Հազար ու մի պատճառ

Հազար ու մի պատճառ

Կարելի է հազար ու մի պատճառ ներկայացնել, թե ինչու պետք է հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը։ Այս երկուսուկես տարին ձախողումների, հիասթափությունների, կորուստների տարիներ էին, ցավոք։ Այսօր թերեւս չարժե վերապատմել, թե ինչպես 2 տարում կազմաքանդվեցին պետական ապարատն ու պետական մտածողությունը։ Ինչպես երկիրը ներքաշվեց շինծու քրեական գործերի, վրեժի ու անհանդուրժողականության մեջ։ Ինչպես ընդունվեցին հակազգային, հակապետական օրինագծեր, ինչպես սկսեցին մսխել պետական բյուջեն։ Ինչպես հասարակությունը պառակտեցին ու թշնամացրին, հայհոյանքն ու չարությունը դարձրին հարաբերությունների նորմ։

Ինչպես ողջ պետական ռեսուրսն ուղղեցին մի քանի մարդու դեմ, ինչքան անիմաստ միջոցներ ու էներգիա ծախսեցին Սահմանադրական դատարանի դեմ պայքարում։ Ինչպես վարկաբեկեցին ու հետապնդեցին արցախյան պատերազմի վետերաններին ու հերոսներին։ Ինչքան ուժ ու ժամանակ ծախսեցին նախկին նախագահներին, նրանց մերձավորներին պատժելու գործընթացի վրա։ Ինչպես հիմնահատակ ավերեցին մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները եւ ոչնչացրեցին երկրի անվտանգության համակարգը՝ պատահական մարդկանց նշանակելով։ Ինչ ամոթալի պայքար էին մղում ընդդիմության, լրատվամիջոցների, իրենց ընդդիմախոսների դեմ։ Եվ վերջապես՝ ինչպես «հանձնեցին» Արցախը։ Ո՞ր մեկն ասես։ Անիմաստ, ուշացած արձանագրումներ, թեեւ 2 տարուց ավելի ասել ենք, գրել ենք։

Բայց մի նկատառում այսօր ավելի քան կարեւոր է․ եթե այս համաձայնությունն օրեր, շաբաթներ առաջ կնքվեր, մենք շատ ավելի շահեկան փաստաթուղթ կունենայինք։ Նույնը կատարվելու է հրաժարականի առումով՝ օր առաջ տրված հրաժարականի դեպքում մենք բոլորս եւ ինքը՝ Փաշինյանը ավելի շահեկան վիճակում է լինելու, քան մինչեւ վերջին շունչը ձգելու դեպքում։