Առանցքային պաշտոններ, որոնք մնացել են ժամանակավոր պաշտոնակատարների հույսին

Առանցքային պաշտոններ, որոնք մնացել են ժամանակավոր պաշտոնակատարների հույսին

Երբ Արթուր Վանեցյանի եւ Վալերի Օսիպյանի հրաժարականներից հետո Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցներում ոչ թե հիմնական, այլ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեց, ենթադրվում էր, որ իշխանությունը մտադիր է սեղմ ժամկետում ընդունել Մարուքյանենց առաջարկած օրենքը, որով կկարողանա իր ուզած մարդկանց նշանակել այս պաշտոններում՝ պարտադրված չի լինի ընտրություն կատարել համակարգի փորձառու մասնագետներից, այլ յուրային հեղափոխականների կդարձնի համակարգի ղեկավար, ինչն այդ օրենսդրական փոփոխության գլխավոր իմաստն էր։

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով՝ ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են պատգամավորի համար պահանջվող նվազագույն չափորոշիչներին՝ 25 տարին լրացած չորս տարվա մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիներ։ Եվ դա հարկավոր էր արագ անել, քանի որ նորմալ չէ, երբ որեւէ հիմնարկ, հատկապես՝ ուժային, երկար ժամանակ ղեկավարվում է ժամանակավոր պաշտոնակատարների միջոցով։ Չնայած օրենքը թույլ է տալիս, որ կոնկրետ ուժային կառույցներում որեւէ պաշտոնյա, այդ թվում՝ կառույցի ղեկավարը, 6 ամիս ունենա ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ, իսկ դրանից հետո պարտադիր է հիմնական նշանակումը, բայց ուժայինների փորձառու աշխատողները վստահեցնում են, որ երկար ժամանակ ԺՊ-ի պաշտոնավարումը չի նպաստում համակարգի կայունությանը։

Մի կողմից՝ դա հնարավորություն է տալիս ժամանակավոր պաշտոնակատարներին «ավելորդ» ակտիվությամբ ինքնադրսեւորվել՝ ցույց տալ իրենց «հավատարմությունը» «շեֆին», որպեսզի արժանանան նշանակվելու ճակատագրին։ Մանավանդ՝ նախկինների նկատմամբ ատելությամբ լեցուն հեղափոխական վարչապետի ակնկալիքներն են փորձում արդարացնել, մյուս կողմից՝ ԺՊ-ի կարգավիճակը հոգեբանորեն կարող է հակառակ էֆեկտն առաջացնել եւ պաշտոնյային դնել անգործունակ վիճակում, քանի դեռ հիմնական հրամանը չկա։

Իսկ ոմանք էլ, ինչպես ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը, կարող են կարծել, թե ընձեռված հնարավորությունը պետք է լիուլի օգտագործել եւ ծանոթ-բարեկամ-կուրսեցիներին լավություն անել՝ նրանց բարձր պաշտոնների նշանակել, քանի դեռ իրեն չեն հեռացրել այդ պաշտոնից։ Մի բան պարզ է, որ ոչ մի առումով այս իրավիճակից համակարգը շահած դուրս չի գալիս։ Բայցեւայնպես, ուշագրավն այն է, որ իշխանությունը մոտ մեկ ամիս առաջ երկրորդ ընթերցմամբ ոչ միայն հրաժարվեց ընդունել այդ օրենքը, այլեւ դրանից հետո էլ այս կառույցներում հիմնական նշանակումներ չի անում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ օրենքը, այնուամենայնիվ, վերադարձվելու է։ Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս է՝ ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում ԺՊ-ներ են նշանակված։

Եթե միայն այս 2 ԺՊ-ն լինեին, կմտածեինք, որ բարդ իրավիճակում է հայտնվել Փաշինյանը, ով, մի կողմից, անվստահություն ունի նախկինների կադրերի նկատմամբ եւ ուզում է յուրայիններ նշանակել իրավապահ ոլորտներում, մյուս կողմից՝ նորմալ կադրեր չի գտնում։ Բայց խնդիրը կարծես համատարած է, եւ ԺՊ-ների ինստիտուտը սպառնում է համակարգային բնույթ կրել։ Որոշ տեղերում օրենսդրությունն են փոխում-հարմարեցնում, որ կարողանան իրենց ուզած մարդկանց նշանակել, ինչի մասին մեր նախորդ նյութում էինք անդրադարձել։ Բայց որոշ դեպքերում էլ որոշումներ կայացնել չկարողանալու, կիսատ-պռատ կառավարման հանգամանքն է պատճառը։
Մի ամբողջ տարի պետական լծակները գործադրեցին ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ, եւ այս տարվա մայիսին վերջապես հասան նրան, որ Սիմոնյանը հրաժարական տվեց, բայց մինչ օրս Մայր բուհը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։ Ոչ մի կերպ ԵՊՀ ռեկտորի ընտրություններ չեն նշանակում, թեեւ օրենքով սահմանված ժամկետը լրացել է։

Տնտեսագիտական համալսարանի դեպքում շուտով կլրանա օրենքով սահմանված մեկ տարին, ինչ ռեկտորի ԺՊ-ներն են ղեկավարում բուհը։ 2018-ի դեկտեմբերի 21-ին ռեկտորի պաշտոնից Կորյուն Աթոյանի հրաժարականից հետո նախ Ռուբեն Հայրապետյանը նշանակվեց ռեկտորի ԺՊ, ապա՝ Դիանա Գալոյանը։ Ի դեպ, բուհի դեպքում օրենքը ժամանակավոր կարգավիճակով պաշտոնավարմանն առավելագույնը մեկ տարի ժամկետ է տալիս, այնպես որ՝ տնտեսագիտականում գոնե հարկադրված են մինչեւ դեկտեմբերի վերջը ռեկտորի ընտրություն անել եւ որեւէ մեկին նշանակել։

Մեկ ամիս է անցել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից Սարհատ Պետրոսյանի հրաժարականից, եւ օրենքի ուժով կառույցի ժամանակավոր ղեկավարումն անցել է կոմիտեի նախագահի տեղակալին, ով համակարգի մարդ չէ՝ եկել է Սարհատ Պետրոսյանի հրավերով, նախկին փաստաբան է։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավից ու «հաղթանակից» հետո իշխանությունը չի շտապում նրան փոխարինող նշանակել։ Հանրային խորհրդի մասին օրենքի 7-րդ հոդվածով՝ «Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամը՝ Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ։ Եթե նման որոշում չկա, նախագահին փոխարինում է ՀԽ տարիքով ամենամեծ անդամը»։ ՀԽ 45 անդամից 15-ին նշանակում է վարչապետը, իսկ այդ 15-ից 2-ը՝ Վազգեն Մանուկյանը,  եւ Բաբկեն Պիպոյանը, հրաժարական են տվել։ Եվ, փաստորեն, 2 թափուր տեղ կա, որը նախ պետք է համալրվի, իսկ մեկամսյա ժամկետում նաեւ ընդհանուր կազմից նախագահ նշանակվի։

Թափուր է նաեւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, որն ազատվեց, երբ Վիկտոր Մնացականյանն ազատման դիմում գրեց հոկտեմբերի 24-ին։ Ճիշտ է, նրա դիմումը մոտ 10 օր ուշացումով ստորագրվեց, սակայն փաստ է, որ այստեղ էլ մոտ մեկ ամիս է՝ ղեկավարում է թաղապետի ԺՊ-ն, եւ նշանակում չկա։