Ե՞րբ հրադադար կհաստատվի Գազայում․ Բայդենը ժամկետ է նշել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուսով է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը ձեռք կբերվի մինչև հաջորդ երկուշաբթի՝ մարտի 4-ը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Հուսով եմ, որ դա կլինի մինչև հանգստյան օրերը... Իմ ազգային անվտանգության օգնականը [Ջեյք Սալիվանը] ինձ ասում է, որ մենք մոտ ենք [հրադադարի համաձայնությանը], բայց մենք դեռ չենք ավարտել: Ես հուսով եմ, որ հաջորդ երկուշաբթի մենք հրադադարի պայմանագիր կկնքենք»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Փարիզում խորհրդակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել այն բանից հետո, երբ Իսրայելը ստացել է առաջարկ, համաձայն որի՝ ՀԱՄԱՍ-ը կազատի մոտ 40 իսրայելցի պատանդի՝ վեցշաբաթյա հրադադարի և հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Առաջընթացը, ինչպես նշում են Axios-ի աղբյուրները, կարող է հանգեցնել առաջիկա մի քանի օրվա ընթացքում համաձայնագրի շուրջ ավելի լուրջ բանակցությունների: Ինչպես նշում է պորտալը, Վաշինգտոնի վարչակազմը փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամիսը, որը 2024 թվականին սկսվում է մարտի 11-ին։
Կարծիքներ