայներիզները: 

Այս օրենսդրական կարգավորումն առաջարկում եմ կոչել «Հարգանքի խարիզմա»:
Ամեն ինչ անելու եմ, որ այն մի օր իրականություն դառնա, և Հայաստանի ստեղծարարությամբ զբաղվող պատանիները հնարավորություն ունենան պաշտպանելու իրենց իրավունքները: 
Հարգելի՛ չորրորդ իշխանության ներկայացուցիչներ, սիրելի՛ լրագրողներ, խնդրում եմ ձեզ բոլորիդ հետամուտ լինել այս հարցին: Ես նույնպես հետամուտ եմ լինելու, և արդեն իսկ սկսել եմ հաջորդական քայլերից բաղկացած իմ նախագծի շրջանակում օրենսդրական այս կարգավորումն իրատեսական դարձնելուն ձեռնամուխ լինել: 
Սիրով՝ Ձեր Բեթթի»: